Dura Lex [1] հայրենադարձի համար
Վրաստանի խորհրդարանն, այնուամենայնիվ, ընդունեց օրենք 1940-ականներին արտաքսված քաղաքացիների հայրենադարձության մասին («20-րդ դարի 40-ական թվականներին Վրացական ԽՍՀ-ից բռնի տեղահանված անձանց հայրենադարձության մասին» - խմբ.)։ Հավանաբար, այս առիթով չաղլիկ հորթ չեն մորթի` այս պատմությունը շատ բաներով տարբերվում է անառակ որդու մասին առակից։ Խոսքն արտաքսված մեսխեթցի բնակչության վերադարձի մասին է։
Լավատեսներն ասում են, որ վերջապես Վրաստանը կդադարի լինել հետխորհրդային տարածության միակ երկիրը, որը հայրենադարձության հնարավորություն չի տվել իր արտաքսված քաղաքացիներին, որ վերջապես կկատարվի միջազգային հանրության առջեւ ստանձնած պարտավորությունը, որ երկիրը հավելյալ օգնություն կստանա Արեւմուտքից, որ… Ցանկը կարելի է շարունակել։
Սակայն, ինչպես միշտ, ավելի շատ են հոռետեսները։ Նրանց պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի։ Առաջինը նրանք են, ովքեր դեմ են ցանկացած տեսակի հայրենադարձության` ազգայնականներից մինչեւ այն գյուղացիները, որոնք մշակում են այն հողատարածքները, որոնց վրա կանգնած էին արտաքսվածների տները։ Գտնում են հազար ու մեկ պատճառաբանություն։ «Վրացերեն չեն խոսում, եւ նրանց հավատքն էլ ուրիշ է»,- պնդում են ազգայնականները։ «Նրանք հարուստ են, կբերեն լիքը փող եւ կառնեն ամբողջ Վրաստանը»,- վախեցնում են «տնտեսագետները»։ «Նրանք մեզ կվռնդեն մեր տներից, կխլեն հողը»,- տրտնջում են աջ ծայրահեղական պրոպագանդայից ահաբեկված գյուղացիները։ Նրանք, նրանք, նրանք… Հայրենադարձության հակառակորդների մեծ մասը «նրանց» չի էլ տեսել…
Շատ ավելի սակավաթիվ է հոռետեսների երկրորդ խումբը։ Այստեղ նրանք են, ովքեր ցավում են արտաքսվածների համար, եւ որոնց հոռետեսությունը կապված է վրաց հասարակության մեջ առկա մերժողական տրամադրությունների, ինչպես նաեւ բուն օրենքի հետ։ Նրանք կարծում են, որ մեր «հայրենասերների» այսպիսի տրամադրվածության պայմաններում շատ քչերը կհամարձակվեն վերադառնալ։ Օրենքն էլ, իր հերթին, պարունակում է բավականաչափ թաքնված եւ բացահայտ խութեր, որոնց բախվելով` վերադառնալու մասին քանի~ երազանք կջախջախվի…
Հետաքրքիր կարծիք հայտնեց «Ազգային շարժման» ղեկավարներից մեկը` Գիգա Բոկերիան. «Մենք ոչ մի պարտավորություն չենք ստանձնի։ Կանենք այն, ինչ համապատասխանում է մեր շահերին։ Մի կողմից` դա կլինի պատմական արդարության վերականգնում, իսկ մյուս կողմից` դա կկատարվի այնպես, որպեսզի ոչ մի դեպքում ոչ մի սպառնալիք չստեղծվի մեր ազգային եւ պետական շահերի համար…»։
Dura Lex…
Այսպիսով, սա մի խիստ օրենք է…
Հոդված 3-ի առաջին կետն անվանում է այն մարդկանց խմբերը, որոնք ունեն հայրենադարձի կարգավիճակ խնդրելու իրավունք. դա «բռնի տեղահանված անձն է կամ նրա անմիջական ժառանգը»: Կարծես ամեն ինչ օրինական է:
Բայց նույն այս հոդվածի երկրորդ կետը բացատրում է, որ «առաջին կետում հիշատակվածների ամուսինները եւ անչափահաս երեխաներն իրավունք ունեն հայրենադարձի կարգավիճակ հայցելու մասին համապատասխան դիմում ներկայացնել, եթե առաջին կետում հիշատակված անձը ներկայացրել է հայրենադարձի կարգավիճակ հայցելու մասին դիմում, եւ կա նրա համաձայնությունը»։
Հետաքրքիր է, իսկ եթե «իրավունք ունեցող» անձը մահացել է կամ էլ ցանկություն չունի վերադառնալ Վրաստան, ապա ստացվում է, որ մեխանիկորեն կասեցվում է նրա ժառանգների` Վրաստան վերադառնալու իրավու՞նքը։
Հոդված 4-ը պարզաբանում է տալիս այն փաստաթղթերի վերաբերյալ, որոնք անհրաժեշտ են հայրենադարձի հպարտ կոչումը ստանալու համար։ Ուղիղ տասը տարատեսակ փաստաթուղթ։ Չհիշատակեմ մանրամասները, բայց մեկ-երկու փաստաթղթի արժե անդրադառնալ։
Պոտենցիալ հայրենադարձը պետք է ներկայացնի «բռնի վերաբնակության փաստը հաստատող փաստաթուղթ (փաստաթղթեր)»։ Մի՞թե պահանջվում է տեղեկանք Լավրենտի Բերիայի ստորագրությամբ։
Անհրաժեշտ է նաեւ «ֆինանսական եւ գույքային վիճակի մասին տեղեկությամբ» փաստաթուղթ։ Այս կետն ավելացվեց մեր խորհրդարանականների արտահայտած անհանգստությունից հետո` առանց վերահսկողության երկիր փող մտցնելու ռիսկի հետ կապված։ Մյուս կողմից` իշխանությունները տիտանական ջանքեր են թափում դրամական ներդրումներ ապահովելու համար։ Մի քիչ տարօրինակ տրամաբանություն է։
Բայց այս տասը փաստաթուղթը դեռ ամենը չէ։ Հոդված 7-ի առաջին կետը զգուշացնում է, որ «Վրաստանի կառավարությունն իրավունք ունի հաստատել լրացուցիչ պահանջներ հայրենադարձի կարգավիճակ շնորհելու հարցի վերաբերյալ»։ Սա նշանակում է, որ բոլոր թղթերը հավաքած հայրենադարձը չի կարող վստահ լինել, որ իրեն չեն ուղարկի հավելյալ տեղեկություններ բերելու։
Նույն հոդվածի 2-րդ կետը. «Հայրենադարձի կարգավիճակ շնորհելու մասին հարցը լուծելու համար կարող է առաջանալ զրույց, ինչպես նաեւ քաղաքացիական ինտեգրման հարցի հետ կապված ինչ-որ տեսակի թեսթավորում անցկացնելու անհրաժեշտություն»։ Շատ ենք ուզում հավատալ, որ սրանք կկատարվեն առանց կանխակալության։ Ինչ վերաբերում է ինտեգրմանը, ապա պետք է կարծել, որ արագ ինտեգրման համար կպահանջվի պետական լեզվի իմացություն (օրենքն ասում է. «Նախապատվություն է տրվում վրացերենի իմացությանը»)։ Հետաքրքիր է, թե քանի տոկոս են կազմում նրանք, ովքեր կկարողանան միանգամից հանձնել այդ թեսթը։
Sed lex, կամ` բողոքարկման ենթակա չէ
Սակայն ամենահետաքրքիրը, այդուհանդերձ, այդ հոդվածի հինգերորդ կետն է. «Հայրենադարձի կարգավիճակի հայցվորների դիմումների դիտարկման` տվյալ օրենքով նախատեսված արարողակարգերի վրա չեն տարածվում Վրաստանի ընդհանուր վարչական օրենսգրքի պահանջները» (հոդված 4, կետ 5)։
Հոդված 8-ում (կետ 3) արդեն անվանվում են օրենսգրքի որոշակի հոդվածներ. «Հայրենադարձի կարգավիճակ շնորհելու կամ մերժելու վարչաիրավական ակտերի վրա չեն տարածվում Վրաստանի ընդհանուր վարչական օրենսգրքի հոդված 177-ի եւ հոդված 178-ի երրորդ կետի գործողությունները»։
Վերծանենք այս պնդումը. օրենսգրքի այս հոդվածները խոսում են վարչաիրավական ակտերը բողոքարկելու իրավունքի մասին։
Այսինքն` Փախստականների հարցերով նախարարության ընդունած որոշումը` շնորհել կամ մերժել, վերջնական է եւ բողոքարկման ենթակա չէ… Բացի այդ, կենսական կարեւորություն ունեցող այս որոշումը կախված կլինի պաշտոնյայի բարի կամքից (կարելի է միայն գուշակել, թե նա ինչ հրահանգներով կառաջնորդվի)։ Բայց այստեղ ուրիշ վտանգ էլ կա. պաշտոնյայի «վճռի» վերջնականությունը ենթադրում է կոռուպցիայի բավական մեծ ռիսկ։ Թվում է, թե վերադարձողներից շատերն արագ կհասկանան, թե որքան արժեքավոր է որոշակի պաշտոնյայի «այո»-ն։ Իսկ թե որքան աննկուն կլինի պաշտոնյան, որին, կովկասյան լավագույն ավանդույթների համաձայն, կառաջարկեն «մաղարիչ», ոչ ոք չգիտի։
Ի՞նչ են մտածում նրանք, եւ ի՞նչ են մտածում մեր փորձագետները
Մինչ օրս մեսխեթցիների նկատմամբ ամենաանբարեհաճ տարածաշրջանը Կրասնոդարի մարզն (Ռուսաստան) է եղել։ Մի ժամանակ նրանք նույնիսկ առաջին տեղն էին զբաղեցնում այդտեղի «թշնամիների» ցուցակում, եւ տեղական իշխանությունները, ի սարսափ մեր ազգայնականների, բազմիցս պահանջել են, որպեսզի մեր իշխանությունները ետ վերցնեն «իրենց թուրքերին»։ Բայց մեր իշխանության խնդիրը լուծեց ԱՄՆ-ի իշխանությունը` այդ մարզից Ամերիկա տեղափոխելով մոտ 12 500 մեսխեթցի։ Մինչեւ հոկտեմբեր, երբ կավարտվի վերաբնակության ծրագիրը, կտեղափոխվի եւս մոտ 250 մարդ, եւ հիմա նրանք հազիվ թե ուզենան վերադառնալ Վրաստան։ Արդյունքում, ըստ Նովոռոսիյսկի մարդու իրավունքների կոմիտեի (ՆՄԻԿ) տվյալների, Կրասնոդարի մարզում կմնա մոտ 2 500 մեսխեթցի։
Մեր հարցին, թե այդ մարդկանց մեջ, որոնց մեզ մոտ շատերը համարում են հայրենադարձության առաջին թեկնածուները, ինչ տոկոս են կազմում Վրաստան վերադառնալ ցանկացողները, ՆՄԻԿ-ի գործադիր տնօրեն Թամար Կարաստելյովան պատասխանում է. «Մենք այդ հարցը տվել ենք բոլոր թուրք-մեսխեթցիներին, որոնց ճանաչում ենք եւ որոնց հետ աշխատում ենք, եւ ոչ մի անգամ դրական պատասխան չենք լսել»։
Արդյոք օրենքի ընդունումից հետո տրամադրությունները չե՞ն փոխվել։
«Սակավաթիվ մարդիկ, ովքեր գիտեն օրենքի մասին, այն գնահատում են խիստ բացասական։ Հրապարակային հայտարարություններ են պատրաստվում` ուղղված Եվրախորհրդի գլխավոր քարտուղարին»,- ասում է Կարաստելյովան։ Ըստ ՆՄԻԿ-ի տվյալների` նման հայտարարություն են պատրաստում եւ նրանք, ովքեր արդեն բնակություն են հաստատել ԱՄՆ-ում. նրանց առաջնորդ Սարվար Թեդորովը հիմա զբաղված է հենց դրանով։
Մի քանի ուրիշ մեսխեթական առաջնորդներ նույնպես հիացած չեն այդ օրենքով։ Թուրք-մեսխեթցիների կազմակերպությունների միջազգային դաշնության նախագահ Յունուս Զեյրեկն, օրինակ, մի հարցազրույցում որակեց այն որպես սպասելիքները չարդարացնող։ «Թուրք-մեսխեթցիները կշարունակեն գոյատեւել այս աշխարհում անհայրենիք համայնքով»,- ասել է նա։
Արդեն ասվեց, թե Թբիլիսիում հայրենադարձության հակառակորդներն ինչպես ընդունեցին այս օրենքը։ Հիմա բերենք նրանց կարծիքը, ովքեր այն չեն համարում «համաշխարհային դավադրության մաս» եւ «ատոմային ռումբի նման մի բան»։
Արդեն լուծարված` հայրենադարձության հարցերով հանձնաժողովի անդամ Դավիդ Ջափարիձե. «Օրենքը ենթադրում է հայրենադարձներին ճանաչել արտաքսման մասին ինչ-որ փաստաթղթերի հիման վրա, բայց արտաքսվածների բացարձակ մեծամասնությունը նման փաստաթղթեր չունի։ Օրենքից չի երեւում, թե պետությունն ինչպես է պատրաստվում վերահսկել նրանց վերադարձը, չկան նրանց ադապտացնելու եւ հասարակություն ինտեգրելու ծրագրեր։ Առհասարակ, ոչինչ չի ասվում ադապտացման կենտրոնների մասին, բնավ հասկանալի չէ, թե նրանք ինչպես պետք է վերադառնան»։
Նրա հետ համաձայն է նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի ապարատի աշխատակից Բեկա Մինդիաշվիլին, որը ողջունում է օրենքը` որպես «այդ մարդկանց վերադարձնելու ուղղությամբ կառավարության կատարած առաջին լուրջ քայլ». «Օրենքն ընդհանուր փաստաթուղթ է, որում գրված չէ, թե իրականում նրանք ինչպես պետք է վերադառնան, որպեսզի դա չհանգեցնի Վրաստանում լարվածության նոր օջախների առաջացման»։
Էլենե Թեւդորաձե, Մարդու իրավունքների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ. «Միակ բանը, որ նրանց տալիս է այդ օրենքը, հնարավորությունն է` անձամբ որոշելու` վերադառնա՞լ, թե՞ ոչ։ Այն նրանց ոչ մի երաշխիք չի տալիս։ Օրենքի նախագծի սկզբնական տարբերակը ենթադրում էր, որ պետությունն իր վրա կվերցնի հայրենադարձներին ընդունելու եւ բնակեցնելու պարտականությունը։ Բայց ներկա տարբերակում դա չկա։ Կարծում եմ` շատ քչերը կուզենան վերադառնալ»։
Վրաստանի հայրենադարձների միության նախագահ, մեսխեթցի Մարատ Բարաթաշվիլին օրենքի բացասական կողմերից մեկն է համարում այն, որ այնտեղ ոչինչ չի ասվում արտաքսվածներին քաղաքական ճնշումների զոհեր ճանաչելու հնարավորության մասին։ «Օրենքում ոչինչ չի ասվում ադապտացման կենտրոնների ստեղծման մասին։ Հայրենադարձի կարգավիճակ ստանալու չափանիշները խիստ են եւ մշուշոտ. անհասկանալի է, թե ինչպես պետք է լուծվի կարգավիճակ շնորհելու հարցը։ Որոշումը պետք է ընդունի պաշտոնյան։ Օրենքը չի համապատասխանում արժանապատիվ վերադարձի սկզբունքին. մարդիկ պետք է ապացուցեն, որ մեղավոր չեն իրենց արտաքսման համար»,- ասում է նա։
«Կովկասյան տուն» ՀԿ ղեկավար Նաիրա Գալաշվիլին նույնպես համարում է, որ, նման օրենք ընդունելով, իշխանությունները «արտաքսվածների համար չեն ապահովել արժանապատիվ վերադարձ»։ Իսկ Էմիլ Ադելխանովի (Կովկասյան ինստիտուտ) կարծիքով` այդ օրենքը ծաղր է։ Հատկապես տպավորիչ է վերջնաժամկետը. փաստորեն, օրենքը կգործի 2008 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2009 թվականի հունվարի 1-ը, որից հետո այլեւս դիմումներ չեն ընդունվի։
60 տարվա մենություն
Բայց նրանց համար, ովքեր, հակառակ ամեն ինչի, կցանկանան վերադառնալ պատմական հայրենիք, հայրենադարձության մասին օրենքը, ինչպիսին էլ որ այն լինի, միակ օրինական հնարավորությունն է վերադառնալու այնտեղ, որտեղից նրանց տեղափոխել են զինվորական բեռնատարներով եւ անասունների համար նախատեսված վագոններով։ Վերադառնալ` գտնելու համար հայրենի տունը 60 տարվա մենությունից հետո…
Թերեւս հենց միայն պատմական հայրենիք վերադառնալու ցանկության համար, որ նրանք պահպանել են այսքան տարի, արժե հարգել այդ մարդկանց։ Եւ օգնել, որպեսզի նրանք վերադառնան եւ դառնան այն երկրի լիիրավ քաղաքացին, որի մասին երբեք չեն մոռացել։
Հ.Գ. Ադրբեջանական «Վաթան» ընկերության նախագահ Իբրահիմ Բուրխանովի խոսքերով` հայրենադարձության մասին օրենքի ընդունումից հետո մեսխեթցիների մի քանի ընտանիք արդեն իր հաշվին վերադարձել է Վրաստան, իսկ մի քանի տասնյակ մեսխեթցիներ արդեն Վրաստանում ձեռք են բերել անշարժ գույք։
------------------
[1] Dura lex, sed lex գ Օրենքը խիստ է, բայց օրենք է (լատ.)։
Թբիլիսի, հատուկ «Հետք»-ի համար
Հոդվածը պատրաստվել է Եվրամիության աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում: Հոդվածներում արտահայտված մտքերը կարող են չհամընկնել ԵՄ դիրքորոշումների հետ:
Իրակլի Չիխլաձե
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել