Հայ-թուրքական դիմակայության վերջին տարիների էվոլյուցիան
Տասնմեկ տարի առաջ հայկական պետականության վերականգնումը ենթադրում էր, որ 1915թ-ից հետո հայ-թուրքական հարաբերություններում տիրող քարացած վիճակը որոշակիորեն փոփոխվելու է: Թե ինչ ուղղությամբ էր զարգանալու իրադրությունը 80-ականների վերջից մինչեւ 90-ականների սկիզբը տիրող հեղափոխական ռոմանտիզմի պայմաններում, դժվար էր միանշանակ ասել: Հայաստանում որոշ շրջանակներ անգամ հանդես էին գալիս Ռուսաստանի հետ հարաբերությունները վերանայելու եւ դեպի Թուրքիա կողմնորոշվելու օգտին: Այս առնչությամբ քննարկումներ եղան նաեւ հայաստանյան ԶԼՄ-ներում:
Այսօր հետին թվով կարող ենք արձանագրել, որ հայ-թուրքական հարաբերություններն այդ ընթացքում զարգացան ստեղծված իրավիճակի համար ամենատրամաբանական, իներցիոն տարբերակով: Անկախ Հայաստանը եւ Թուրքիան ղարաբաղյան հակամարտության եւ եղեռնի խնդիրների պատճառներով հայտնվեցին «սառը պատերազմ» հիշեցնող ռեժիմում, ղարաբաղյան ռազմաճակատում հայկական ուժերի առաջխաղացմանն ի պատասխան 1993թ-ին Անկարան փակեց հայ-թուրքական սահմանադուռը: Այդ քայլը ներկայացվեց որպես եղբայրական Ադրբեջանին Թուրքիայի սատարման դրսեւորում: Հայ-թուրքական սահմանը փակ է մինչ օրս, ու անձամբ ինձ համար անհասկանալի է, թե դա գործնականում ինչպես է նպաստում ղարաբաղյան կարգավորումը Ադրբեջանի օգտին իրականացնելու Թուրքիայի ձգտմանը:
Հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատումն առկախված է: Կարծում եմ ոչ այստեղ, ոչ էլ թուրքական կողմում որեւէ քաղաքական գործիչ կամ էլ վերլուծաբան չի ստանձնի պատմական խորը արմատներ ունեցող, հոգեբանական ու այլ խնդիրներով խճճված այս «գորդյան հանգույցի» հետագա ճակատագիրը կանխատեսելու գործը: Առայժմ կարելի է միայն արձանագրել այն էվոլյուցիան, դրական իմաստով որոշակի որակական փոփոխությունը, որը նկատվում է դիմակայության մեջ:
Հայաստան-Թուրքիա մերձեցմանն առաջնահերթ նպաստ են բերում աշխարհում տեղի ունեցող գլոբալացման երեւույթները, ԱՄՆ-ի արդեն պարբերական ճնշումները Թուրքիայի վրա (վերջերս ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը կրկին հավաստեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առումով իր մտահոգությունը): Ուշագրավ է, որ Թուրքիայի կողմից Հայաստանի հետ այցագրային ռեժիմի պարզեցումը տեղի ունեցավ վարչապետ Էջեւիթի 2002 թ. հունվարի 12-ին ԱՄՆ կատարած այցի նախօրեին: Դրանից մեկ շաբաթ առաջ ամերիկյան ԶԼՄ-ները գրում էին հայ-թուրքական հարաբերությունների առաջիկա կարգավորման, ընդհուպ մինչեւ սահմանի վերաբացման ծրագրերի մասին: Անկարայում թերեւս հասկացան ակնարկը, հասկացան, որ Սպիտակ տանը Թուրքիայի վարչապետին անցանկալի հարցեր են տրվելու հայ-թուրքական հարաբերություններում ամերիկյան շահերին դեմ գնացող քաղաքականությունը չափից դուրս ձգձգելու մասին: Էջեւիթը Վաշինգտոն մեկնեց համապատասխան քայլն անելուց հետո: Կարեւոր են նաեւ եվրոպական շրջանակների կոչերը, որոնք ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության արդեն երկար պատմություն ունեցող գործընթացի պայմաններում առավել մեծ կշիռ են ստանում թուրք քաղաքական գործիչների համար:
Հայ-թուրքական շփումների ակտիվացում է նկատվում քաղաքական շրջանակներում: 2002թ-ը սկսվեց Նյու Յորքի դավոսյան համաժողովում Օսկանյան-Ջեմ հանդիպումով: Տարվա առաջին կիսամյակում նախարարները հանդիպեցին երեք անգամ եւ, եթե չլինեին Թուրքիայում սկսած ներքաղաքական ճգնաժամը, արտահերթ ընտրությունների մրցավազքը, ապա Հայաստան-Թուրքիա պաշտոնական հանդիպումներն անկասկած շարունակվելու էին ավելի խորանալու իրենց միտումով: Համենայնդեպս, ՀՀ արտգործնախարարը ԶԼՄ-ների հետ իր հանդիպման ժամանակ նշեց, որ շփումները շարունակվելու են Թուրքիայում նոյեմբերին կայանալիք ընտրություններից հետո: Կարծում ենք, որ երկխոսությունը մի փոքր էլ կհետաձգվի մինչեւ Հայաստանում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ավարտը:
Հայ եւ թուրք նախարարների հանդիպումներից ամենաէականը, թերեւս, տեղի ունեցավ 2002 թվականի մայիսին, երբ Վ.Օսկանյանը մեկնել էր Ստամբուլ մասնակցելու Սեւծովյան տնտեսական համագործակցության հերթական համաժողովին: Նույն տարվա հուլիսին թուրք գործընկերները Անկարայում գտնվող հայ լրագրողներիս հայտնեցին, որ Օսկանյանի այցը մայիսյան այդ օրերին հայտնվել էր թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում, ետին պլան էին մղվել այնպիսի մշտապես արծարծվող թեմաները, ինչպիսիք են հույն-թուրքական բանակցությունները, կիպրոսյան հարցը, Թուրքիայի տնտեսական վիճակը եւ այլն: Օսկանյանի այցի ընթացքում թուրքական մամուլում արտացոլվեց Թուրքիայի հետ առանց նախապայմանների բանակցություններ սկսելու մասին հայկական կողմի դիրքորոշումը, պաշտոնական Երեւանի ներկայիս հայացքները ղարաբաղյան հակամարտության հարցում, ադրբեջանցի փախստականների իրական թիվը (թուրքական NTV հեռուստաընկերության եթերում Վ.Օսկանյանը վկայակոչեց ԵԱՀԿ դիտորդների տվյալները` փախստականների քանակը 500 հազարի սահմաններում է) եւ այլն: Թուրքական պաշտոնական շրջանակների հայտարարությունները երբեմն այնպիսի տպավորություն են թողնում, թե 70 միլիոն բնակչություն եւ 787 հազար քառակուսի կմ տարածք ունեցող Թուրքիան հարեւան Հայաստանին հակված չէ որպես «պետություն» ընդունելու եւ ընկալելու: Ինչպես նկատել է հայ թուրքագետներից մեկը, Անկարան Հայաստանին վերաբերվում է այնպես, ինչպես թուրքահայ համայնքին: Օսկանյանի այցի օրերին հայկական թեմաների հանդեպ նման ուշադրությունը կարեւոր էր նաեւ Թուրքիայում նման կաղապարները ջարդելու առումով:
Հայ-թուրքական հարաբերությունների այս փուլում արժե ընդգծել երկու երկրների հասարակական շրջանակների եւ ԶԼՄ-ների միջեւ շփումների ակտիվացումը: Վերջին տարիներին հայ եւ թուրք լրագրողների փոխայցերը պարբերական բնույթ են ստացել, որոշ լրագրողներ արդեն հանդիպում են երրորդ, չորրորդ անգամ, ձեւավորվել են բարեկամական փոխհարաբերություններ: Լրագրողական շփումների ավելացմանը զուգահեռ թուրքական մամուլում ավելի ու ավելի հաճախ կարելի է հանդիպել ոչ միայն պետական սահմանը վերաբացելու, ԼՂ հակամարտության հարցում առավել հավասարակշռված դիրքորոշում որդեգրելու, այլեւ ցեղասպանության խնդրում թուրքական դիրքորոշումը վերանայելու անհրաժեշտությունը նշող հրապարակումներ: «Սաբահ» օրաթերթի էջերում Զուլֆյու Լիվանելին կոչ է անում «մերժել երիտթուրքերի անիծյալ ժառանգությունը»: Ապրիլի 24-ին ՀՀ այցելած «Հաբեր թյուրք» գործակալության լրագրող «Երեւանյան հիշողություններում» կարծես դեմ է գնում ապրիլի 24-ի մասին թուրքական ԶԼՄ-ներում տիրող մտածելակերպին: Եղեռնի հիշատակի օրը նա նկարագրում է առանց թուրքական մամուլում տարածված արտահայտությունների, ինչպես օրինակ` «թուրքերի դեմ թշնամանքի եւ ատելության թատերականացված բեմականացում»-ը եւ այլն: Ապրիլի 24-ի մասին Յալըմ Էրալփը գրում է. «Ապրիլի 24-ին Երեւանում կյանքն ասես կանգ էր առել ...Հայերը հիշում են...»:
Այս իմաստով հայկական կողմի համար, կարծում եմ, կարեւոր է թուրքական պետությունը եւ թուրքերին առավել համակողմանի ճանաչելուն ուղղված քայլերը: Չնայած տնտեսական ճգնաժամին Թուրքիան ամենեւին էլ հետամնաց երկրի տպավորություն չի թողնում, իսկ «արեւելյան շրջանները տնտեսական խայտառակ վիճակի պատճառով վաճառքի հանելու մասին» շրջանառվող ասեկոսեները որեւէ իրական հիմք չունեն, չեն ունենալու եւ մեզ ամենեւին չեն տանում ազգային հիմնախնդրի կարգավորման ճանապարհով: Շատ կարեւոր է իմանալը, թե այսօր թուրքերն ինչպես են ընկալում Հայաստանը, հայերին, Հայոց ցեղասպանության հարցը: Ինձ համար, օրինակ, անակնկալ էր պարզելը, որ Թուրքիայում շատերն անգամ չգիտեն Հայաստանի գոյության մասին, իսկ ցեղասպանության մասին առաջին անգամ լսել են միայն վերջին տարիներին, եւ հիմնականում ԱՄՆ Կոնգրեսում 2000թ-ի աշնանը ծավալված քննարկումների պատճառով:
Մեկ այլ իրողություն, որը խոսում է հայ-թուրքական հարաբերությունների «էվոլյուցիայի» մասին: Դա Թուրքիայում հայկական հարցի եւ մասնավորապես ցեղասպանության խնդրի հանդեպ տասնամյակներով գործող տաբուի վերացման գործընթացն է: 2001թ-ին թուրքական մամուլը նշում էր, թե վերջին երկու տարվա ընթացքում Թուրքիայում տպագրվել է հայկական հարցին նվիրված 35 անուն գիրք: Ներկայումս դրանց քանակն ավելին է: Այդ գրքերում ցեղասպանությունը հերքող, հայերին «ահաբեկիչ», «թշնամի» պիտակող հրապարակումները շարունակում են տիրապետող լինել, սակայն կան նաեւ այնպիսիք, որոնք նոր աչքով են նայում 1915թ-ի իրադարձություններին, որոշ պատմաբաններ ընդհուպ մոտենում են ցեղասպանությունն ընդունելուն` խուսափելով նշված տերմինի կիրառումից: Թաներ Թիմուրն իր «Թուրքերը եւ հայերը. 1915թ.եւ հետո» ուսումնասիրության մեջ ահազանգում է` Թուրքիան արդեն իսկ անուղղակիորեն ընդունել է Հայոց ցեղասպանությունը, քանի որ հայկական կողմին հակադրվող թուրքական պաշտոնական թեզը, թե իբր «1915թ-ին տեղի է ունեցել 1 միլիոնից ավելի հայերի բռնագաղթ, որոնցից 300 հազարը ճանապարհին մահացել են (սպանվել են)» համահունչ է ցեղասպանության մասին 1948թ-ի ՄԱԿ-ի կոնվենցիային: Ոչ անհայտ Ռագիփ Զարաքօլուն 2000թ-ին Թուրքիայում հրատարակեց Վահագն Դադրյանի «Ցեղասպանություն» գիրքը: «Սու յայընլարը» հրատարակչությունը հրատարակում, վերահրատարակում եւ հաջողությամբ սպառում է գերմանաբնակ թուրք սոցիոլոգ Թաներ Աքչամի ուսումնասիրությունները` «Թուրքական ազգային ինքնությունը եւ հայկական հարցը», «Հայկական հարցը եւ մարդու իրավունքները» եւ այլն: 2001թ-ին Աքչամի հրատարակած վերջին գիրքը վերնագրված է. «Հայկական տաբուն վերանում է»: Տաբուի վերացումը նկատելի է նաեւ մամուլի եւ պարբերականների պարագայում: 2001թ-ի ապրիլին «Աթլաս» ամսագիրը տպագրեց Գյուրսել Գյոնջուի «Հայկական բռնագաղթը. 100 հազարների ողբերգությունը» հոդվածը, որում մեջբերված էր Վանի 108 ամյա մի բանկչի վկայությունը «1915թ-ին քրդական հրոսակների կողմից գյուղեգյուղ հայերին սպանելու» մասին, կոչ էր արվում հաշվի նստել հայերի կարոտախտի զգացմունքների հետ: «Հայերն էլ այս հողերի զավակներն են», - հայտարարել էր Գյոնջուն:
Իհարկե, նման հրապարակումների նախաձեռնողը թուրքական պետական շրջանակները չեն, դրանք լույս են տեսնում առավելապես ձախակողմյան ընդհուպ մինչեւ հեղափոխական հայացքներ ունեցող ուժերի, անհատների կողմից, բայց չի կարելի չարձանագրել պետության կողմից այս գրքերի տարածմանը չհակառակվելու, չխոչընդոտելու իրողությունը:10 տարի առաջ նման բան լինել չէր կարող:
Սակայն լավատեսությունն այստեղ պետք է չափավորել եւ չմոռանալ թուրքական պետության առանձնահատկությունը. գեներալների կողմից վերահսկվող երկրում անակնկալ կերպով սկսված ժողովրդավարացման գործընթացը նույնքան անսպասելիորեն կարող է արգելակվել գլխավոր շտաբում կամ անվտանգության խորհրդում ընդունված համապատասխան որոշումից հետո:
Առայժմ հայկական տաբուն ամբողջությամբ վերացված չէ: Բայց վերջին երեք-չորս տարիների ընթացքում կարծես սկսվել է այդ դժվարին, Թուրքիայի պարագայում իրոք դժվարին գործընթացը: Կարծում եմ պատճառահետեւանքային կապ կա ՀՀ արտաքին քաղաքականության մեջ եղեռնի ճանաչման խնդիրն օրակարգային դարձնելու եւ Թուրքիայում հարցը փականքի տակից դուրս բերելու միջեւ: Ցեղասպանության ճանաչումները թուրք հասարակայնության մեջ առաջացրեց հարցից ավելի տեղյակ լինելու կարիք, հրապարակ եկած տասնյակ թեր ու դեմ գրքերը եկան լրացնելու այս վակուումը:
Եղեռնի ճանաչմանն ուղղված Երեւանի գործունեությունը վերջնական իմաստով շահեկան է նաեւ Եվրոպա ձգտող մեր հարեւանի համար` այս երկրում ժողովրդականացման հիմնավորման, բաց հասարակության ձեւավորման, աշխարհի հետ քաղաքակիրթ կերպով փոխհարաբերվելու համար: Թեեւ ներկայումս չենք կարող պնդել, թե պաշտոնական Անկարայում գիտակցում են այս հանգամանքը, բայց այս ուղղությամբ դրական զարգացումները արձանագրելու պահանջ ունեն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել