«Ռեժիսոր լինելը ամուսնություն է. ամուսնանում ես սինեմայի հետ ու մինչև կյանքիդ վերջը պետք է նրա հետ լինես»
Թուրքական արտադրության «Պոլիս» ֆիլմում հնչում է Ցեղասպանություն բառը: Սա եղել է ամերիկահայ ռեժիսոր և սցենարիստ Էրիկ Նազարյանի նախապայմանը, երբ իրեն առաջարկել են մասնակցել «Չմոռանաս ինձ, Ստամբուլ» թուրքական նախագծին, որին մասնակցում էր 7 ռեժիսոր: Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2011 թ. Ստամբուլում: 18 րոպեանոց ֆիլմը պատմում է սփյուռքահայ երաժիշտ Արմենակի մասին, ով Ստամբուլում փորձում է գտնել իր պապի ուդի խանութը, որը գոյություն ուներ նախքան 1915 թ. Հայոց ցեղասպանությունը: Այստեղ նա հանդիպում է թուրք այրի Ռեյհանին, ում հետ զրույցի միջոցով էլ վեր են բարձրացվում անցյալի դեռևս չլուծված խնդիրները:
- Էրիկ, Պոլիսի միջոցով ի՞նչ բացահայտեցիք ձեզ համար ֆիլմից դուրս:
- Ես շատ-շատ եմ հարգում պոլսահայ գաղութը: 1700 տարի այն գոյություն ունի, և հայերն են սարքել այդ քաղաքը հույների, հռոմեացիների հետ: Ցեղասպանությունից հետո, այդքանից հետո այդ ժողովուրդը դեռ մաքուր, զուլալ, կոկիկ, այնպիսի հայերեն է խոսում, քեֆս գալիս է: Նրանց գիր-գրականությունը, նամուսը, հարգանքը, համեստությունն ինձ համար մեծ ոգևորություն է: Այդքան ցավ են տեսել, գաղթի մեջ էլ դպրոցներ, եկեղեցիներ, հիվանդանոցներ ունեն, որը հայերեն տառերով գրված է: Դա քիչ բան չէ:
Եվ Հրանտ Դինքի ընտանիքը, որն ինձ անբացատրելի ոգևորեց, քաջալերեց: Այդ գործի գաղափարը ծնվեց այն օրը, երբ իմացա Հրանտ Դինքի մահվան մասին: Հասկացա, որ հիմա պետք է մտնեմ ստեղծագործական կռվադաշտ իմ ապարատով և իմ գրիչով, որովհետև իր գործը պետք է շարունակել մի փոքր ձևով, սինեմայի միջոցով, որովհետև այդ մարդը մենակ էր: Երբեք չմոռանանք, որ այն ժամանակ, երբ կարող էինք նրան ավելի շատ օգնել, մենք չօգնեցինք: Մեկը, որ գիտես՝ ճնշվում է և լավ գործ է անում քո ազգի համար, դու պետք է կանգնես և այդ մարդուն օգնես:
Էրիկը նշում է, որ իրեն հաջողվել է աշխատել շուրջ 40 թուրքի ու քրդի հետ, որոնց հասցրել է պատմել հայոց պատմության, նաև Ցեղասպանության մասին այն դեպքում, երբ շատերը դրա մասին չգիտեին: Հիմա էլ նրանցից շատերի հետ կապի մեջ է: Ամերիկահայ ռեժիսորը խոստովանում է, որ ցանկանում է կրկին մեկնել Պոլիս և նոր ֆիլմեր նկարահանել այնտեղ:
Էրիկ Նազարյանի հետ պարզաբանեցինք նաև կինեմատոգրաֆիայի որոշ հարցեր:
«Կինո սիրող ազգ ենք, բայց կինոյի ինդուստրիա չունենք»
- Խորհրդային տարիներին Հայաստանը կարողացել է ստեղծել հրաշալի ֆիլմեր, որոնք մինչև այժմ հաճույքով դիտում ենք: Սակայն, ըստ ձեզ, ի՞նչն է պատճառը, որ այժմ մեզ չի հաջողվում ստեղծել գոնե խորհրդային ֆիլմերին համարժեք ֆիլմեր: Հներով հպարտանում ենք, բայց նորերը չունենք:
- Բավական պատճառներ կան: Լուծվող հարց է, բայց ժամանակ է պետք: Մեր երկիրը «Ոսկե ծիրանի» շնորհիվ կազմակերպում է մի կինոփառատոն, որի շնորհիվ աշխարհի լավագույն բեմադրիչները, կինեմատոգրաֆիստները գալիս են այս երկիրը: Դա քիչ բան չէ: Ինձ համար դա նշանակում է, որ մենք զարգանալու, լավ կինոյի մշակույթ ունենք:
Կինո սիրող ազգ ենք, շատ-շատ ենք սիրում: Բայց կինոյի ինդուստրիա չունենք այն մակարդակով, որ ուրիշ երկրներում է: Հասկանալի է. որովհետև շատ փոքր երկիր է: Պետք է համբերատար լինենք: Պարտադիր չէ, որ միշտ ասենք` «մենք, մենք, մենք սա ունենք», դա բոլորս էլ գիտենք: Ուղղակի պարտադիր է, որ մոտեցումը և հասկացողությունը սինեմայի հանդեպ մշակվեն, լավ սցենարիստներ լինեն:
Հիմա Մալազիայում, Պարսկաստանում, Թուրքիայում, Ռումինիայում այնպիսի զարմանալի փոքր ֆիլմեր են արտադրում, որ գնում են Կանն և մրցանակներ են շահում: Այդ մարդիկ շատ հնարավորություններ չունեն: Պետք չէ մտածել, որ եթե մենք այս, այս բաներն ունենայինք, մենք ամեն ինչ կարող էինք անել: Չէ: Զարգացումը կախված է ներքին զարգացումից, ոչ թե տեխնոլոգիաների: Մեր պոտենցիալը շատ է, հնարավորություններ որոշ չափով ունենք, բայց կազմակերպությունը քիչ է, և ինդուստրիա համարյա գոյություն չունի:
- Իսկ միջազգային մակարդակով արդյոք այսօր կինոն ճգնաժամի մե՞ջ է, թե՞ իր բնականոն հունով զարգանում է:
- Հատուկ այդպիսի ճգնաժամ չկա, բայց տնտեսական ճգնաժամ կա. ամեն ինչը տնտեսության հետ է կապված: Երանի թե կինոյում էլ արվեստագետի նման կտավը մենք ներկեինք, ամեն ինչը մեր ձեռքերով անեինք, բայց կինոն սուղ է: Այսօր սինեմայի մեջ ամենամեծ պրոբլեմը լավ սցենարների պակասությունն է:
«Ամեն մարդ, ով ապարատը վերցնում է, չի նշանակում, որ կինոռեժիսոր է»
![]() |
| Էրիկ Նազարյանը դերասանուհի Ալիսա Միլանոյի հետ |
- Կինոյի հնարավորությունների` տեխնիկայի զարգացմանը զուգահեռ բարձրանո՞ւմ է արդյոք կինոյի որակը:
- Հիմա դու կարող ես քո Iphone-ով ֆիլմ նկարել, հնարավորությունները շատացել են, ծախսը գնալով իջնում է: Այդ կողմից զարգացումը շատ լավն է, բայց ամեն մարդ, ով ապարատը վերցնում է, չի նշանակում, որ կինոռեժիսոր է: Պետք է մշակվի, կինոյի դրամատուրգիայի օրենքները հասկանան, որ հետո կոտրեն: Պիկասոն նախքան իր կուբիստական նկարներ նկարելը լրիվ ուրիշ, նատուրալ ոճով էր նկարում, և այդպես իր զարգացումը եղավ: Եթե նա այդ սկզբնական, դասական քայլերը չաներ, չէր կարողանա այդպես նկարել:
- Այդ դեպքում Ձեր կարծիքով ռեժիսոր ծնվո՞ւմ են, թե՞ դառնում:
- Պետք է սովորել, շատ արագ աշխատել, զգաս, որ շատ բան կա գործի մեջ, ինչքան էլ սովորես, էլի բան կա: Ռեժիսոր լինելը ամուսնություն է. ամուսնանում ես սինեմայի հետ ու մինչև կյանքիդ վերջը պետք է նրա հետ լինես, փայփայես, սովորես, լսես, նոր գաղափարներ ստեղծես:
Հիմա մի բան է պակասում աշխարհի մեջ` հին թեմաները նոր գաղափարներով ներկայացնելը: Հեռուստացույցը միացնում ես` 90%-ը աղբ է: Ինչո՞ւ, որովհետև հանդիսատեսն այդ է ուզում տեսնել: Բայց պետք է կարողանաս լավ, մակարդակով պատմություններ նկարել և ներկայացնել: Հեռուստատեսությունը հիմա Ամերիկայում այնքան է զարգացած, որ ռեժիսորները, որ փոքր գումարներով ֆիլմ են նկարահանում և աշխարհում տարածում են, հույս է տալիս: Հին ռեժիսորները նոր տեխնոլագիաներով որ նոր ստեղծագործություններ են ստեղծում, հույս է տալիս: Հույսը շատ-շատ է: Ուղղակի Հայաստանում սցենարի թուլությունը շատ-շատ է:
- Նշեցիք, որ ցանկալի է՝ հին թեմաները նոր գաղափարներով մատուցել: Ի՞նչ թեմա կա, որ կցանկանայիք նոր ձևով ներկայացնել:
- Շատ կան: Պատերազմի ազդեցությունը երեխաների վրա: Գլոբալիզացիան հին թեմա է, բայց նոր մոտեցում է ուզում:
«Ես միշտ ծառայում եմ իմ մուսային. ինչ մուսան ինձ ասի, դա էլ պետք է անեմ»:
- Հաճախ եմ լսում, որ մարդիկ բողոքում են Հոլիվուդի ֆիլմերից` պատճառաբանելով, թե դրանք ձանձրալի և կանխատեսելի են: Դուք ի՞նչ կարծիքի եք:
- Հոլիվուդի նպատակը, բիզնեսը entertainment-ն (զվարճանք - հեղ.) է, և որ կարողանա համաշխարհային կինոշուկայի մեջ այնպիսի ֆիլմեր նկարել, որոնք ոչ մի տեղ չեն նկարվում. երկու ժամվա ընթացքում մարդկանց ուղեղն անջատի և զարմացնի: Կան լավ, ադրենալինային, էներգետիկ ֆիլմեր, որոնք entertainment են, Փարաջանովի «Նռան գույնը» չեն: Մի շարք արտակարգ ռեժիսորների Հոլիվուդն է ստեղծել: Ահավոր որակով ֆիլմեր կան, որոնց վրա միլիոններ են ծախսում: Բայց դժբախտաբար, միջազգային շուկան է հիմա որոշում` Հոլիվուդն ինչ է նկարում: Մեղքն ավելի շատ նրանցն է, քան Հոլիվուդինը, որովհետև դա է ժողովուրդն ուզում:
- Իսկ ո՞րն է ձեզ հահմար լավ կինոն, այն ի՞նչ պետք է ունենա:
- Պետք է ունենա ռեժիսորի շատ յուրահատուկ ձայն, շատ հումանիտար թեմա, որը ամբողջ աշխարհում կարողանա հեշտ «մարսվել», և շատ խորիմաստ գաղափար: Պակասում է յուրահատուկ ձայնը ֆիլմի մեջ: Հիմա կարևոր է լավ աչք, ականջ ունենալ, բայց ավելի կարևոր է լավ գիրք կարդալ:
- Երբ որոշում եք ֆիլմ նկարահանել, առաջինը մտածում եք իրականացնել ձեր գաղափա՞րը, թե՞ նաև մտածում եք՝ որքանով այն մրցունակ կլինի և կվաճառվի:
- Ես միշտ ծառայում եմ իմ մուսային. ինչ մուսան ինձ ասի, դա էլ պետք է անեմ: Վաճառվել-չվաճառվելը նույնպես շատ կարևոր է, բայց ես չեմ կարող նստել ասել` «Ավատարն» այսքան փող աշխատեց, «Բեթմենն»` այսքան… Ես փորձում եմ ստեղծել մաքուր, զուլալ, սինեմատիկ ֆիլմեր:
- Հիմա Ձեր մուսան ի՞նչ է ասում Ձեզ:
- Հիմա երկու նախագիծ ունեմ: Մեկը գրել եմ, որ Լոս Անջելեսում պետք է նկարահանեմ, մյուսը գրել եմ Հայաստանի և Թուրքիայի մասին: Երբ կինո չեմ բեմադրում, իմ ռեժիսոր բարեկամների համար եմ սցենարներ գրում: Այսօր իմ կյանքը գրիչն է և կինոապարատը:
Հ.Գ. Այժմ ամերիկահայ ռեժիսորն աշխատում է մի քանի նախագծի վրա: Դրանցից մեկը եռագրություն է, որը վերաբերում է գլոբալիզացիային, ինչպես նաև Հայաստանից Թուրքիա, Թուրքիայից Եվրոպա արտագաղթին: Առաջին մասը պատմում է հայ գաղթականների մասին, որի սցենարն արդեն պատրաստ է: Երկրորդ մասը Թուրքիայում լրագրողների մասին է, այնուհետև Կովկասում և Միջին Արևելքում մարդու իրավունքների պաշտպանության:
Միաժամանակ նա աշխատում է իր “Giants” («Հսկաներ») ֆիլմի վրա, որի սցենարի համար 2008 թ. ստացել է Ամերիկյան կինոակադեմիայի «Նիկոլ» դրամաշնորհը: Ֆիլմը պատմում է մի ուսանող մասին, ով ունի 7 օր՝ պատրաստվելու իր կյանքի մեծագույն իրադարձությանը: Երազների մասին պատմող ֆիլմում ռեժիսորի հարցն է հանդիսատեսին՝ եթե մի օր պարզվի, որ դու ընդամենը 7 օր ունես ապրելու, ինչպես կապրես:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել