HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՏԻ համակարգի զարգացման հարցերը ՏԿ նախարարության եւ ԱՄՆ ՄԶԳ համագործակցության օրակարգում են

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդին:

Կողմերը քննարկեցին «Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման համակարգի հետագա զարգացման եւ ապակենտրոնացման ռազմավարական մոտեցումներ»  փաստաթղթի հետ կապված հարցեր,  որը մշակվել է  ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ «Քաունթերփարթ ինթերնեշնլ» կազմակերպության կողմից իրականացվող «Քաղաքացիական հասարակության եւ տեղական ինքնակառավարման աջակցություն» ծրագրի շրջանակում:

«Մշակվել է բավականին հետաքրքիր փաստաթուղթ, որն արտացոլում է  այսօրվա իրականության խնդիրները եւ առաջարկում է դրանց  լուծումները»,-ընդգծեց փոխվարչապետը: Նշվեց, որ փաստաթուղթը լայն քննարկման է ներկայացվելու, առաջիկայում լսումներ կկազմակերպվեն  ԱԺ համապատասխան հանձնաժողովում, Հանրային խորհրդում: Ստացված առաջարկությունների հիման վրա մինչեւ տարեվերջ այն կամբողջացվի եւ կմշակվի դրանից բխող միջոցառումների ժամանակացույց:

Փոխվարչապետը տեղեկացրեց, որ նախատեսվում է ստեղծել տեղական եւ միջազգային փորձագետներից կազմված խումբ, որը կզբաղվի նոր խմբագրմամբ  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի մշակմամբ` փորձելով արտացոլել նշված փաստաթղթի մոտեցումները: ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավարն իր կառույցի անունից  աշխատանքներին մասնակցելու պատրաստակամություն հայտնեց: Զրուցակիցները կարեւորեցին նաեւ տեղերում քննարկումների, թեմայի շուրջ բանավեճերի կազմակերպումը:

Ա. Գեւորգյանն անդրադարձավ նաեւ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի կողմից  Արարատյան դաշտավայրի ստորերկրյա ջրային պաշարների ուսումնասիրության  ծրագրի իրականացման նախաձեռնությանը: Նա  ողջունեց գաղափարը`նշելով որ ջրային պաշարների արդյունավետ օգտագործման խնդիրը կառավարության ուշադրության կենտրոնում է, ինչպես նաեւ աջակցության պատրաստակամություն հայտնեց ծրագրի իրականացման գործում:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter