HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ռուբեն Հայրապետյանի գործերն անքննելի են

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի բժիշկ Վարդան Հովասափյանի հետ կապված պատմությունը մեծ աղմուկ բարձրացրեց լրատվամիջոցներում: Նախ՝ փաստերի մասին. նոյեմբերի 7-ին Կապանում կայացել էր Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության «Գանձասար»-«Փյունիկ» (1-0) հետաձգված հանդիպումը: Խաղի ժամանակ բավականին լուրջ վնասվածք էր ստացել «Փյունիկի» 18-ամյա հարձակվող Ղուկաս Պողոսյանը, որին անմիջապես տեղափոխել էին հիվանդանոց:

Հաջորդ օրը՝ նոյեմբերի 8-ին, երեւանյան ակումբի կայքում հայտնվեց տեղեկություն. «Կապանից Երևան վերադառնալու ճանապարհին մարզական կարգապահությունը և հաստատված նորմերը խախտելու համար ակումբի ղեկավարությունը աշխատանքից ազատել է թիմի գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանին: Խաղի ընթացքում ծանր վնասվածք ստացած Ղուկաս Պողոսյանին պատշաճ բժշկական օգնություն չցուցաբերելու, այնուհետև մարզական կարգապահությունը խախտելու, ոչ սթափ վիճակում գտնվելու համար (ոգելից խմիչք օգտագործած և խնջույքային տրամադրությամբ) ակումբի ղեկավարությունը որոշել է զբաղեցրած պաշտոնից հեռացնել բժիշկ Վարդան Հովասափյանին: Մարզական կարգապահությունը խախտելու և ոչ սթափ վիճակում գտնվելու համար (ոգելից խմիչք օգտագործած և խնջույքային տրամադրությամբ) աշխատանքից ազատվել է «Փյունիկ» ակումբի դարպասապահների մարզիչ Արթուր Ավագյանը»:  

Lurer.com-ը գրեց, որ այս միջադեպից հետո ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը դաժան ծեծի է ենթարկել Հովասափյանին, որը, դեմքը կարված, ծնոտը կոտրված, դուրս է եկել ֆեդերացիայի շենքից, տաքսի է նստել ու հեռացել: Այդ ընթացքում երբ ընկերներից մեկը հարցրել է, թե ով է արել, ասել է՝ Ռուբեն Հայրապետյանը: Դրանից հետո ՀՖՖ նախագահը, նրա խորհրդական Արայիկ Մանուկյանը անլուրջ որակեցին լուրերը ծեծի մասին: Տեղեկություն էր տարածվել նաեւ, որ անհայտ է բժշկի գտնվելու վայրը: Եվ ահա «Ժողովուրդի» հետ զրույցում Հովասափյանն ասել է, թե «աշխատանքային ինցիդենտ է եղել, երեւի գտել են, որ կարգապահության խախտում է եղել, եւ ազատել են աշխատանքից: Ուրիշ ոչ մի բան չի եղել, եւ դրա շուրջ կրքերը պետք է հանգստացնենք, ախր բան չի եղել»: Բժիշկը հավելել է, որ պարզապես տրամադրությունն ընկճված է, քանի որ կորցրել է սիրած աշխատանքը: Միաժամանակ հաստատել է, որ «մի փոքր խմիչք են օգտագործել», ինչի մասին վերադառնալուց տեղեկացել է ակումբի տնօրենը (խոսքը «Փյունիկի» գործադիր տնօրեն Կարեն Հարությունյանի մասին է): Իսկ ֆեդերացիայի նախագահի մասով նշել է. «Հայրապետյանը հանդիպել է բոլորիս հետ, զրուցել եւ ճանապարհ դրել, ուրիշ ոչ մի բան չի եղել»:   

Ոստիկանությունը մամուլին հայտնել է, որ ուսումնասիրում են հրապարակումները միջադեպի վերաբերյալ: Ուսումնասիրության արդյունքում էլ պարզ կլինի՝ եղել է նման բան, չի եղել, հարուցել քրգործ, թե ոչ:

Մինչ ոստիկանությունը կպարզի եղելությունը, համացանցում բուռն քննարկվում է այս միջադեպը, եւ կարծիքներ են հնչում, որ Նեմեց Ռուբոյից նման վարքագիծը հեռու չէ, իսկ բռնություններն էլ անպակաս են նրանից, ասել է թե՝ մեծ հաշվով ոչ մի անակնկալ էլ չի եղել, պարզապես նրա հերթական «քաջագործությունն» է:

Ըստ էության, միջադեպն այսպես էլ կանցնի-կգնա, քանի որ նախագահական ընտրություններից առաջ ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին հերթական գլխացավանք-«նեմեցապատումը» հաստատ պետք չէ: Սակայն դրանում համոզվելու համար հարկ կլինի սպասել ոստիկանության պարզաբանմանը: Բժշկի խոսքերը կարդալով էլ՝ հասկանում ես, որ մարդն իրոք վախեցած է: Իսկ «զրուցելուց ու ճանապարհ դնելուց» հետո ոչ ոք այդպես կաշկանդված ու ընկճված չի խոսում: Չմոռանանք, որ երբ ժամանակին ասում էին, թե Հայրապետյանը ծեծում է ֆուտբոլիստներին, նա ի պատասխան նշել էր, թե մի անգամ միայն ապտակել է երեխաների ներկայությամբ հայհոյած ֆուտբոլիստին: Կարելի՞ է ենթադրել, որ այս անգամ էլ ՀՖՖ նախագահը «բավարարվել է» մի մուշտիով…

Միջադեպին անդրադառնալիս շատերի ուշադրությունից սպրդեց այն, որ Վարդան Հովասափյանն ու դարպասապահների մարզիչ Արթուր Ավագյանը աշխատում էին նաեւ Հայաստանի ազգային հավաքականի հետ (Ավագյանը նաեւ երիտասարդականի մարզչական շտաբում էր ընդգրկված): Փաստն այն է, որ այս երկու մասնագետները հանրապետությունում լավագույններից են, սակայն նոյեմբերի 14-ին կայացած Հայաստան-Լիտվա խաղի ժամանակ նրանց չտեսանք պահեստայինների նստարանին, ինչը նույնպես անակնկալ չէր: Չնայած դե յուրե ներկայում «Փյունիկ» ակումբի նախագահը Հայրապետյանի ընկերն է՝ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը (ի դեպ, վերջինս միջադեպի մասին «Հետքի» լրագրողի հարցին ի պատասխան, ասել է, թե՝ շտապում եմ, հետո կզրուցենք, ու հեռացել է), սակայն փաստն այն է, որ ՀՖՖ-ն ու «Փյունիկը» ունեն մեկ ղեկավար՝ Ռուբեն Հայրապետյանը, որի խոսքն ու գործը երկու կառույցում էլ անքննելի են…  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter