
«Տարածքների վերադարձման հարց չի քննարկվել»
«Նախագահի կողմից առաջարկված փաթեթային լուծման տարբերակը կարծես տեղ է սկսում գտնել բանակցությունների գործընթացում: Շատ կարևոր է, որ Ղարաբաղի հարցը` ոչ միայն կարգավիճակի, այլև ընդհանրապես տարածքների հետ կապված, պետք է փաթեթային կարգով լուծվի` ինքնորոշման սկզբունքից ելնելով»,- այսօր «Հայելի» ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մելիքյանը:
Լրագրողներից մեկը նկատեց, որ երեկ վերահաստատվեց կողմերի հավատարմությունը մադրիդյան սկզբունքներին, ինչը ենթադրում է Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձ: Արդյո՞ք իշխանությունները բանակցում են մի փաստաթղթի շուրջ, որով առնվազն 5-6 շրջան պետք է վերադարձնեն Ադրբեջանին:
Ի պատասխան` Գ. Մելիքյանը նշեց, որ 6 շրջանների վերադարձման շուրջ ընդհանրապես խոսք չկա:
«Նախ` Մադրիդյան սկզբունքները դեռևս չեն վերահաստատվել և չեն ստորագրվել, դրանք գտնվում են համաձայնության փուլում: Հատկապես այդ փուլում այն խնդիրն է կարևոր, որ հարցը պետք է քննարկվի ինքնորոշման տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման հետ կապված»,- ասաց նա:
Պատգամավորի խոսքով` տարածքների վերադարձման հարց չի քննարկվել այս պահին և չի կարող քննարկվել, որովհետև սկզբունքները դեռևս հաստատված չեն:
«Հրապարակված են, բայց հաստատված չեն, դրանց վրա դեռևս հսկայական աշխատանքներ կան կատարելու: Կարծում եմ, որ մինչև տարեվերջ մադրիդյան սկզբունքները հիւմնական ձևով արդեն կներկայացվեն հաստատման»,- ասաց նա:
Ասուլիսի մյուս բանախոսը` Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն ասաց, որ պետք է փոխվի բանակցային գործընթացի տրամաբանությունը: Այս տրամաբանությամբ անխուսափելի է, որ բախվելու են տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքերը:
«Սա է, որ մեզ այս արատավոր շրջանի մեջ պահում է տարիներ ի վեր: Սա ներկա իշխանությունների և կառավարության խնդիրը չէ միայն: Նախորդ իշխանություններն այս նույն արատավոր շրջանի գերին էին: Մեծ հաշվով սա արտացոլում է տարածաշրջանում գերտերությունների աշխարհաքաղաքական շահի բախման գործընթացը: Բայց ցավն այն է, որ իրականում Հայաստանն իր սեփական արտաքին քաղաքկանությունն այդպես էլ չկարողացավ մշակել, և դա չի վերավերում միայն Արցախի հիմնախնդրին»,- ասաց նա:
Մեկնաբանել