Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի հոգևոր զարթոնքը ոմանց սրտով չէ
Այսօր «Հայորդյաց տուն» հայեցի դաստիարակության կենտրոնի տնօրեն Հմայակ Գևորգյանը տարածել է հերքում, որում անդրադարձել է հայաստանյան գրեթե բոլոր ինտերնետային կայքերում ու մամուլում տպագրված «Ռուսաստանյան թեմի առաջնորդ Եզրաս սրբազանն «ուտում է վանքի հավերը»» նյութին:
Հրապարակման մեջ, որի հեղինակը մոսկվաբնակ Արսեն Մարգարյանն է, ասվում էր, որ Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի հովանու ներքո գործող «Հայասա» պարի խմբի անդամներն իրենց կատարած աշխատանքի դիմաց այս ընթացքում գեթ մեկ անգամ չեն վարձատրվել:
Ըստ Հմայակ Գևորգյանի հերքման` պարզվել է, որ նամակում գրված հեռախոսահամարը գոյություն չունի, ինչպես և գոյություն չունի Արսեն Մարգարյան անունով մարդ:
«Եկեղեցու հովանու ներքո գործող կենտրոնում ուսուցումն անվճար է, ինչպես և անվճար են երեխաներին տրամադրվող գրքերն ու գրենական պիտույքները: Կենտրոնում գործող տասնյակից ավելի խմբակներից մեկն էլ «Հայասա» պարային համույթն է, որտեղ անվճար մեր ազգային պարն ուսանում են հենց կենտրոնի սաները: Նրանց բազմաթիվ բեմական հագուստները և շրջագայությունների ծախսերը հոգում են հայ մանուկների ապագայով մտահոգ բարերարները»,- հայտնում է Հմայակ Գևորգյանը` հավելելով, որ «ոմանց համար ընկալելի չէ անշահախնդիր աշխատելու ու նվիրվելու ձգտումը, և փորձեր են անում խարդախություն գտնել այնտեղ, որտեղ միայն պարզ, մարդկային սիրո վրա կառուցված սան-ուսուցիչ հարաբերություններ են»:
Ըստ Հմայակ Գևորգյանի` Մոսկվայի «Հայորդյաց տունը» ունի շատ բարվոք պայմաններ և 550 սան: «Այս ամենն, իհրակե, Տ.Եզրաս Եպիսկոպոս Ներսիսյանի անձանձիր աշխատանքի արդյունքն է, ում` որպես ազնիվ ու արդարամիտ հոգևորականի, թև ու թիկունք են հոգևոր դասն ու Ռուսաստանի մեծազնիվ բարերարները»,- նշում է «Հայորդյաց տուն» հայեցի դաստիարակության կենտրոնի տնօրենը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել