HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալին

Քաղաքային տնտեսության կառավարման ոլորտում փորձի փոխանակման և ներդրումային դաշտի զարգացմանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Չեխիայի Հանրապետության  արտաքին գործերի նախարարի տեղակալ Տոմաշ Դուբի հանդիպման ժամանակ:

Ողջունելով հայ-չեխական գործարար համաժողովի անցկացումը Երևանում, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ սա ևս մեկ անգամ փաստում է հայ-չեխական հարաբերությունների բարձր մակարդակը և հաստատում, որ փոխգործակցություն ծավալելու մեծ ներուժ կա նաև երկու երկրների քաղաքների միջև: Անդրադառնալով տեղական ինքնակառավարման ոլորտում համագործակցությանը, Տարոն Մարգարյանը նշել է, որ Երևանը հետաքրքրված է գործընկերային կապեր հաստատել չեխական քաղաքների հետ: «Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է փոխշահավետ համագործակցություն ծավալելու հարցում: Կան բազմաթիվ ոլորտներ, որտեղ մենք կարող ենք համագործակցել քաղաքային տնտեսության կառավարման բոլոր ուղղություններով և համոզված եմ, որ այդ համագործակցությունը արդյունավետ կլինի երկու կողմերի համար: Այս հարցում մենք ակնկալում ենք նաև Ձեր աջակցությունը»,- նշել է Տարոն Մարգարյանը, ավելացնելով, որ Հայաստանի և Չեխիայի առևտրի պալատների միջև արդեն իսկ գործնական կապեր են հաստատվել:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Չեխիայի Հանրապետության  արտաքին գործերի նախարարի տեղակալը ևս իր հերթին կարևորել է փոխշահավետ համագործակցությունը. «Մենք արդեն միջկառավարական կապեր ունենք հաստատած մի շարք ուղղություններով և ես վստահ եմ, որ հարաբերությունները կենսունակ կդառնան նաև Երևանի և չեխական քաղաքների միջև: Մենք հարուստ փորձ  ունենք հանրային տրանսպորտի, ջրային կառույցների կառավարման և մի շարք այլ ոլորտներում և կարծում եմ, որ այս ուղղությունները ևս կարող են համագործակցության մաս կազմել փորձի փոխանակման առումով»,-նշել է Տոմաշ Դուբը:   

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter