HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Կազան. սպասելիքներ եւ իրականություն

Կազանում հունիսի 25-ին կայանալիք Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական եռակողմ հանդիպումից սպասելիքները մեծացան հատկապես անցած ամիս ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ղեկավարների` Դովիլում արած համատեղ հայտարարության ֆոնին:

Ի տարբերություն անցած երկու տարիներին այս ֆորմատով արված լը Աքուիլայի, ապա նաեւ Մուսկոկայի հայտարարությունների` այս անգամ Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի նախագահները երկու հստակ ուղերձներ հղեցին բանակցող կողմերին:

Առաջին` չմտածել հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու մասին, ինչին կհաջորդի ուժի դիմած կողմի նկատմամբ միջազգային հանրության բացասական արձագանքը, երկրորդ` Կազանի գագաթնաժողովում վերջնականապես համաձայնության հասնել հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ:

Դրանից հետո բանակցությունների կտրուկ ակտիվացումը, ինչպես նաեւ միջազգային հանրության հուսադրող արձագանքները թույլ տվեցին ենթադրել, թե Կազանում հունիսի 25-ին շրջադարձային զարգացումներ կլինեն` կամ մադրիդյան սկզբունքներն ամրագրող փաստաթղթի ստորագրման, կամ առնվազն դրա համար լրջագույն նախադրյալների ստեղծման տեսքով: Որքանո՞վ է, սակայն, դա իրատեսական:

Դովիլի հայտարարությունից հետո պաշտոնական Երեւանը հստակ հայտարարեց, որ ամբողջությամբ ընդունում է երեք նախագահների բոլոր տեսակետները: Դրանից հետո, հունիսի 8-ին Վիեննայում կայացած Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանին վերաբերող միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը բաց տեքստով հայտարարեց, թե Հայաստանը պատրաստ է ստորագրել սեղանին դրված սկզբունքների շրջանակային փաստաթուղթը:

«Անհրաժեշտ է, որ մեր ադրբեջանցի գործընկերները նույնպես ցուցաբերեն քաղաքական կամք եւ պատրաստ լինեն ստորագրելու համաձայնագիրը, որը բազա կդառնա հետագա բանակցությունների համար»,- ավելացրել էր Տիգրան Սարգսյանը:

Երեւանի այսպիսի արձագանքը թույլ էր տալիս կարծել, թե այս տարի Սոչիում միջնորդների կողմից բանակցողներին ներկայացված մադրիդյան սկզբունքների խմբագրված նոր տարբերակը միանշանակ բխում է հայկական կողմի շահերից:

Սակայն հունիսի 11-ին Մոսկվայում տեղի ունեցած Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների երեք ժամ տեւած բանակցություններից հետո կողմերի տրամադրություններում որոշակի փոփոխություններ նկատվեցին: Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարեց, թե առաջընթաց է արձանագրվել, բայցեւ ավելացրեց, որ դեռ «որոշ բացեր են մնում»: Նախագահ Իլհամ Ալիեւը, թերեւս նկատի ունենալով հենց Մոսկվայում կայացած արտգործնախարարների հանդիպման արդյունքները, նշել էր, թե «Լեռնային Ղարաբաղի հարցի արդարացի լուծման համար ներկայում լավ նախադրյալներ կան»:

Բաքվի լավատեսական նոտաների ֆոնին Երեւանի գնահատականներն ավելի զգուշավոր են թվում: Մոսկվայի հանդիպման վերաբերյալ արտգործնախարարության պաշտոնական հաղորդագրությունից ընդամենը կարելի էր տեղեկանալ, որ «սկզբունքների մի շարք առանցքային հարցերի շուրջ հաջողվել է մոտեցնել դիրքորոշումները»:

Ուշադրություն դարձնենք` խոսքը ոչ թե սկզբունքների շուրջ համաձայնություններ ձեռք բերելու, այլ ընդամենը դրանք մոտեցնելու մասին է: Մինսկի խմբի համանախագահողների` Ստեփանակերտ կատարած վերջին այցից անմիջապես հետո ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը կրկին հիշեցրեց, որ առանց ղարաբաղյան կողմի ուղղակի մասնակցության որեւէ համաձայնություն չի կարող ձեռք բերվել: Իսկ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Երեւանում Շվեդիայի ԱԳ նախարար Կարլ Բիլդտի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, նշեց, որ բանակցությունների առաջին փուլը կարելի է եզրափակված համարել, երբ «ոչ միայն Հայաստանը եւ Ադրբեջանը, այլեւ Լեռնային Ղարաբաղը իր համաձայնությունը տա հիմնարար սկզբունքներին: Անհնար կլինի անցնել երկրորդ փուլին, եթե Ղարաբաղի կողմից համաձայնություն չլինի հիմնարար սկզբունքների վերաբերյալ»:

Նման մոտեցումն ուղղակի հակասում էր դրանից ընդամենը մի քանի օր առաջ Վիեննայում վարչապետ Տիգրան Սարգսյանի արած հայտարարությանը, որտեղ ԼՂ-ի կողմից հիմնարար սկզբունքներն ընդունելու մասին որեւէ ակնարկ անգամ չկար: Այլ կերպ ասած` հայկական կողմը կարծես որդեգրել է պաշտպանողական կեցվածք` իբրեւ վահան օգտագործելով հիմնարար սկզբունքների նկատմամբ Ստեփանակերտի բացասական վերաբերմունքը: Թեեւ չի կարելի բացառել, որ դա արվում է հանրությանը ցույց տալու համար, թե շրջանակային փաստաթուղթը ստորագրվելու է հենց ԼՂՀ իշխանությունների իմացությամբ ու համաձայնությամբ:

