
Մերձավանցիները կեղծանունով նամակ են գրել գլխավոր դատախազին
«Հայտնում ենք Ձեզ Մերձավանի գյուղապետ Լեւոն Գրիգորյանի՝ տարիներ շարունակ գործող կոռուպցիոն գործերի մասին»,- այս բովանդակությամբ նամակ «Հետքի» խմբագրությունը ստացել է Արմավիրի մարզի Մերձավան գյուղի «մի խումբ բնակիչների» անունից: Այդպես էր ստորագրված 2 էջանոց նամակը, որտեղ շարադրված են գյուղապետի անձի հետ կապված մի շարք ապօրինություններ:
Ըստ նրանց` Լեւոն Գրիգորյանը, 15 տարի ղեկավարելով համայնքը եւ օգտվելով այն առիթից, որ համայնքի հողերը սեփականաշնորհված չեն, քանի որ նախկինում պատկանում էին գիտահետազոտական ինստիտուտներից մեկին, անօրինական ճանապարհներով, իր աշխատակազմի ղեկավարի հետ, առանց ավագանու անդամների իմացության, դրանք վաճառել է եւ գումարները գրպանել:
Նամակագիրների ասելով՝ գյուղապետը, մոտ լինելով կադաստրի նախկին եւ ներկայիս պետերի հետ, հողերը վաճառել է հիմնականում պաշտոնյաներին` նախարարների, քաղաքապետների եւ այլոց: «Ոչ մի գյուղացի չի գնել այդ հողերից, որովհետեւ տեղյակ չեն եղել»,- գրում են մերձավանցիները: Նամակում նաեւ գրված է, որ գյուղի չգործող մշակույթի տան համար գյուղապետը պահում է այնպիսի հաստիքներ եւ գումարները գրպանում, ինչպիսիք են, օրինակ, դռնապահ, հավաքարարներ, չգործող խմբերի ղեկավարներ եւ այլոք:
Նամակագիրները մտահոգություն են հայտնում, որ գյուղապետարանի «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան ստացման օրվանից գյուղապետի որդին` Պայքար Գրիգորյանը, օգտագործում է որպես սեփական ավտոմեքենա, մինչդեռ նա ունի 50.000 դոլար արժողության «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա:
Ըստ նրանց` մինչեւ գյուղապետ դառնալը Լեւոն Գրիգորյանը ապրել է վարձով, իսկ հիմա, բացի իր սեփական տնից՝ երկհարկանի տուն է կառուցել եւ վաճառել 180.000 դոլարով: «Ունի քարի արտադրամաս, որտեղ կա շուրջ 20 հաստոցից ավելին: Մեկ հաստոցի արժեքը 30-40 ԱՄՆ դոլար է: Գնացեք, հանրապետության քարի բոլոր արտադրամասերը միասին այդքան կուտակված քարեր չունեն, որքան իր արտադրամասում է»,- գրված է գյուղացիների նամակում: Նրանց հաշվարկով՝ գյուղապետին պատկանող արտադրամասում 100 ավտոմեքենայից ավել քար կա:
Ըստ նրանց` 1 բեռնատար ավտոմեքենայի քարն արժե 100.000 դրամ:
«Ինքներդ հաշվեք այս գումարները, եւ նա ամեն տարի այդքան քար է բերում միանգամից: Իսկ դեկտեմբեր-հունվար ամիսներին 5 հեկտարից ավել բազալտի քարի հանք է գնել: Հարց է առաջանում, որտեղի՞ց այդ փողերը նախկինում վարձով ապրողի մոտ,- հարց են տալիս նամակագիրները, եւ իրենք էլ պատասխանում:- Դրանք բոլորը համայնքի փողերով են արվում»:
Նամակագիրները փաստում են, որ գյուղապետ Գրիգորյանը ,մոտ լինելով Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ, իրեն «անձեռնմխելի» է համարում:
