Հայաստանի առաջնությունը թեւակոխում է նոր շրջան
Այսօրվանից Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության մասնակից ակումբները մեկնում են ձմեռային հանգստի: Ինչպես հայտնի է, ՀՖՖ-ի որոշմամբ, առաջնությունն անցկացվում է ոչ թե նախկինում գործող գարուն-աշուն, այլ աշուն-գարուն մրցակարգով: Այսինքն՝ 2012-2013 թթ. մրցաշրջանի չեմպիոնն ու գավաթակիրը հայտնի կդառնան եկող տարվա գարնանը: Այս փոփոխությունը կապված է եվրոպական գրաֆիկին համահունչ ընթանալու հետ:
Փոփոխության պատճառով նախկին 4-ի փոխարեն ներկա առաջնությունը կունենա 6 շրջան՝ 7-ական տուրով, ընդհանուր՝ 42 տուր: Արդեն խաղացվել է 32 տուր, մնացածը տեղի կունենան մարտ-մայիս ամիսներին:
Ձմեռային արձակուրդներից առաջ հակառակորդներից մեծ տարբերությամբ առաջ են անցել Գյումրու «Շիրակն» ու Երեւանի «Միկան»: Չնայած սկզբում առավելությունը երեւանցիների կողմն էր, հետո գյումրեցիները օգտվեցին միկացիների սայթաքումներից ու առաջ անցան նրանցից: Այդուհանդերձ, 32-րդ տուրում «Շիրակը» ոչ-ոքի խաղաց «Բանանցի» հետ ու այժմ ընդամենը 3 միավորով է գերազանցում «Միկային»: Իսկ դա նշանակում է, որ գարնանը նորովի են բորբոքվելու կրքերը՝ չեմպիոնի կոչմանն արժանանալու համար: Եթե «Շիրակն» ունի 69, իսկ «Միկան»՝ 66 միավոր, ապա 3-րդ տեղի համար կռիվ տվող Կապանի «Գանձասարը», Դիլիջանի «Իմպուլսը» վաստակել են 48-ական, իսկ Երեւանի «Փյունիկը»՝ 46 միավոր: Դժվար է հավատալ, որ հանգստից հետո երկու առաջատարները կարող են խաղային անկում ունենալ եւ թույլ տալ, որ այս եռյակից որեւէ մեկը խառնվի իրենց չեմպիոնական մրցավազքին:
Փաստորեն, ստացվել է այնպես, որ մրցաշարային աղյուսակը մի քանի հատվածի կարելի է բաժանել: Ոսկե մեդալների համար պայքարում է 2 թիմ, երրորդ տեղի համար՝ 3, գործող չեմպիոն Երեւանի «Ուլիսը» 32 միավորով, ըստ էության, իր տեղն է գտել արեւի տակ եւ դժվար թե կարողանա պայքարել մրցանակային տեղերի համար, իսկ հետնապահներ Երեւանի «Արարատն» ու «Բանանցը» ձգտելու են ավելացնել իրենց միավորների (24-ական) թիվը եւ չարժանանալ բարձրագույն խումբը լքելու ճակատագրին:
«Շիրակի» ու «Միկայի» հաջողություններն ունեն իրենց բացատրությունը: Երկու թիմերում էլ գլխավոր մարզիչներ Բիչախչյանն ու Հոռնյակը գտել են փորձի ու երիտասարդության համադրության լավագույն տարբերակներ, ինչը տալիս է պտուղներ: Ըստ էության, «Միկայի» տարեվերջյան սայթաքումները պայմանավորված էին երիտասարդների ու պատանիների հոգնածությամբ, քանի որ հենց նրանք են թիմի հիմնական շարժիչ ուժը, իսկ «Շիրակում» թրծվածներն ավելի շատ են, եւ ֆիզիկական պատրաստվածության խնդիր կարծես թե չկա: Գյումրեցիների կատարողներն էլ ավելի փորձառու են, աֆրիկացի լեգեոնականների լավ խումբ ունի թիմը, որը լուծում է շատ հարցեր: Հիշենք, որ անցյալ տարի «Շիրակն» ընդամենը 7-րդն էր, իսկ երբ հիմա ունի հովանավոր, կայուն ֆինանսավորում, վերելք է ապրում: Այդուհանդերձ, Ժոլտ Հոռնյակի կոլեկտիվը չի թողնի, որ գյումրեցիները ժամանակից շուտ մտածեն վերջնական հաղթանակի մասին, քանի որ երեք միավորի տարբերությունը չեզոքացնելը մնացած 10 տուրում առանձնապես դժվար չէ:
Հետաքրքիր պայքար է սպասվում «Գանձասարի», «Իմպուլսի» ու «Փյունիկի» միջեւ: Սեւադա Արզումանյանն անցյալ տարի չեմպիոնական բարձունքի հասցրեց «Ուլիսին», հիմա նա կփորձի «Գանձասարին» երրորդ անգամ դարձնել առաջնության բրոնզե մեդալակիր: Իհարկե, դրան կփորձեն հակադրվել Արմեն Գյուլբուդաղյանցի ու Վարդան Մինասյանի թիմերը: Եթե «Գանձասարը» ամենաքիչը (28) գոլ ընդունած թիմն է, եւ նրա դարպասը պաշտպանում է խոստումնալից Արսեն Բեգլարյանը, ապա «Իմպուլսում» հանդես է գալիս առաջնության լավագույն ռմբարկու Նորայր Գյոզալյանը, որն արդեն 20 գոլ է խփել: Ընդհանրապես, ի տարբերություն խորքից խաղացող կապանցիների, դիլիջանցիները հարձակողական մարտավարության կողմնակից են, եւ դա է նաեւ պատճառը, որ եթե «Գանձասարը» խփել է 35, ապա «Իմպուլսը»՝ 54 գոլ: Դիլիջանցիները, սակայն, շատ էլ բաց են թողնում՝ 49 գնդակ: Գնդակների 53-45 հարաբերակցությունն ունի «Փյունիկը», որը նույնպես խաղում է հարձակողական մարտավարությամբ եւ, չնայած պատանիների գերակշռությանը, միշտ էլ վտանգավոր մրցակից է եղել մյուսների համար:
Գործող չեմպիոն «Ուլիսի» անկումն, ըստ ամենայնի, պայմանավորված է առաջին հերթին նրանով, որ հիմնական մրցակիցներն իրենց արագությամբ մեկ գլուխ բարձր են այս թիմից: Չնայած «Ուլիսում» խաղում են փորձառու ֆուտբոլիստներ, այդ թվում՝ լեգեոներներ, սակայն թիմի միջին տարիքը բարձր է, ինչը չի կարող ազդեցության չունենալ երկարատեւ մրցաշրջանի ֆոնին: 2011-ի չեմպիոնությունից հետո միգուցե կա նաեւ մոտիվիացիայի պակաս, սակայն դա (եթե այդպես է) պատիվ չի բերում պրոֆեսիոնալ մարզիկներին: Նույն «Փյունիկի» պարագայում 2001-2010 թթ. ոչ մի անգամ չի նկատվել նման բան. ընդհակառակը՝ թիմը միշտ էլ ձգտել է նոր տիտղոսի, ինչը պիտի վարակիչ լինի բոլորի համար:
«Արարատն» ու «Բանանցը» կշարունակեն պայքարը նախավերջին տեղի համար, որը նրանց տեղ կապահովի բարձրագույն խմբում: Հատկապես «Բանանցի» պարագայում ներկայիս վերջին հորիզոնականը անսովոր է ու նաեւ զարմանալի, քանի որ ակումբն ունի լավ մարզաբազա՝ իր կառույցներով ու կադրերով, մանկապատանեկան լավ հիմք: Սակայն այն բանից հետո, երբ թիմը հենց առաջին փուլում դուրս մնաց գավաթի խաղարկությունից՝ զիջելով նորաստեղծ «Ալաշկերտին», գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանի գլխավերեւում նորից սեւ ամպեր կուտակվեցին: Չմոռանանք, որ թիմի երկրպագուները վերջերս պահանջել էին Նազարյանի պաշտոնանկությունը, ղեկավարությունն էլ համբերության կոչ էր արել եւ նշել, որ արձակուրդների ժամանակ կդիմի համապատասխան միջոցների: Այսքանից հետո կարելի է վստահ լինել, որ դրանք վիրահատական միջոցներ են լինելու, այլապես նման ընթացքի դեպքում «Բանանցին» սպառնում է առաջին խմբում հայտնվելու վտանգը: Մյուս կողմից՝ հարց է, թե ինչ կորոշի ՀՖՖ-ն. 2013/14 մրցաշրջանում բարձրագույն խումբը կունենա 8, թե՞ 9 մասնակից: Վերջին տեղում հայտնված թիմերին դուրս չթողնելը վաղուց արդեն կիրառելի է մեր ֆուտբոլում, ինչը լավ օրից չէ:
Եթե «Ալաշկերտին» առաջին խմբում փոխարինող չլինի, ապա կլինի հին ու ծանոթ պատկերը. այդ խմբի առաջնությունը կլինի զուտ ակումբների երկրորդ թիմերի պայքար, ինչն ընդհանրապես հետաքրքիր չէ մարզասերի համար:
Մրցակարգի փոփոխության պատճառով գործող գավաթակիր «Շիրակը» այդ կարգավիճակում սուպերգավաթի հաջորդ խաղարկությանը չի մասնակցի, քանի որ 2012-ի սուպերգավաթակիր չեմպիոն չունենալու արդյունքում նույնպես չենք ունենա: Այսինքն՝ հաջորդ տարի 2012/13 մրցաշրջանի չեմպիոնն ու գավաթակիրը պետք է խաղարկեն Հակոբ Տոնոյանի անվան սուպերգավաթը: Մի խոսքով՝ հայաստանյան ֆուտբոլը 2013-ից արդեն կունենա այն ընթացքը, ինչ գրեթե ամբողջ Եվրոպան:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել