
Նիկոլ Փաշինյանը դեռ դատարանում է
Այս պահին Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Էդիկ Ավետիսյանը քննում է Հատուկ քննչական ծառայության ղեկավար Վահագն Հարությունյանի և քննիչ Վաղինակ Մկրտչյանի միջնորդությունը` «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանն ինքնակամ ներկայացել էր Գլխավոր դատախազություն, թեև պաշտոնական հաղորդագրություններում նրա ինքնակամ ներկայանալու մասին ոչինչ չէր ասվում:
Անցյալ տարվա մարտիմեկյան իրադարձություններով պայմանավորված Փաշինյանը հայտնվել էր ընդհատակում: Նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում եւ իբրև խափանման միջոց ընտրվել կալանքը:
Երեկ Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունում նշված է, որ Ն. Փաշինյանը կալանավորվել է: Ստացվում է, որ արդեն կալանավորված Փաշինյանին նորից կալանավորելու խնդրանքով քննիչներն այսօր դիմել են դատարան:
Փաշինյանի շահերը դատարանում պաշտպանում են 4 փաստաբաններ` Տիգրան Աթանեսյանը, Արա Զաքարյանը, Արթուր Գրիգորյանը և Տիգրան Մուրադյանը:
Լուս.` Գագիկ Շամշյանի
Մեկնաբանել