«Քարի արտադրամասի կողքի շենքում ապրում են Բաքվից եկած փախստականներ: Գյուղապետն այնքան ագահ է, որ այդ փախստականների առաջին հարկը գրավեց եւ իր տղայի համար, որն իբրեւ արտադրամասի տնօրեն է, օֆիս սարքեց: Մինչեւ ե՞րբ են շարունակվելու այս չքավոր ժողովրդի առաջ այդպիսի անօրինականությունները»,- նամակը եզրափակում են բնակիչները:
Գյուղապետ Լեւոն Գրիգորյանը, տեղեկանալով վերոնշյալ նամակի մասին, անակնկալի չեկավ: Պարզվում է՝ մոտ 2 շաբաթ առաջ նույնաբովանդակ նամակի հետքերով համայնքապետարանում ստուգումներ եւ հարցաքննություններ են իրականացրել ոստիկանության Էջմիածնի քննչական բաժնի աշխատակիցները:
Գյուղապետը տեղեկացրեց, որ Մերձավանի «մի խումբ բնակիչները» վերը նշված հարցապնդումներով նամակ ուղարկել են նաեւ ՀՀ գլխավոր դատախազին: Այնտեղից նամակը ուղարկվել է Արմավիրի մարզի դատախազություն, որտեղից էլ` ոստիկանության քննչական բաժին: Դատախազությանը հասցեագրված նամակի ծրարի վրա նշված է եղել «Պ. Սարգսյան»: Պետրոս Սարգսյան է գրված նաեւ «Հետքին» ուղղված նամակի ծրարի վրա: Լ. Գրիգորյանի ասելով՝ Պետրոս Սարգսյան անուն-ազգանունով գյուղում երկու բնակիչ ունեն` պապ ու թոռ: Էջմիածնի ոստիկանության քննիչները երկուսին էլ կանչել, քննել են, բայց նրանք նամակից տեղյակ չեն եղել: Գյուղապետն ասում է, որ իրեն շատ հետաքրքիր է, թե իրականում ով է թաքնված Պետրոս Սարգսյան անվան հետեւում:
Լեւոն Գրիգորյանը կասկածում է, թե «մի խումբ բնակիչներն» իրականում Մերձավանի բնակիչներ են: Իսկ մերձավանցիներն էլ կարծում են, թե գյուղում արդեն նախընտրական կրքերն են շիկանում: 2012 թ.-ին համայնքապետի ընտրություններ են լինելու Մերձավանում, եւ, գյուղացիների կարծիքով, ինչ որ մեկը փորձում է այդ կերպ վարկաբեկել գործող գյուղապետին, որպեսզի իր համար պարարտ հող ստեղծի:
Անդրադառնալով նամակում նշված փաստերին եւ այն մեղադրանքներին, թե հողերն առանց ավագանու գիտության վաճառվել են պաշտոնյաներին՝ Լեւոն Գրիգորյանը, մեկ առ մեկ ցույց տվեց այն գրանցամատյանները, որտեղ գրառվել եւ կցվել են կայացած աճուրդների բոլոր փաստաթղթերը, կից` հայտարարություններ տալու մասին թերթերի էջերով:
Ըստ գյուղապետի` Մերձավանում սեփականաշնորհում չի եղել, իսկ հողերը պատկանել են Խաղողագործության եւ բույսերի պաշտպանության ինստիտուտին: Միայն 2006 թ. Կառավարության որոշմամբ են հողերը փոխանցվել համայնքին որպես սեփականություն: «Մինչ այդ ինստիտուտը հողերը վարձակալությամբ տվել է ինչ-որ անհատների: Երբ հողերը տրվեցին համայնքին, մարդիկ դիմել են մեզ, թե ուզում ենք հողերը սեփականացնել, ես էլ ասացի, որ սեփականացնելու համար պիտի ավագանու նիստով որոշվի հողերի վաճառքը, եւ հրապարակային աճուրդով վաճառվի: Այդպես էլ եղել է: Գումարներն էլ չեն յուրացվել, այլ մուտքագրվել են «Արդշինինվեստբանկ», որտեղից էլ՝ համայնքային բյուջե»,- ասում է Լեւոն Գրիգորյանը:
Դիտելով գրանցամատյանները՝ այնտեղ հայտնաբերեցինք մի շարք մարդկանց անուններ, որոնք Մերձավան համայնքից չեն, սակայն աճուրդով հողեր են գնել: Նրանց թվում էր նաեւ Արմավիրի մարզպետի որդին` Սարգիս Ղահրամանյանը: Վերջինս 2007 թ.-ի մարտի 23-ին կայացած աճուրդով գյուղում ձեռք է բերել 8.28 հա 4-րդ կարգի հող` վճարելով 5 մլն 151 հազ. 300 դրամ:
Հարցին, թե ինչու են պաշտոնյաները Մերձավանում հողեր գնել, Լեւոն Գրիգորյանը պատասխանեց, թե գնորդները միայն պաշտոնյաներ չեն, եւ Մերձավանի բնակիչները նույնպես մասնակցել են աճուրդներին, իսկ ով ավելի շատ գումար է առաջարկել հողի համար, նա էլ հաղթել է: «Ո՞վ ասաց, որ միայն պաշտոնյաներ են գնորդները: Ես չեմ կարող ասել, թե ովքեր են պաշտոնյաները: Հողը հրապարակային, բաց աճուրդով վաճառվել է բոլորի աչքի առջեւ: Ես ի՞նչ գիտեմ, ով է պաշտոնյա, ով` ոչ»,- ավելացրեց գյուղապետը:
Անդրադառնալով նամակում նշված այն հարցին, թե մշակույթի տանը պահում եւ վարձատրում է չգործող խմբի ղեկավարներ եւ այլ հաստիքներ՝ Լեւոն Սարգսյանը մշակույթի տան տնօրեն Վեմիր Խուրշուդյանի ուղեկցությամբ շրջայց կազմակերպեց տարածքում: Մեր այցելության պահին երեխաները պարի դաս էին անում, իսկ շենքը վերանորոգված էր եւ ներսից բավականին հրապուրիչ տեսք ուներ: Լ. Գրիգորյանն ասաց, որ վերանորոգումն արվել է աճուրդով վաճառված հողերի գումարներով:
Ոսումնասիրելով մշակույթի տան հաստիքացուցակը՝ այնտեղ չգտանք ոչ խմբերի ղեկավարների, ինչպես նշված էր նամակում, ոչ էլ դռնապահի եւ այլ հաստիքներ: Մշակույթի տանն աշխատում են 8 հոգի` տնօրեն, հաշվապահ, սպորտհրահանգիչ, գեղմասվար, գրադարանի վարիչ, պահակ եւ երկու հավաքարար:
Ըստ Լ. Գրիգորյանի՝ գյուղում գործում է պարային 2 խումբ` «Բալենի» ու «Փայլող աստղեր», նաեւ՝ ֆուտբոլային խումբ, որը մասնակցում է մարզային միջոցառումներին եւ պատվավոր տեղեր զբաղեցնում: Վերջինս գործում է արդեն 7 տարի:
«Ի՞նչ հաստիքների մասին է խոսքը: Մենք չգործող խումբ չունենք, բոլորը գործող են: Խմբի ղեկավարների ֆինանսավորում էլ չենք անում: Գյուղապետարանը միայն տարածքն է տվել, երեւի հավաքագրված վարձավճարներով են խմբի ղեկավարներին պահում»,- ավելացրեց գյուղապետը:
Ինչ վերաբերում է համայնքապետարանի «ՎԱԶ-2107» ավտոմեքենային, ապա Լեւոն Գրիգորյանն ասաց, թե ի պաշտոնե ինքն է օգտագործում, իսկ իր տղան այդ ավտոմեքենայի վրա «աչք չունի», քանի որ, ինչպես նամակում է նշված, նա ունի «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա: «Կարող է ասենք` մեքենան անսարք է եղել, ասել եմ` տար այս ինչ արհեստավորի մոտ, տղաս էլ տարել է: Ո՞նց կարող է իմ տղան օգտագործի: Նա ավելի լավ մեքենա ունի, քան «07»-ն է»,- հավելեց գյուղապետը: Նրա խոսքերով` որդու ավտոմեքենայի արժեքը ուռճացված է ներկայացվել եւ իրականում 50.000 դոլար չարժե: «Ասողը թող 25.000 դոլար տա, այդ ավտոմեքենան վաճառեմ իրեն»,- հավելում է Լ. Գրիգորյանը:
Վերջինիս ասելով` դատախազությանն ու «Հետքին» նամակ գրողը լավ տեղեկացված չի եղել իր անձնական կյանքի մասին, քանի որ ինքը երբեք վարձով չի ապրել, ինչպես գրել են: Խաղողագործության եւ բույսերի պաշտպանության ինստիտուտում աշխատելով որպես մատակարար, բաժնի պետ, հետո էլ մինչեւ 1998 թ. բազայի տնօրեն՝ 1987 թվականին Մերձավանում տուն է ստացել եւ այնտեղ էլ ապրել է: Իսկ գյուղում երկհարկանի տուն կառուցել եւ վաճառել է ոչ թե գյուղապետը, այլ նրա ավագ որդին: Տունը որդին վաճառել է 2010 թ.-ին եւ դրանից հետո մեկնել է Հայաստանից: «Ասենք՝ ինքը կառուցել եւ վաճառել է, ի՞նչ կապ ունի իմ տղայի տունն ինձ հետ: Հետո էլ 180.000 դոլարով չի վաճառել, որ գրել են»,- ասում է Լեւոն Գրիգորյանը:
Անդրադառնալով 5 հա քարի հանք գնելու եւ քարի արտադրամասում 20 հաստոց աշխատացնելուն՝ ասաց, թե եթե այդքան կարողություն ունենար, այլեւս գյուղապետ չէր աշխատի: «Ունենք 5 հաստոց, դրանք էլ չենք գնել, սարքավորումներով հավաքել ենք: Այդ հաստոցներից 2-ի հավաքման համար ինձ գումարով օգնել է Ամերիկայում ապրող եղբորս որդին: Մերձավանում հանքեր ունեն` «Շինանյութեր» ՓԲԸ-ն, «Գետն գրուպ»-ն ու «Քար եւ ավազ» ՍՊԸ-ն: Վերջերս էլ գիպսի հանքն է շահագործվում: Ես արտադրամասի քարը գնում եմ ինչպես նրանցից, այնպես էլ Նորքից, Մոնումենտից, Արամուսից: Ինձ հանք որտեղի՞ց»,- նշում է Մերձավանի գյուղապետը:
Նրա ասելով՝ քարի արտադրամասը հիմնվել է 7 տարի առաջ: Լեւոն Գրիգորյանը չի դժգոհում ստացված եկամուտներից. «Ոչինչ, կարողանում եմ դրանով տուն, ընտանիք պահեմ, ընկերությանը պիտանի լինեմ, շրջապատին օգտակար լինեմ»: Ասելով, թե ոչինչ չի թաքցնում՝ մի շրջայց էլ կազմակերպեց հենց արտադրամասի տարածքում:
Ինչ վերաբերում է արտադրամասի հարեւանությամբ գտնվող փախստականներով բնակեցված շենքի առաջին հարկը օֆիս դարձնելուն, ապա Լեւոն Գրիգորյանը նշում է, թե շենքը պատկանում է համայնքին, եւ հենց իր նախաձեռնությամբ է, որ այնտեղ 1993-94 թթ. փախստականներ են բնակեցվել: «Սուտ են ասում, որ օֆիս եմ այդտեղ սարքել: Մարդիկ կային՝ ուզում էին այդ շենքը գնել: Ասել եմ, որ փախստականների համար առանձին բնակարաններ գնեն, դրանից հետո նոր միայն կօգնեմ, որ գնեն: Այն ժամանակ, որպես բազայի տնօրեն, մի սենյակ ունեի այնտեղ, դա վերանորոգել եմ, որպես նստավայր եմ օգտագործում: Կարող է ստեղ էլ նստեմ, այնտեղ էլ: Դա իմ համար է՝ որպես համայնքի ղեկավար, տղայինս չէ»,-հավելեց գյուղապետը:
Մերձավանցիները մեզ հետ զրույցում մտավախություն հայտնեցին, որ այս պատմությունը դեռ երկար կշարունակվի եւ, հնարավոր է, առաջիկայում այլ դրսեւորումներ ունենա:
Մեկնաբանություններ (63)
Մեկնաբանել