Բանակցող կողմերի այս փոփոխական դիրքորոշումները թույլ չեն տալիս վստահորեն պնդել, որ Կազանում կարող է ստորագրվել սկզբունքներն ամրագրող փաստաթուղթ: Մանավանդ, որ ի տարբերություն Հայաստանի իշխանությունների` ալիեւյան վարչակազմը ոչինչ չի ձեռնարկում` հանրությանը հնարավոր զիջումներին նախապատրաստելու, փոխարենը խոսում է իրենց պատկերացրած «արդարացի լուծման» հնարավորությունների, ստատուս քվոն փոխելու անհրաժեշտության եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու իրենց սկզբունքայնության մասին:

Սակայն դովիլյան հայտարարության ծանրությունը չափազանց մեծ է թե բանակցող կողմերի, թե համանախագահողների  եւ թե հատկապես վերջին երեք տարիներին բանակցություններում գրեթե միանձնյա միջնորդություն ստանձնած Ռուսաստանի վրա, որպեսզի Կազանում որեւէ, թեկուզ երկրորդական «առաջընթաց» չարձանագրվի: Չի կարելի բացառել, որ խոսք կարող է լինել այսպես կոչված երկրորդ մայենդորֆյան հռչակագիր ընդունելու մասին, որով մի կողմից ավելի կկոնկրետացվի բանակցությունների օրակարգը, մյուս կողմից` փորձ կարվի Ադրբեջանից կորզել ռազմական լուծումների չգնալու ավելի պարտավորեցնող երաշխիքներ:

Անցած տարի հունվարին Սոչիում կայացած Սարգսյան-Ալիեւ-Մեդվեդեւ հանդիպումից հետո ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը շրջանառության մեջ դրեց  «առաջընթացի ապահովման» եւս մեկ տարբերակ:

Դրա էությունն  այն էր, որ կողմերը ստորագրում են փաստաթուղթ, որով միաժամանակ ամրագրում են այն սկզբունքներն ու խնդիրները, որոնց շուրջ արդեն իսկ համաձայնություններ են ձեռք բերվել, եւ այն հարցերն ու սկզբունքները, որոնք դեռ քննարկման ենթակա են: Դրա նպատակը կողմերին արդեն իսկ համաձայնեցված կետերի շուրջ կրկին մանեւրելու հնարավորությունից զրկելն է: Չի կարելի բացառել, որ Կազանում կարող է կիրառվել նաեւ այս մոտեցումը:

Ամեն դեպքում ակնհայտ է, որ ինչ-որ տեղաշարժ լինելու է, ինչը նշանակելու է, որ օղակն ավելի է սեղմվելու բանակցողների եւ մասնավորապես Հայաստանի պարանոցին: Խնդիրն այն է, որ մադրիդյան սկզբունքների ցանկացած կոմբինացիայի հիման վրա կարգավորման ցանկացած սցենար չի բխում հայկական կողմի շահերից: Որովհետեւ այդ սկզբունքները կամ ավելի ճիշտ ներկայումս ընթացող բանակցությունների օրակարգային հարցերը չեն պատասխանում հիմնական չորս հարցերին. ո՞րն է  ԼՂ ժամանակավոր կարգավիճակը, ի՞նչ տարածքի վրա եւ ի՞նչ կոնկրետ հարցադրմամբ է կազմակերպվելու պլեբիսցիտը կամ հանրաքվեն, ի՞նչ կարգավիճակ են ունենալու Շահումյանի եւ Մարտակերտի շրջանները եւ դրանց բռնագաղթած բնակչությունը, եւ հայկական զորքերը շփման գծից ետ քաշվելու պարագայում ինչպե՞ս է ապահովվելու ԼՂՀ ազգաբնակչության անվտանգությունն ու Ադրբեջանից փախստականների վերադարձը:

Վերջինիս հետ կապված` հատկանշական էր այն փաստը, որ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ուղղակիորեն հերքեց իր ադրբեջանցի գործընկերոջ` ավելի վաղ արած այն հայտարարությունը, թե արդեն իսկ համաձայնություն է ձեռք բերվել հակամարտության գոտում տեղակայվելիք միջազգային խաղաղապահ ուժերի ձեւաչափի շուրջ: Եթե այս հարցում համաձայնություն չկա, ուրեմն առայժմ բաց է անվտանգության ապահովման խնդիրը, ինչը, ինչպես հայտնի է, ԼՂ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ պաշտոնական Երեւանի սկզբունքային պահանջներից մեկն է: 

 

Մեկնաբանություններ (1)

ancord
hamazajn em heghinaki het. Ka8cum em, ete arden drvel e storagrelu harc, uremn najev mijazgajin xaxaxapahneri harcn e luzvel u Hajastany zever e talis. Bajc Kazanum storagrveliq cankacac pastatuxt avelacnum e mer vzin patatvac parani hastutyuny. Madridjan skzbunqnern anynduneli en, vorvhetev menq txti u xostumneri dimac vochinch chenq stanum. Isk taracqnery Adrbejanin taluc heto voch meki petqy chi linelu xarabaxi kargavichak voroshelu harcy, Hajastann el mi qani pshranqneri dimac, vor karox en artahajtvel ek-erku projektnerin mianalov, chi karoxanalu ajd harcy luzelu pahanj nerkajacnel, vorvhetev chi unenalu voch mi lcak, voronq nerkajums apahovum en taracqnery. Ajnpes vor Sargsyan Serjy ir u vor avel;i vat e, Hajastani kapituljaciaji dandax gorcyntac e sksel.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter