HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Բակո Սահակյանը այցելել է հարկային պետական ծառայություն

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 23-ին այցելել է ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայություն: 
Նախագահը ծանոթացել է գերատեսչության շենքային եւ աշխատանքային պայմաններին: Բակո Սահակյանը կարեւորել է ժամանակակից չափանիշներին համապատասխան աշխատանքային պայմանների առկայությունը` ընդգծելով, որ այն իր դրական ազդեցությունն է թողնում համակարգի գործունեության վրա:

Այնուհետեւ երկրի ղեկավարը մասնակցել է հարկային պետական ծառայության հաշվետու խորհրդակցությանը: 

Կառույցի աշխատանքների մասին զեկույցներով հանդես են եկել ծառայության պետ Արտակ Բալայանը եւ գերատեսչության տարբեր ստորաբաժանումների պատասխանատուները:

Նախագահ Սահակյանն իր խոսքում բավարար է գնահատել հարկային պետական ծառայության աշխատանքը` հավելելով, որ հաշվետու ժամանակաշրջանում կառույցի գործունեության գրեթե բոլոր ոլորտներում արձանագրվել են բարձր ցուցանիշներ:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ դրական տեղաշարժերի հետ մեկտեղ ոլորտում կան նաեւ շատ անելիքներ: Որպես ռազմավարական ամենակարեւոր խնդիր` Բակո Սահակյանը նշել է տնտեսության մեջ սեփական ներուժի բնականոն զարգացման խթանումը:

Նախագահի խոսքով` պետք է անել ամեն ինչ, որպեսզի հարկահավաքման գործընթացը խոչընդոտ չհանդիսանա ձեռնարկատիրական գործունեության, հատկապես` փոքր եւ միջին բիզնեսի զարգացման համար, ինչը չափազանց կարեւոր է հանրապետությունում միջին խավի ձեւավորման համար: 

Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել գերատեսչության ղեկավարությանը աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ` նշելով, որ հանրապետության իշխանությունները կշարունակեն մշտական աջակցություն ցուցաբերել համակարգին` ուշադրության կենտրոնում պահելով նրա հիմնախնդիրներն ու դրանց լուծման գործընթացը:

Միջոցառմանը մասնակցում էին ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թեւոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter