
Բարսեղ Բեգլարյանի որդին նոր բիզնես է սկսել վրացիների հետ
Քիչ առաջ «Ֆլեշ-Թեգետա Մոտորս» ՍՊԸ-ն հաղորդագրություն տարածեց Հայաստանում նոր, եվրոպական ստանդարտներով, մուլտիբրենդային ավտոսերվիսի բացման մասին:
Վաղը` ժամը 14:00-ին Երևանում` Ռուբինյանց 31 հասցեում բացվելու է «Ֆլեշ-Թեգետա Մոտորս» ընկերության գլխամասային գրասենյակը և Հայաստանում առաջին մուլտիբրենդային սերվիս-կենտրոնը՝ եվրոպական ստանդարտներին համապատասխան: Այս համատեղ` «Ֆլեշ-Թեգետա Մոտորս» ՍՊԸ-ի հիմնադիրներից է Նարեկ Բեգլարյանը` Բարսեղ Բեգլարյանի (Ֆլեշի Բարսեղ) որդին: Չնայած` մամուլի հարցով պատասխանատուն «Հետքին» ասաց, որ բիզնեսի հիմնադիրները ոչ թե Բարսեղ Բեգլարյանի որդին, այլ հենց ինքը` Բ. Բեգլարյանն է:
ՀՀ էլեկտրոնային ռեգիստրի տվյալներում հենց Նարեկ Բեգլարյանի անունն է, ինչպես նաև վրացի երկու անձանց` Թեմուր Կոչոձեի և Գիորգի Մշվիլդաձեի:
Թեմուր Կոչոձեն Վրաստանի խորհրդարանի նախորդ գումարման պատգամավոր էր` «Միասնական ազգային շարժումից», իսկ Գիորգի Մշվիլդաձեն TEGETA MOTORS-ի գլխավոր տնօրենն է:
««Ֆլեշ-Թեգետա Մոտորս» ընկերությունը կկիրառի «Թեգետա Մոտորս» ընկերության 17 տարիների ընթացքում կուտակած փորձը: Այն առաջին մուլտիբրենդային սերվիս-կենտրոնն է Հայաստանում, հագեցած ժամանակակից սարքավորումներով, եվրոպական ստանդարտներին համապատասխան` սպասարկման բարձր մակարդակով:
Բացման արարողությանը ներկա կլինեն բարձրաստիճան պաշտոնյաներ, խոշոր կազմակերպությունների ղեկավարներ, դեսպաններ և հյուպատոսներ, ինչպես նաև հյուրեր «Թեգետա Մոտորս» ընկերությունից և արտասահման պրեմիում բրենդերի ներկայացուցիչներ արտերկրից՝ ՌԴ, Գերմանիա, Ճապոնիա, Չինաստան, Ուկրաինա և այլն:
Վրացական «Թեգետա Մոտորս» ընկերության ավտոտեխսպասարկման կայաններ գործում են Վրաստանի տարբեր քաղաքներում՝ Փոթիում, Քութաիսիում, Ախալցխայում, Բաթումում, Թբիլիսիում և այլն:
Հայաստանյան շուկայում «Ֆլեշ-Թեգետա Մոտորս»-ը ներկայացնում է հետևյալ բրենդերը, մարտկոցներից՝ Optima, Energizer, Daewoo, Loxa և այլն, անվադողերից՝ Hankook, Goodrich, Bridgestone, Michelin, Goodyear և այլն, զտիչներից՝ Filtron, Hengst, Fleetguard, Japanparts և այլն:
Նշենք, որ ընկերության մոտ 80 աշխատակիցներից 9-ը Սիրիայից տեղափոխված մեր հայրենակիցներն են: Դեռ կան ևս 8 թափուր աշխատատեղեր, որոնք առաջիկա օրերին կհամալրվեն, այդ թվում նաև, սիրիահայ մասնագետներով»,- հայտնում է «Ֆլեշ-Թեգետա Մոտորս» ՍՊԸ-ն:
Մեկնաբանել