HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Ինձ կոտրելու մոտեցումն անհեթեթություն է»

«Եթե ուրբաթ օրը ես քաղբանտարկյալի կարգավիճակով էի, ապա այսօր` քաղաքական հալածյալի: Այդ անհեթեթ, շինծու մեղադրանքն իմ վրայից դեռ հանված չէ, եւ որեւէ մեկն էլ ներողություն չի խնդրել մեկուսարանում իմ անցկացրած 4 ամիսների համար»,- սեպտեմբերի 10-ին հրավիրած մամուլի ասուլիսն այսպես սկսեց ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, ում ԱԱԾ-ն գլխավոր դատախազի ցուցումով ազատ էր արձակել սեպտեմբերի 6-ին:

«Որեւէ կասկած չունեմ, որ Եվրադատարանում իմ հայցը դրական լուծում է ստանալու, եւ այս ապօրինի կալանավորմանը համապատասխան գնահատական է տրվելու: Ես պիտի իմ բարի անունը վերականգնեմ, որովհետեւ ինձ զրպարտել են, պիտակներ են կպցրել,- ասում է նախկին նախարարը:- Հիմա գլխավոր դատախազը հանրապետությունով մեկ հայտարարում է, որ քրեական հանցագործություն է տեղի ունեցել, եւ մնում է միայն, որ ԱԱԾ-ն հիմնավորի Սաշիկ Աղազարյանի գումարների անօրինականությունը: Այսինքն` մնում է անել այն, ինչից պետք է սկսել: Դա հաստատում է, որ 4 ամիս առաջ ինձ տարել են մեկուսարան եւ սկսել են գործ սարքել: Սա իրավաբանական գործընթաց չէ, այլ քաղաքական պատվեր է, «բեսպրեդել»»:

Արզումանյանը բացարձակ չի կասկածում, որ ԱԱԾ-ի քննիչները եւ դատավորները գործել են «վերեւից» եկող հրամաններով.

«Ինձ հետաքրքրում է, թե այդ անհեթեթ վճիռներ կայացնող դատավորները ինչպես են իրենց կանանց ու երեխաների աչքերին նայում: Ում մատը խառն է իմ ապօրինի կալանավորման մեջ, պետք է բարոյականություն ունենա ներողություն խնդրելու համար»:

Բանախոսն ասում է, որ մյուսների նման ինքն էլ չգիտի, թե որն է իր ձերբակալման իրական պատճառը. «Երեւի ինձ քաղաքական այնպիսի ընդդիմախոս են համարում, որ ուզում են փակած պահել. ես հպարտ եմ, որ այդքան վախենում են ինձնից»:

Իսկ այն հարցին, թե միգուցե այդ կերպ իրեն փորձել են հոգեբանորեն ճնշել, «կոտրել», Արզումանյանը պատասխանում է. «Թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանը ինձ տարիներով գիտեն: Նրանք գիտեն, որ ինձ կոտրելու մոտեցումն անհեթեթություն է: Ես կոտրվող չեմ, թե չէ այս ամիսների ընթացքում արդեն կոտրված կլինեի: Ես որեւէ մեկից չեմ վախենում: Ես իմ կենսագրության որեւէ էպիզոդի համար ամաչելու բան չունեմ»:

Իսկ բուն մեղադրանքը, Արզումանյանի բնորոշմամբ, պարզապես աբսուրդ է:

«Այսօր կարելի է մտնել բանկ եւ ցանկացածի, ով գումար է ստանում, կալանավորել, հետո ստուգել իրականությունը: Նման մեղադրանք լինելուց առաջ պետք է լինի «կեղտոտ» գումարը, ոչ թե ասեն, թե գումար ես լվացել, հիմա պետք է պարզենք` գումարը «կեղտո՞տ» է, թե ոչ: Աբսուրդը սա է»,- շեշտում է «փողերի լվացման» մեջ մեղադրվող նախկին նախարարը:

Վերջինս իր դեմ հավանական ցուցմունք տված ծանոթների մասին նշում է. «Ամեն մեկն իր խղճի առաջ է պատասխանատու»:

Արզումանյանը շարունակելու է քաղաքական գործունեությունը: Նա գտնում է, որ գալիք նախագահական ընտրություններից առաջ ընդդիմությունը դատապարտված է միասնական հանդես գալու, իսկ եթե միասին չգնա պայքարի, որեւէ բանի հասնել չի կարող: ՀՀՇ-ական գործիչը համակարծիք է, որ միայն ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը կարող է հաղթանակ տանել Սերժ Սարգսյանի նկատմամբ եւ ամրապնդել այդ հաղթանակը:

Քանի դեռ Ալեքսանդր Արզումանյանի դեմ հարուցված քրգործը շարունակվում է, նա համարվում է քաղաքական հալածյալ: Այս առումով գործիչը կարեւորում է լրագրողների դերը. «Հայաստանում ես եւս մեկ անգամ համոզվեցի, որ ամենաշատ գործը լրագրողներն են անում, ինչը չեմ ասի քաղաքական գործիչների ու իրավապաշտպանների մասին: Այս խոսքերը, կարծում եմ, կկիսեն մյուս քաղբանտարկյալները` Ժիրայր Սեֆիլյանը, Արման Բաբաջանյանը, Վարդան Մալխասյանը: Մենք կշարունակենք պահանջել, որ Հայաստանում այլեւս քաղբանտարկյալ չլինի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter