«Խաչքարի արվեստ` հայկական սուրբ քարեր» ցուցահանդեսը` ՅՈւՆԵՍԿՕ-Ի կենտրոնակայանում
Հունիսի 15-ից 24-ը Փարիզում` ՅՈւՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, կազմակերպում է «Խաչքարի արվեստ` հայկական սուրբ քարեր» խորագրով ցուցահանդեսը` ներկայացնելով հայ ժողովրդի հարուստ մշակութային ժառանգության դրսևորման անկյունաքարերից մեկը` խաչքարի մշակույթը: Ցուցահանդեսի պաշտոնական բացումը տեղի կունենա հունիսի 15-ին` ժամը 18:30-ին:
Ցուցահանդեսը կազմակերպում է ՀՀ մշակույթի նախարարությունը և Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությամբ` «Խաչքարի արվեստ. խաչքարի խորհուրդն ու խաչքարագործությունը» ազգային արժեքը ՅՈւՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերում գրանցվելու կապակցությամբ:
Ցուցադրության մեջ ներառվել են տարբեր ժամանակներում և պատմական Հայաստանի տարբեր շրջաններում կերտված լավագույն խաչքարերի շուրջ 60 լուսանկար, ինչպես նաև խաչքարային մշակույթի տարածման արեալներն ընդգրկող քարտեզ ու խաչքարի մշակույթը լուսաբանող գիտական բացատրագրեր: Այցելուների համար հրատարակվել է նաև ցուցահանդեսի կատալոգը` անգլերենով և ֆրանսերենով:
ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանի գլխավորած պատվիրակության կազմում Փարիզ են մեկնել Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ Լևոն Չուգասզյանը, նախարարության աշխատակազմի մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Երանուհի Մարգարյանը, արվեստի պատմության դոկտոր Պատրիկ Դոնաբեդյանը:
ՀՀ մշակույթի նախարարության տեղեկացմամբ` ցուցահանդեսի ընթացքում նկարիչ-քանդակագործ Ռոբերտ Մինասյանը տեղում, քարի վրա աշխատելով, այցելուներին կներկայացնի խաչքարի կերտման տեխնիկան ու վարպետությունը` մեկ անգամ ևս փաստելով մեզանում ոչ նյութական մշակութային ժառանգության մաս խաչքարագործության կենդանի և կենսունակ լինելու հանգամանքը:
Այդ օրերին Փարիզի ՅՈւՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կընթանան նաև ՅՈւՆԵՍԿՕ-ի «Մշակույթի և բնության համաշխարհային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 35-րդ և «Մշակութային ինքնաարտահայտումների բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» կոնվենցիայի նստաշրջանները, որոնց կմասնակցեն ՅՈւՆԵՍԿՕ-ին անդամակցող 100-ից ավելի պետության ներկայացուցիչներ:
Նստաշրջաններին Հայաստանը կներկայացնեն մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը և «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» տնօրենի տեղակալ Արտաշես Առաքելյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել