Բենզալցակայանի կողոպուտներից մեկը բացահայտվել է
Նախորդ տարվա դեկտեմբերից մինչեւ հիմա հանրապետությունում գործող բենզալցակայանների վրա կատարվել է 12 ավազակային հարձակում: Դրանցից միայն երեքի դեպքում է, որ հացագործները դեպքի վայրը, իրենց կամքից անկախ, լքել են առանց ավարի:
Հիմնականում նրանք հափշտակել են բենզալցակայանում առկա գումարը եւ աշխատակիցների բջջային հեռախոսները: Որոշ դեպքերում էլ աշխատակիցները ստացել են տարբեր վնասվածքներ, այդ թվում` հրազենային:
Գրեթե բոլոր հարձակումները կատարվել են նույն սցենարով: Ավելին` մի քանի անգամ հանցագործները եղել են սպիտակ գույնի «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով: Դեռ մարտի սկզբին, երբ հարձակման ենթարկված բենզակցակայանները վեցն էին, ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի պետ Սայաթ Շիրինյանը «Հետքի» հարցադրումներին ի պատասխան նշեց, թե «անհոգ եղեք, այդ հանցագործություններն անպայման կբացահայտվեն»:
Սակայն այդ ընթացքում բենզալցակայանները շարունակվում էին կողոպտվել, իսկ դրանց աշխատակիցները, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվում էին հիվանդանոց:
Եվ ահա, ոստիկանությունը ԱԱԾ-ի աշխատակիցների հետ համատեղ բացահայտել է բենզալցակայաններից մեկի` «Վայք-Գազ» ՍՊԸ-ին պատկանող կայանի վրա ապրիլի 9-ին կատարված հանձագործությունը:
Հիշեցնենք, որ դրա արդյունքում ձախ ձեռքի և գլխի մասերում ստացած հրազենային վնասվածքներով Վայքի հիվանդանոց էր տեղափոխվել կայանի լիցքավորող, 1966 թ. ծնված Հրաչիկ Բ.-ն: Բենզալցակայանում առկա գումարից բացի, այս դեպքում ևս հանցագործները հափշտակել էին նաև աշխատակցի բջջային հեռախոսը:
« …ավազակային հարձակում կատարելու մեջ մեղադրվող, 1982 թ. ծնված Վահագն Ա.-ն ցուցմունք է տվել, որ ապրիլի 9-ին, ժամը 02.00-ից 03.00-ն ընկած ժամանակահատվածում, պայմանավորվածության համաձայն` քրեական գործով ինքնությունները չպարզված իր ընկերներ ոմն Արմենի ու Արտյոմի հետ` վերջինիս վարած «ՎԱԶ-21010» մակնիշի, անհայտ պետհամարանիշի ավտոմեքենայով ժամանել են Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի տարածքում գտնվող, Երևան-Մեղրի ճանապարհի աջ կողմում տեղակայված բենզալցակայան, որտեղ իր կողմից պահվող «ԱԿ-74» տիպի ինքնաձիգով նշված բենզալցակայանի աշխատողի կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, Արտյոմի հետ մուտք են գործել բենզալցակայանի շինություն, աշխատողից պահանջել ու ստացել մոտ 120.000 դրամ ու հանցակիցների հետ դիմել են փախուստի:
Վահագն Ա.-ն կալանավորված է: Ձեռնարկվում են միջոցառումներ Արտյոմի և Արմենի ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ»,- տեղեկացնում է ոստիկանության լրատվության վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել