HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքացիական ֆորումները` ժողովրդավարացման գործիք

2011թ. առաջին կեսում հայաստանյան հասարակական-քաղաքական դաշտում մեծ շրջանառություն ունեցավ, այսպես կոչված, «քաղաքացիական ֆորումներ» կամ համաժողովներ անցկացնելու անհրաժեշտության գաղափարը: Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ հիմնական շարժառիթը, համաձայն այդ գաղափարի ջատագովների, հրապարակային մեկնությունների, Հայաստանն արդիականացնելու, ժողովրդավարացնելու պայքարի համար առավել մասնակցային եւ արդյունավետ հարթակների ստեղծումն է:

Քաղաքացիական ֆորումի գաղափարը շոշափել են քաղաքացիական եւ քաղաքական մի շարք կազմակերպություններ, անհատներ, մասնավորապես` Հայ ազգային կոնգրեսը, «Հեղաֆորում» անունը կրող միջոցառման կազմակերպիչ մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը եւ այլոք:  

Հաշվի առնելով քաղաքացիական ֆորումներ անցկացնելու հարաճուն պահանջարկը` կարծում ենք` հարկ է վերլուծել խնդրո շուրջ 2011թ. առաջին կիսամյակում ՀՀ-ում ծավալված գործունեությունը:

Մարտի 1-ին Մատենադարանի մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ՀԱԿ-ի ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում մասնավորապես նշեց. «Այսօրվանից Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքներն ընթացիկ քաղաքական ակցիաներից վերածվում են հասարակության ինքնակառավարման յուրատեսակ ֆորումի՝ օժտված որոշումներ կայացնելու եւ դրանք գործադրելու լիակատար իրավասությամբ»: 

Վերոնշյալ գաղափարը հնչելուց հետո հանրահավաքի մասնակից հանրությունը հայտարարված ֆորումի շրջանակներում 2-3 անգամ քվեարկություն է կատարել հանրահավաքի կազմակերպիչների առաջարկած որոշակի որոշումների նախագծերի վերաբերյալ:

ՀԱԿ-ի առաջարկած ֆորումի գաղափարի տրամաբանությունը, ըստ էության, հետեւյալն էր. ֆորումի մասնակիցներ են համարվում ՀԱԿ-ի կողմից հրավիրվող բազմահազարանոց հանրահավաքի բոլոր մասնակիցները, որոնք պետք է քվեարկեն հարթակից հնչեցվող որոշումների նախագծերի վերաբերյալ: Սակայն չի մշակվել, թե ինչպես են մասնակիցներն, օրինակ, որոշելու ֆորումի օրակարգը, ինչպես է իրականանալու խնդիրների քննարկումը, ինչպես է որոշվելու ելույթ ունեցողների ցանկը, ինչ սկզբունքներով է կատարվելու քվեարկությունը եւ այլն:

ՀԱԿ-ի կողմից հանրությանն առաջարկվել է ներկայացնել ֆորումի անելիքների հետ կապված նկատառումներ: Սակայն հետագայում այդ հարցին անդրադարձ չի եղել, եւ հրավիրված հանրահավաքները չեն տարբերվել ավանդական դարձած հանրահավաքներից:

Ապրիլի 2-ին Ամերիկյան համալսարանի կենտրոնի տարածքում իրականացավ

«Հեղաֆորում» անունը կրող մի միջոցառում, որին մասնակցել է ավելի քան հարյուր մարդ: Մասնակիցների ցուցակում գերակշռում էին երիտասարդները, որոնք տարբեր բնագավառներում իրենց դրսեւորել էին որպես գործունյա քաղաքացիներ:

Ֆորումը կազմակերպել էր հատուկ այդ միջոցառման համար ձեւավորված նախաձեռնող խումբը: Միջոցառման գլխավոր նպատակն էր` խթանել մտագրոհներ եւ հասարակական պահանջի ձեւակերպում, նպաստել մարդկանց ու սոցիալական խմբերի իրազեկմանը, ինքնակազմակերպմանը եւ հավաքագրմանը` հանուն մարդու իրավունքների ու ազատությունների վրա հիմնված ժողովրդավարական պետության փաստացի կերտման:

«Հեղաֆորումը» չի ունեցել միասնական որոշումներ կայացնելու նպատակ, չեն եղել առանձին զեկուցողներ: Աշխատանքը բաղկացած է եղել մտագրոհներից, խմբային աշխատանքներից, որոնց ժամանակ կատարվել են քննարկումներ եւ մշակվել առաջարկներ` առանձնացված խնդիրները լուծելու ուղղությամբ: Նախաձեռնող խմբից ընտրվել են ատենապետեր(մոդերատորներ), որոնք օգնել են խնդիրների ձեւակերպման հարցում, վարել քննարկումները, կատարել գրառումներ:

«Հեղաֆորումի» ժամանակ մասնակիցները ցանկություն են հայտնել ձեւավորել մի շարք նախաձեռնություններ, այդ թվում` բանակի, սոցիալական, աշխատանքային, բնապահպանական, արժեհամակարգի փոփոխության, կանանց ազատագրման եւ մի քանի այլ հարցերով:

