
Գումարտակի հրամանատարը դատապարտվեց ազատազրկման
Այսօր Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում N զորամասի մարտական դիրքերից մեկում սպանված Անդրանիկ Հայրապետյանի գործով դատավարությունն ավարտվեց: Գումարտակի հրամանատարին` Արթուր Պետրոսյանին, դատավոր Կարինե Ղազարյանը դատապարտեց 3,3, իսկ դիրքի ավագ, կոչումով սերժանտ Էդգար Ավետիսյանին 4,5 տարվա ազատազրկման:
Սա երկրորդ նիստն էր. դատաքննությունն ընթանում էր արագացված կարգով, չնայած այն հանգամանքին, որ նման կարգ կիրառելու կապակցությամբ առարկություն էին ներկայացրել ոչ միայն սպանվածի մայրն ու նրա ներկայացուցիչը (փաստաբանը), այլև մեղադրող-դատախազ Ա. Միսակյանը:
Այսօր նիստը սկսվելուն պես մեղադրողը միջնորդեց դատարանում ապահովել նաև մյուս երկու տուժողների ներկայությունը (սրանք այն զինվորներն են, որոնց Անդրանիկի սպանությունից հետո` Երևան գործուղվելուց առաջ, հրամանատար Արթուր Պետրոսյանը ծեծել է` դեպքի առնչությամբ «սուտ ցուցմունքներ չտալու համար» – Ա. Դ.): Մեղադրող Միսակյանը ներկայացրեց նաև դատավարությունը վերսկսելու միջնորդություն, սակայն երկու միջնորդություններն էլ դատարանը մերժեց:
«Ինձ համար հասկանալի չէ դատախազի վարքագիծը: Եթե նա իրոք դեմ էր արագացված դատաքննությանը, կարող էր մեղադրական եզրակացության մեջ հատուկ նշել այդ մասին, և վերջ. դատարանն այլևս արագացված դատաքննություն չէր կարող կիրառել, ինչքան էլ ամբաստանյալները միջնորդություն ներկայացնեին»,- «Հետքին» ասաց Ա. Պետրոսյանի պաշտպանը` Հայկուհի Դավթյանը:
Դատաքննությունը վերսկսելու միջնորդություն ներկայացրեց նաև փաստաբան Գայանե Խաչատրյանը, բայց այս դեպքում ևս դատավորն այն մերժեց:
«Իմ երեխան նաև Ձեր համար է զոհվել, որ պինդ կառչեք Ձեր աթոռից,- դիմելով դատավորին` ասաց սպանված զինվորի մայրը` Անահիտ Կիրակոսյանը:- Ես համոզված եմ, եթե արագացված դատավարություն չլիներ, և վկաները դատարանում հարցաքննվեին, կպարզվեր ճշմարտությունը, որդուս սպանությունը կբացահայտվեր: Հիմա ես Ձեզ ինչ լսեմ, Դուք ապօրինի դատ եք անում և հովանավորում մարդասպաններին»:
Դատավոր Կարինե Ղազարյանը նկատեց, որ քննվող գործը վերաբերում է միայն սերժանտի և փոխգնդապետի կոչումով գումարտակի հրամանատարի կողմից ծառայողական պարտականությունների թերացմանը: «Սպանության մասով քրեական գործից անջատվել է առանձին մաս և ընթանում է նախաքննություն: Եթե կպարզվի, որ ամբաստանյալները կապ ունեն Ձեր որդու սպանության հետ, նրանք պատասխանատվության կենթարկվեն նաև դրա համար»:
Ի պատասխան` Անահիտ Կիրակոսյանը նշեց, թե մարդասպանն իր առջև նստած է: Նիստի ընթացքում դատավորը մի քանի անգամ որդեկորույս մորը նկատողություն արեց` փոխգնդապետ Արթուր Պետրոսյանին մարդասպան անվանելու համար:
«Եթե Ձեզ չեք կարողանում տիրապետել, խնդրում եմ դահլիճից դուրս եկեք»,- ասաց դատավոր Ղազարյանը:
«Ես ինձ շատ լավ տիրապետում եմ, երբեք ինձ այսքան լավ չեմ զգացել, գոնե կարողանում եմ վիրավորել, որովհետև ինչ ուզում, անում եք»,- հակադարձեց Ա. Կիրակոսյանը:
«Բոլոր միջնորդություններն անհիմն մերժելու և գործի նկատմամբ կանխակալ վերաբերմունք ունենալու համար» փաստաբան Խաչատրյանը դատավորին միջնորդեց ինքնաբացարկ հայտնել, բայց կրկին դատարանն այն չընդունեց:
Մեղադրական ճառը հրապարակելիս դատախազ Միսակյանը դատարանին խնդրեց սերժանտ Էդգար Ավետիսյանին մեղավոր ճանաչել «Մարտական հերթապահություն կրելու կանոնների նկատմամբ անփույթ վերաբերմունք» դրսևորելու համար և դատապարտել 4 տարի 7 ամիս ժամկետով ազատազրկման: Իսկ հրամանատար Արթուր Պետրոսյանին` 3,3 տարվա ազատազրկման` մեղավոր ճանաչելով «Պաշտոնական դիրքը չարաշահելու» մեջ:
Պաշտպանական կողմը դատարանին խնդրեց «որքան հնարավոր է մեղմ պատիժ սահմանել» ամբաստանյալների համար և նրանց նկատմամբ կիրառել «Համաներում հայտարարելու մասին» ԱԺ հունիսի 19-ի որոշումը:
«Տասն անգամ ներողություն,- վերջին խոսքում նշեց հրամանատար Արթուր Պետրոսյանը,- ես մարդասպան չեմ, եթե մարդասպան լինեի, անցյալ տարվա մարտի 3-4-ի դեպքերի ժամանակ առաջին գծում ոչ թե ես կկռվեի, այլ զինվորներին կուղարկեի»:
Վերջինիս պաշտպան Հ. Դավթյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Արթուր Պետրոսյանը մասնակցել է արցախյան պատերազմին, շուրջ 19 տարի է` ծառայում է բանակում, արժանացել է «Մարտական խաչ» և «Արիության համար» մեդալների ու բազմաթիվ խրախուսանքների և պատվոգրերի:
Դատարանը «համաներման մասին» որոշումը չկիրառեց: Ա. Պետրոսյանին ազատազրկման դատապարտելով` դատավորը նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը` «Ստորագրություն չհեռանալու մասին» որոշումը, թողեց անփոփոխ, մինչև դատավճիռը կստանա օրինական ուժ:
Իսկ երբ հրապարակվեց սերժանտ Է. Ավետիսյանի մասով դատավճիռը, վերջինիս հարազատները սկսեցին անեծքներ տեղալ գործը քննող քննիչի և դատախազ Միսակյանի հասցեին: Էդգարի մայրը բարեկամներին մեղադրում էր, որ իրեն «այսքան ժամանակ չեն թողել, որ խոսի»:
«Տեսաք` ինչ արեցին, էն տղու (Անդրանիկ Հայրապետյանի) գլուխը կերան, իմ երեխուն էլ անմեղ տեղը դատեցին»,- ասում էր սերժանտի մայրը:
Մեկնաբանել