Վրաստան. անհաջողություններ երեխաների պաշտպանության ոլորտում
Իրավապաշտպան ակտիվիստները պնդում են, որ երեխաների նկատմամբ բռնության դեպքերը տարածված են Վրաստանում եւ մեղադրում են կառավարությանը խնդրի մասշտաբներն ուսումնասիրելու ուղղությամբ բավականաչափ ջանք չգործադրելու եւ համապատասխան քայլեր չձեռնարկելու մեջ:
Անցյալ տարի Բռնության դեմ գործող վրաստանյան ցանցի (Anti-Violence Network of Georgia) կողմից իրականացված ուսումնասիրությունը ցույց տվեց, որ հայրերի 52 տոկոսը, մայրերի 46 տոկոսը եւ ուսուցիչների 35 տոկոսը պատրաստ է բռնություն գործադրել երեխաների նկատմամբ: Հետազոտությունը, որին մասնակցել է 1250 մարդ, պարզել է, որ բռնության ենթարկված երեխաների 4 տոկոսը նաեւ դարձել է սեռական բռնության զոհ:
Վրաստանի Մարդու իրավունքների կենտրոնի իրավաբան Նեստան Լոնդարիձեն պատմում է, որ մի 9-ամյա աղջիկ շարունակաբար ֆիզիկական եւ հոգեբանական բռնության է ենթարկվել իր խորթ մոր կողմից:
«Հարեւանները ստիպված են եղել մի քանի անգամ ոստիկանություն կանչել, իսկ հետո դիմել են մեզ: Տարբեր վկաներ մեզ պատմել են, որ խորթ մայրը պարբերաբար ծեծում էր աղջկան եւ պատժում ամենադաժան մեթոդներով, օրինակ, ստիպելով նրան սառը ցնցուղ ընդունել կամ քնել դրսում: Նա սպառնում եւ բռնություն էր գործադրում աղջկա նկատմամբ», - ասում է Լոնդարիձեն:
Ընտանեկան բռնության դեմ պայքարող «Sapari» կազմակերպության հոգեբան Նաթո Զազաշվիլին նշում է, որ երեխաների նկատմամբ բռնությունը սովորական երեւույթ է Վրաստանում:
«[Խնդրի] hիմնական պատճառը ընտանեկան բռնությունն է: Որպես կանոն, հայրը բռնություն է գործադրում մոր, իսկ նա, իր հերթին, երեխաների նկատմամբ: Կան դեպքեր, երբ հայրն է բռնություն գործադրում երեխաների նկատմամբ, սակայն սա հազվադեպ է լինում, որովհետեւ տղամարդիկ, սովորաբար, խուսափում են զբաղվել երեխաների խնդիրներով: Մոր ագրեսիան երեխաների նկատմամբ բացատրվում է այն հանգամանքով, որ նա, իր հերթին, ամուսնու գործադրած բռնության զոհն է դառնում եւ ի վիճակի չէ պաշտպանվել», - ասում է նա:
Փորձագետների խոսքերով` բռնության նման դեպքերի քանակը անհանգստացնող մակարդակի է հասնում, եւ շատ հաճախ ոստիկանությունն ու դատարանն անտեղյակ են մնում այս ամենից:
«Մեր վիճակագրությունը թերի է: Սովորաբար, երեխաների նկատմամբ բռնության դեպքերը չեն հասնում ոստիկանությանը կամ անգամ հոգեբաններին, քանի որ մարդիկ խուսափում են հրապարակայնությունից», - նշում է Զազաշվիլին:
Դժգոհություններ են հնչում նաեւ կառավարության Սոցիալական ծառայությունների գործակալության գործունեության վերաբերյալ, որի գործառնությունների շրջանակում է երեխաների նկատմամբ բռնության դեպքերի ուսումնասիրությունը եւ արձանագրությունը: Կան կարծիքներ, որ բռնության դեպքերի վերաբերյալ գործակալության արձանագրած տվյալները չեն համապատասխանում անկախ հետազոտությունների արդյունքներին, որոնք զգալիորեն գերազանցում են գործակալության գրանցած ցուցանիշը:
Գործակալության տվյալների համաձայն` անցյալ տարի երեխաների նկատմամբ բռնության շուրջ 100 դեպք է արձանագրվել, որոնցից 38-ը սեռական բնույթ են կրել:
Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Գեորգի Տուգուշիի վերջին զեկույցի համաձայն` Սոցիալական ծառայությունների գործակալության շրջանային գրասենյակները հաճախ չեն արձանագրում կամ պատշաճ կերպով չեն ուսումնասիրում երեխաների նկատմամբ բռնության դեպքերը: Բացի այդ, գործակալությունը ոչ միշտ է տեղեկացնում ոստիկանությանն արդեն իսկ բացահայտված բռնության դեպքերի մասին:
Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանը կոչ է արել Գործակալությանը երեխաների պաշտպանության ոլորտը դարձնել առաջնային խնդիր:
Սոցիալական ծառայությունների գործակալության մամլո խոսնակ Եկատերինա Սանեբլիձեն իր հերթին տեղեկացրել է, որ ներկայում աշխատանքներ են տարվում Գործակալության շրջանային մասնաճյուղերի տվյալները կենտրոնական տեղեկատվական բազայում ներառելու համար:
Երեխաների պաշտպանության հարցերով փորձագետները նշում են, որ իշխանությունները պետք է ավելի վճռական գործեն բռնության դեպքերը բացահայտելու եւ համապատասխան գործողություններ ձեռնարկելու ուղղությամբ, ինչպես նաեւ բարձրացնել հասարակության իրազեկության մակարդակը` երեխաների նկատմամբ բռնությունը որպես հանցագործություն որակելու առումով:
«Շատերը սեփական երեխաներին ծեծելը բռնություն չեն էլ համարում: Ինչ վերաբերում է սեռական բռնությանը, ապա նման դեպքերի քանակի աճի վերաբերյալ ոչինչ չեմ կարող ասել: Դիրքորոշումը, հավանաբար, չի փոխվել, պարզապես արձանագրված դեպքերի թիվն է աճել: Նախկինում այս մասին ընդհանրապես ոչ ոք չէր խոսում»:
Թեա Տոպուրիա (ազատ լրագրող է Վրաստանում)
Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» (# 595 , 10-ը հունիսի, 2011թ) պարբերականից: (www.iwpr.net)
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել