Ֆիզիկայի ոլորտում գրեթե բացակայում է կոռուպցիան
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Շատ է խոսվում այն մասին, որ կոռուպցիան ամենամեծ չարիքներից մեկն է մեզանում։ Որքա՞ն է դա տարածված գիտական աշխարհում։ Արդյո՞ք Դուք անձնապես, կամ Ձեզ ծանոթ այլ երիտասարդ գիտնականներ, ևս տուժել եք դրանից։ Շահագործո՞ւմ են, արդյոք, երիտասարդ գիտնականների աշխատանքը լաբորատորիաների վարիչները և տիտղոսակիր կամ պաշտոնատար այլ անձինք՝ գրվելով համահեղինակ Ձեր աշխատանքներում, իրենց վերագրելով Ձեր կատարած աշխատանքը, կամ օգտվելով Ձեր աշխատանքի այլ պտուղներից։
Հարցերս ուղղեցի երիտասարդ գիտնականներին՝ մոտ 100 հոգու, հիմնականում նրանց, ովքեր արդեն լուրջ հաջողություններ են գրանցել, արժանացել զանազան մրցանակների ու պարգևների։ Հարցվածների թվի մեջ ֆիզիկոսները կազմում են մոտավորորապես քառասուն տոկոսը, և դա պատահական չէ. նախ՝ համաձայն միջազգային ցուցանիշների՝ ֆիզիկան է, առաջին հերթին, մեր գիտության դեմքը՝ այն մշտապես տալիս է միջազգային հեղինակավոր ամսագրերում մեր գիտնականների հրապարակումների կեսից ավելին, ապա, ինչպես ցույց տվեցին տարատեսակ մրցանակաբաշխությունները, որոնք իրականացվեցին վերջին երկու տարվա ընթացքում՝ երիտասարդ գիտնականների շրջանում ճիշտ նույն պատկերն է՝ ֆիզիկոսները միշտ կազմում են բոլոր մրցանակակիրների թվի կեսից ավելին։
Ստացված կարծիքներն ինչ-որ առումով սպասելի են՝ համենայն դեպս, գիտության ոլորտին ծանոթ մարդկանց տեսակետից։ Առաջին հերթին, աչքի է զարնվում այն հանգամանքը, որ բնական և հասարակական գիտությունների ներկայացուցիչների կարծիքներն էապես, որակապե՛ս տարբերվում են։ Ընդ որում, երկու դեպքում էլ կա մի առանձին ենթաբնագավառ, որտեղ բոլորը համակարծիք են. բնագիտական գիտությունների մեջ՝ ֆիզիկան, իսկ հասարարակագիտականների մեջ՝ տնտեսագիտությունը։ Եթե վերջինիս դեպքում ոլորտի զարգացմանը խոչընդոտող ամենակարևոր գործոնների թվում բոլորն անպայման նշում են կոռուպցիան, ապա ֆիզիկայի պարագայում, ինչպես արդեն ասվեց, կարծիքները միարժեք են ու անվիճելի՝ ֆիզիկայի ոլորտում կոռուպցիան գրեթե բացակայում է, համենայն դեպս՝ շատ քիչ է արտահայտված և էական ազդեցություն ոլորտի զարգացման վրա չունի։
Ընդհանրական է երիտասարդ ֆիզիկոսների մեջ համեմատաբար տարիքովներից՝ Երևանի ֆիզիկայի ինստիտուտի աշխատակից Արտյոմ Հովհաննիսյանի կարծիքը. «Իմ կյանքի փորձից ելնելով՝ կարող եմ ասել, որ կոռուպցիան գիտության մեջ ամենափոքրն է կամ ամենափոքրերից է Հայաստանում՝ մնացած բոլոր համակարգերի հետ համեմատած»: Իսկ ավելի երիտասարդ Բագրատ Մաիլյանը՝ նույն ինստիտուտից, մի քիչ ավելի կտրուկ էր. Միգուցե կա այդպիսի բան, չգիտեմ, չեմ կարծում։ Բայց հաստատ գիտեմ, որ գիտական համակարգն ամեն դեպքում շատ ավելի քիչ է կոռումպացված քան դատականը կամ մյուս բոլոր համակարգերը...»
Ահա երիտասարդ ֆիզիկոսների որոշ մեկնաբանություններ.
Կարապետ Մկրտչյան, Ա.Ի. Ալիխանյանի անվան Ազգային գիտական լաբորատորիա. - Ինքս երբևէ չեմ հանդիպել կոռուպցիայի դրսևորումների գիտության մեջ: Չեմ պնդի իհարկե, թե գիտության ոլորտը բացարձակապես զերծ է կոռուպցիայից: Այնուամենայնիվ, գիտությունը մեծ կոռուպցիոն ռիսկերի ոլորտ չէ: Մասնավորապես, գիտական և գիտատեխնիկակակն անկախ փորձաքննության մասին օրենքի ընդունումից հետո այդ ռիսկերն էլ ավելի կնվազեն:
Անահիտ Գոգյան, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ. - Մինչ այժմ նման երևույթների չեմ հանդիպել, ինչից կարող եմ ենթադրել, որ գիտության մեջ կոռուպցիան նվազագույնն է Հայաստանում (եթե նույնիսկ կա): Ինչևէ, նման բաներ միշտ եղել են ամենուր, խնդիրը դրանց քանակի և մակարդակի մեջ է:
Արմեն Սարգսյան, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ. -Ասեմ , որ գիտությունն իրոք ամենաքիչ կոռումպացված ճյուղերից է: Մեր ինստիտուտում շատ լավ մթնոլորտ է տիրում, հարաբերությունները գիտական ղեկավարների և ասպիրանտի միջև շատ կոռեկտ են՝ տրամադրող միայն գիտությամբ զբաղվելու: Ես չեմ առնչվել այդպիսի դեպքերի հետ, երբ գիտական ղեկավարը կամ լաբորատորիայի վարիչը, պաշտոնատար այլ անձինք իրենց վերագրեն երիտասարդ գիտնականի ստացած արդյունքները: Հոդվածների հեղինակների թվում գրվում են միայն համապատասխան ներդրում ունեցող մարդիկ։
Վազգեն Սարգսյան, ԵՊՀ հեոանկարային հետազոտությունների միջազգին կենտրոն. - Ես չեմ հանդիպել: Ասեմ ավելին, ես ոչ մի համատեղ աշխատանք չունեմ իմ վերադասների հետ: Ինչ վերաբերում է կոռուպցիային ընդհանրապես, ապա՝ եթե երկրում կա կոռուպցիա բոլոր օղակներում, և որի մասին խոսվում է նույնիսկ ամենաբարձր մակարդակով, ապա մի՞թե կարող է կոռուպցիան իսպառ չլինել մի առանձին ճյուղում: Հարցը կարող է լինել միայն մասշտաբների մեջ: Չտիրապետելով որևէ վիճակագրական տվյալների, ճիշտ չի լինի գնահատականներ տալ: Ուղղակի, եթե վերցնենք գիտությունը որպես համակարգ, ապա քանի որ ֆինանսական հոսքերն այստեղ մեծ չեն և համեմատաբար թափանցիկ են, կարելի է ենթադրել, որ գիտական համակարգն, ըստ ամենայնի, ամենաքիչ կոռումպացված համակարգն է:
Սաթենիկ Ղազարյան, ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարան. - Նման խնդրի երբեք չեմ բախվել: Բարեբախտաբար, աշխատում եմ այնպիսի գիտնականների հետ, ովքեր միայն ինձ օգնում են, ոչ թե շահագործում: Միգուցե այդ երևույթը տեղի ունի նաև գիտության մեջ, բայց ես ականատես չեմ եղել, հետևաբար, որևէ ընդհանրական կարծիք հայտնել չեմ կարող։
Վահրամ Ղազարյան, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ. - Բարեբախտաբար, չեմ առնչվել այդպիսի երևույթների հետ, միայն լսել եմ ուրիշներից, որ այդպիսի երևույթներ տեղի ունեն մեր իրականության մեջ:
Մանուկ Բարսեղյան, ԵՊՀ Պինդ մարմնի ֆիզիկայի գիտահետազոտական լաբորատորիա. - Մեր լաբարատորիայում երբևէ նման դեպքեր չեն եղել, առավել ևս՝ մեր գիտական խմբում, որտեղ իսկապես տիրում է, շնորհիվ մեր գիտական ղեկավարի, իդեալական մթնոլորտ:
Արսեն Ադամյան, ԵՊՀ «Կիսահաղորդչային սարքերի ֆիզիկայի և նանոտեխնոլոգիաների կենտրոնի» նախկին աշխատակից - Իմ` գիտական ոլորտում աշխատելու տասներկու տարիների ընթացքում նման բնույթի խնդիրների չեմ հանդիպել: Դա գիտական հանրության թիվ մեկ խնդիրներից չէ: Ընդհանրապես, խորապես սխալ եմ համարում հասարակության մեջ վերջին տարիներին մոդայիկ դարձած միտումը՝ աչքերը փակել իշխանական բուրգում, դատական և այլ օղակներում առկա խայտառակ կոռումպացված վիճակի վրա, և միշտ անդրադառանալ «ամենաթույլ օղակին»` դպրոցներին, բուհերին, գիտությանը:
Արտյոմ Հովհաննիսյան, Ա.Ի. Ալիխանյանի անվան Ազգային գիտական լաբորատորիա. - Կոռուպցիան գիտության մեջ ամենափոքրն է կամ ամենափոքրերից է Հայաստանում՝ մնացած բոլոր համակարգերի հետ համեմատած։ Իհարկե, կան դեպքեր, երբ բուհերում կամ ուրիշ գիտական հաստատություններում ծանոթ-ազգականի գործոնը առաջին տեղում է հայտնվում աշխատանքի ընդունվելու համար, բայց դա արդեն գիտության մեղքը չէ, այլ մեր ազգի հիվանդությունն է՝ հուսով եմ՝ շուտ բուժվող, որը գալիս է հասարակության դերի և իմաստի սխալ ընկալումից, երբ ընտանիքի և հարազատության մեջ առկա արժեքներն ուղղակիորեն տարածվում և կիրառվում են հասարակության գործունեության բոլոր մյուս ոլորտների վրա: Այստեղ շատ գործ ունեն անելու մանկապարտեզները և դպրոցները, մանկավաժների ու հոգեբանների հետ միասին:
Կարող եմ այսպես շարունակել ու շարունակել՝ մի քանի տասնյակ մեկնաբանություն է կուտակվել։ Ու, միևնույն է, դրանք բոլորն այս կամ այն չափով նույն բանն են ասում՝ ֆիզիկայի ոլորտն իրոք շատ քիչ է ախտահարված կոռուպցիայով, ինչն իրո՛ք զարմանալի է, քանի որ խոսքը Հայաստանի՛ մասին է, որն ամբողջովին, վերից վար, թաթախված է այդ ախտի մեջ, և ճշգրիտ հենց նույն պատճառով՝ շատ ուրախալի բան է՝ կարելի է հպարտանալ, քանի որ խոսքը մեր երկրի՝ Հայաստանի՛ մասին է։
Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետի շրջանավարտ, ԵՊՀ-ին առընթեր ակադեմիկոս Արտաշես Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի կրտսեր գիտաշխատող Աղասի Միքայելյանի խոսքը դիպուկ է, իրավունք ունի.
- Ես ֆիզիկոս եմ, իսկ ֆիզիկոսները շատ հպարտ են, որպեսզի վաճառեն իրենց անունը: Ավելի ավագ սերնդի ֆիզիկոսներն են հաճախ երիտասարդներին համահեղինակ դարձնում, օգնելով նրանց մտնել կյանք: Ֆիզիկայի ֆակուլտետը համալսարանի այն եզակի ֆակուլտետն է, որտեղ ես մինչև հիմա կոռուպցիոն թեմայով ոչ մի նախադասություն չեմ լսել: Ֆիզիկայի ֆակուլտետը գիտության մատուռ է, ես Ձեզ սա վստահեցնում եմ:
Մանե Հակոբյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել