
Չուրանանք, չզիջենք, ընդվզենք
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը, ինչպես հայտարարվել էր օրեր առաջ, այսօր Հանրապետության հրապարակում սկսեց իրականացնել հացադուլ եւ նստացույց: Կառավարության շենքի դիմաց «Չուրանանք, չզիջենք, ընդվզենք» և «Նախապայմաններին` ոչ» վերտառությամբ պաստառներով 50 հոգի նստել են շուրջօրյա նստացույցի, իսկ արտգործնախարարության շենքի մոտ 24 անձ` հացադուլի: Վերջիննես որոշակի պարբերականությամբ վանկարկում են «Ոչ մի զիջում թուրքերին. Նալբանդյան հեռացիր»:
«Պատգամավորները հացադուլին չեն մասնակցի. նստացույցին կմասնակցեն, որովհետև առանձին շատ գործեր էլ ունեն անելու»,- ասաց ԱԺ պատգամավոր, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արմեն Ռուստամյանը` նշելով, որ ակցիան կտևի հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ նախաստորագրված փաստաթղթերով սահմանված 6 շաբաթների ընթացքում:
«Առաջին հերթին` սա զգոնության կոչ է մեր ժողովրդին, որպեսզի այս 6 շաբաթներն անտարբերությամբ չանցկացնի, շատ լավ ընկալի, որ սրանից շատ լուրջ բան է կախված»,- հավելեց պատգամավորը:
Նա վստահեցրեց, որ Դաշնակցությունը զուգահեռ իրականացնելու է բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի նախաստորագրված արձանագրությունների «դեմն առնի»:
«Մասնավորապես, պետք է կազմակերպենք ԱԺ լսումներ, որը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա սեպտեմբերի 23-ին: Անպայման կմասնակցենք սեպտեմբերի 17-ին երկրի նախագահի կողմից կազմակերպվող քննարկումներին և կներկայացնենք մեր տեսակետները: Ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր ժողովուրդն իմանա` ինչի մասին է խոսքը,- ասում է Ա. Ռուստամյանը: – Որովհետև ի՞նչ է նշանակում «ներքին քննարկումներ»: Եթե դրանք պետք է գնան այն տրամաբանությամբ, որ պարզապես պետք է ասվի «այո» կամ «ոչ», դա արդեն քննարկում չէ, այլ, ըստ էության, քվեարկություն: Մենք կարծում ենք, որ չպետք է գնալ այդ ճանապարհով, այլ պետք է փորձել տեքստը փոխել»:
Ըստ Արմեն Ռուստամյանի` մինչ օրս պարզաբանված չէ նաև, թե գործընթացում ինչ ձևով պետք է ներառվի այդ փաստաթղթերի կապակցությամբ արվող այս կամ այն առաջարկությունը. «Հենց առաջին օրը` դեսպանների հավաքի ժամանակ, ես հարցրի` ի՞նչ են ենթադրում քննարկումները, փոփոխություններ առաջարկելու մեխանիզմ գոյություն ունի՞, թե՞ ոչ: Միակ պատասխանն այն էր, որ առաջարկություններ անելուց առաջ պետք է մտածենք, որ մյուս կողմն էլ է առաջարկություն անում: Այո, մենք շատ լավ էլ տեսնում ենք, որ մյուս կողմը, ըստ էության, իրականացնում է քննարկումների ծրագիր և իրենց արտգործնախարարն արդեն հանդիպումների շարք է սկսել քաղաքական ուժերի հետ: Հիմա գոնե լսումների մակարդակով մենք պետք է կարողանանք այս հնարավորությունը ճշտել»:
Պատգամավորի կարծիքով, եթե անգամ սեղանին դրված է «այո» կամ «ոչ» ասելու հարցը, ապա ժողովուրդը պետք է կարողանա լավ հասկանալ` ինչին է «այո» կամ «ոչ» ասում:
«Եվ այս նստացույցն այդ նպատակն ունի, որ այս ընթացքում մարդիկ ծանոթանան նյութերին, մոտեցումներին, տեսակետներին և ճշտեն իրենց դիրքորոշումը»,- ասում է պատգամավոր Ռուստամյանը:
Լուս.` Գագիկ Շամշյանի
Մեկնաբանել