Մեկ այլ «Քաղաքացիական ժողով»  անվանումը կրող ֆորումային տիպի միջոցառում  կազմակերպվել է մայիսի 21-ին, Կառավարության նիստերի դահլիճում: Այն հրավիրել է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Ժողովին մասնակցել են տարբեր տարիքային խմբերից մի քանի հարյուր մարդ, այդ թվում`հասարակական եւ քաղաքական ճանաչված գործիչներ, փորձագետներ, լրագրողներ եւ այլք: Դատելով միջոցառման կազմակերպչի ելույթներից, կարելի է եզրակացնել, որ քաղաքացիական ժողովի նպատակն էր «իշխանությունը վերադարձնել ժողովրդին», ճշտորոշել «քաղաքացիական ազգային նոր օրակարգը», համատեղ փնտրել «հաղթանակի ելքը», այսինքն` համապարփակ քաղաքացիական բանավեճ-քննարկում անցկացնել իրապես ժողովրդավարական պետության ստեղծման ուղիների շուրջ:

Հովհաննիսյանի հրավիրած քաղաքացիական ժողովի ժամանակ, ըստ առանձնացված երեքական թեմաների, զեկույցներով հանդես են եկել հասարակական-քաղաքական մի շարք ճանաչված գործիչներ, ակտիվիստներ, գիտնականներ: Դահլիճից եղել են ելույթ ունեցողներ, ժամանակ է հատկացվել հարց ու պատասխանի համար: Խնդիրների լուծմանը միտված ուղիների գործնական քննարկում, առաջարկների մշակում օրակարգում չեն եղել:

Դահլիճից հնչած ելույթների եւ հարցերի ժամանակ արծարծվել է խնդիրների լայն տարրապատկեր: Ատենապետեր չեն եղել: Հավաքի կազմակերպիչը հանդես է եկել բացման եւ եզրափակիչ բովանդակային ելույթներով: Ժողովի առջեւ որոշումներ կայացնելու խնդիր չի դրվել: Որպես միջոցառման շարունակություն, «Ժառանգության» առաջնորդը բոլոր մասնակիցներին հրավիրել է շաբաթ օրերին Ազատության հրապարակում շարունակելու տարաբնույթ խնդիրների շուրջ քննարկումը` «ազգային-քաղաքացիական օրակարգի» ձեւավորման նպատակով:

Անշուշտ` քաղաքացիական բնույթի ֆորումները շատ մեծ նշանակություն կարող են ունենալ Հայաստանում ժողովրդավարական հասարակական-քաղաքական համակարգի հիմնադրման գործում: Այս առումով ցանկալի է գտնել այնպիսի ձեւաչափեր, որոնք ի վիճակի կլինեն ապահովելու ցանկալի արդյունք: Ստորեւ ներկայացվող առաջարկները, կարծում ենք, կնպաստեն քաղաքացիական ժողովների, ֆորումների գաղափարի առավել արդյունավետ իրականացմանը:

  • Չափազանց կարեւոր է, որ ֆորումի նպատակը հստակ ձեւակերպված լինի, ինչպես նաեւ նշվի կոնկրետ ակնկալվող արդյունքը, որպեսզի մասնակիցները հասկանան, թե ինչ գործընթացի մեջ են ներգրավվում, ինչ ներդրում կարող են ունենալ, ինչի վրա հատկապես արժե ուժերը կենտրոնացնել եւ այլն: Ճիշտ կլինի նպատակը հանրայնացնել ֆորումը սկսելուց առաջ` այդ մասին հայտարարություն տալու ժամանակ:
  • Ֆորումի նկատմամբ հասարակությանն առավել վստահություն ներշնչելու համար լավ կլինի նշել, թե ովքեր են կազմակերպիչները, ինչպես է իրականացվել ֆինանսավորումը, որն է կազմակերպիչների շարժառիթը:
  • Անհրաժեշտ է նաեւ հստակ մշակել եւ հանրայնացնել, թե ինչպես է ձեւավորվելու մասնակիցների կազմը:
  • Ընդհանուր առմամբ` հարկ է հստակ մշակել եւ հանրայնացնել ֆորումի ձեւաչափը. նշել` արդյոք այն ներառո՞ւմ է ելույթներ, եթե ներառում է, ապա ինչ սկզբունքներով են ընտրվել զեկուցողներն ու զեկույցների թեմաները, նախատեսվա՞ծ են արդյոք հարց ու պատասխան, քննարկում, խմբային աշխատանք, լինելո՞ւ է որոշումների կայացման գործընթաց, եթե այո` ապա ի՞նչ մեխանիզմներով պետք է այն իրականցվի: Որոշումների կայացման մեխանիզմը արդար եւ թափանցիկ լինելու համար անհրաժեշտ է, որ այն ընդունելի լինի մասնակիցների կողմից: Այդ իսկ նպատակով մինչեւ ֆորումի աշխատանքների սկիզբը անհրաժեշտ է հաստատել որոշումների կայացման մեխանիզմը:
  • Ֆորումի կազմակերպման եւ անցկացման ժամանակ պետք է հաշվի առնել բոլոր գործընթացների եւ ընթացակարգերի արդար լինելու հանգամանքը:
  • Պետք է նկատի առնել, որ արդյունավետ գործնական քննարկումներ, ծրագրային աշխատանք հնարավոր է իրականացնել միայն մինչեւ 10-15 հոգանոց խմբերում` ատենապետի առկայության պայմաններում:
  • Շատ կարեւոր է, որ ֆորումը հանդես չգա Հայաստանի ողջ հասարակության անունից: Նման իրավունք ֆորումին կարող է տալ միայն հասարակությունը, իսկ դա հնարավոր է, երբ ֆորումի մասնակիցներն ինչ-որ կերպ ընտրվեն նրա կողմից:

Էդգար Վարդանյան
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) փորձագետ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter