HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Դատարանը հավատում է միայն պաշտոնյային

Անահիտ Մանանդյանը եւ Լեւոն Մելիքյանը աշխատել են ՀՀ կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալությունում հիմնադրման օրվանից:

2001 թվականի հուլիսին գործակալության պետ Զարեհ Սարգսյանին փոխարինեց ԱԺ պատգամավոր, «Հանրապետական» կուսակցության անդամ Գագիկ Խաչատրյանը: Մի քանի օր անց նոր պետը ծառայությունների ձեռքբերման բաժնի վարիչ Լ. Մելիքյանին եւ մի քանի այլ աշխատողների առաջարկեց ազատման դիմում գրել: «Նա աշխատանքի գալու հենց երկրորդ օրը կանչեց ինձ ու ասաց` դիմում գրիր, ազատվիր, որովհետեւ դու Զարեհ Սարգսյանի ընկերն ես: Ես չեմ ուզում, որ նրա մարդկանցից այստեղ մնան»,- պատմում է ծառայությունների ձեռքբերման բաժնի վարիչ Լ.Մելիքյանը: Նա հրաժարվեց դիմում գրել: «Գ.Խաչատրյանն ասաց` չեմ ուզում, որ դու բաժնի պետ աշխատես: Ես էլ պատասխանեցի` ինչ է վա՞տ եմ աշխատում, թերանո՞ւմ եմ, եթե այո, ապա ես կգնամ: Ասաց, չէ, ոչ մեկը չի կարող ասել, որ դու վատ աշխատող ես, ուղղակի չեմ ուզում, որ աշխատես: Ես էլ ասացի, իսկ ի՞նչ է նշանակում չեմ ուզում: Սա պետական հիմնարկ է, ես էլ` պետական ծառայող, մրցույթով եմ անցել, կառավարությունից հրավերով եմ եկել: Ասաց` ինչ ես ասո՞ւմ, ի՞նչ պետական հիմնարկ, ի՞նչ պետական ծառայություն, որոշում կայացնողը ես եմ այստեղ: Լավ, դու քո ասածն ասա, ես էլ իմը կանեմ, տեսնենք ով կշահի: Ու չորս ամիս հետո այդ կրճատումը արհեստականորեն ստեղծեց», - պատմում է ապրանքների ձեռքբերման բաժնի վարիչ Անահիտ Մանանդյանը:

Հայաստանում, որպես կանոն, պետական կառույցներում ղեկավարի փոփոխությունից ամբողջ համակարգը ցնցում է ապրում: Նոր ղեկավարը սկսում է տեղավորել իր մարդկանց: Աշխատողներից ով միջնորդ չի բերում, ով թիկունք չունի, դառնում է գործազուրկ: Oրենքների բազմաթիվ խախտումներով աշխատանքից ազատվել են պետական ծառայողներ: Նշենք, որ դեռեւս պատգամավոր Գ. Խաչատրյանը կողմ էր քվեարկել «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագծին: Բայց այն ժամանակ պետք էր քվեարկել, հրահանգն այդպիսին էր, նա էլ քվեարկել է: Գ. Խաչատրյանն որոշումը արդեն կայացրել էր, պետք է ազատվել իրեն ոչ հարմար աշխատողներից: Իսկ քանի որ դիմադրություն կար, որոշեց դա անել կառուցվածքային փոփոխությունների անվան տակ: Նրա հրամանով հաստատվեց գործակալության նոր կառուցվածքը: Թեեւ գործակալության պետը կառուցվածք հաստատելու իրավասություն չունի: Ըստ նոր կառուցվածքի` գնումների կազմակերպման վարչությունում մնաց երկու բաժին, այսինքն` աշխատանքների ձեռքբերման բաժինը միավորվեց ծառայությունների ձեռքբերման բաժնի հետ` դառնալով աշխատանքների եւ ծառայությունների բաժին, իսկ ապրանքների ձեռքբերման բաժինը վերանվանվեց ապրանքների ձեռքբերման եւ շուկայի ուսումնասիրության բաժին: Նշենք, որ այդ բաժինը ոչ մի նոր գործառույթ չի ստացել: Միավորված բաժնի վարիչ նշանակվեց գործակալության պետի խորհրդականը, իսկ Լ. Մելիքյանին ազատեցին աշխատանքից «հաստիքի կրճատում» պատճառաբանությամբ: Լ.Մելիքյանը գրավոր դիմեց գործակալության պետին` խնդրելով իրեն տրամադրել կառուցվածքային փոփոխության մասին հրամանի պատճենը, որպեսզի համոզվի իրո՞ք կրճատվել է իր հաստիքը: Գործակալության պետի տեղակալը գրավոր պատասխանեց, որ հաստիքը կրճատվել է:

Լ. Մելիքյանն ու Ա. Մանանդյանը օրենսդրությամբ սահմանված իրենց իրավունքները վերականգնելու ակնկալիքով դիմեցին Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարան: Ներկայացված գործերը քննել է դատավոր Սիմագյուլ Հովսեփյանը: Դատաքննությունից հետո նա վճռեց մերժել հայցերը ուշադրություն չդարձնելով գործակալության կողմից ՀՀ օրենսդրության խախտումներին: Անահիտ Մանանդյանի լիազոր ներկայացուցիչ Կորյուն Սարգսյանը դժգոհեց դատավորից. «Դատավոր Ս.Հովսեփյանը չգիտի, որ ՀՀ աշխատանքային օրենսդրության բաց տեղերը լրացվում է ՀՀ քաղաքացիական օրենսդրության դրույթներով: Աշխատանքային օրենսգրքում չի սահմանված, թե աշխատանքից ազատման նախազգուշացման հետ միաժամանակ այլ աշխատանքի առաջարկությունը պետք է արվի գրավո՞ր, թե՞ բանավոր: Սակայն ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ հստակ նշված է, որ ազատման մասին նախազգուշացումը գրավոր պետք է լինի»:

«Գործակալությունում ինձ ոչ ոք աշխատանքի առաջարկություն չի արել»,- ասում է Անահիտ Մանանդյանը: Դատարանում նույնը պնդեց նաեւ երկրորդ հայցվորը` Լ. Մելիքյանը: Գործակալության ներկայացուցիչ Հ. Բեգլարյանը փորձում էր դա ժխտել, սակայն ոչ մի գրավոր ապացույց չներկայացրեց: «Հաջորդ նիստին նրանք ներկայացրել են մի կեղծ արձանագրություն: Այն ոչ մի իրավաբանական ուժ ունենալ չի կարող: Այն իբրեւ ընդունվել է ինչ-որ հատուկ քննարկման ժամանակ: Նրա տակ ստորագրել են գործակալության աշխատողները»,- ավելացրեց Կ. Սարգսյանը: Դատավոր Ս. Հովսեփյանը հայտարարեց, որ ոչ մի իրավունք չունի չհավատալու պետական պաշտոնյայի վկայությանը: Իսկ քաղաքացուն ո՞վ պետք է հավատա: Այս դեպքում դատարանը փաստեց, որ կոչված է պաշտպանելու եւ հավատալու միայն պետական պաշտոնյային: Այնուհանդերձ, դատավոր Հովսեփյանի համար ակնհայտ էր, որ հայցվորների նկատմամբ օրենքի խախտումներ են տեղի ունեցել: Նա պատասխանողին նույնիսկ մի քանի անգամ հորդորեց հայցվորներին այլ աշխատանք առաջարկել, հարցը գործակալության պետի հետ քննարկելու համար նիստը հետաձգեց: Սակայն հաջորդ նիստի ժամանակ պատասխանողը փոխանցեց գործակալության պետի պնդումը, թե ոչինչ չունի հայցվորներին առաջարկելու: Սրանով ակնհայտ դարձավ, որ հայցվորներին, իրոք, ոչինչ չի էլ առաջարկվել: Դատավոր Ս. Հովսեփյանն անտեսեց այս հանգամանքն էլ, նաեւ այն, որ Լ. Մելիքյանն ունի երկու անչափահաս երեխա: Իսկ ՀՀ աշխատաքային օրենսդրությամբ այս վերջին պարագան նրան տալու էր աշխատանքում թողնելու նախապատվության իրավունք:

Առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռները բողոքարկվեցին Վերաքննիչ դատարանում, որտեղ 2002 թ. մարտի 11-ին դատավորներ Գ. Մատինյանի, Ն. Հովսեփյանի մասնակցությամբ, եւ դատավորներ Վ. Ավանեսյանի եւ Մ.Դրմեյանի նախագահությամբ անցկացվեցին դատական նիստերը: Նրանք նույնպես չհամարձակվեցին չհավատալ պետական մարմնի ներկայացուցիչներին: Երկու հայցերն էլ մերժվեցին:

Գործակալությունում իրականում տեղի է ունեցել ոչ թե հաստիքների կրճատում, այլ հաստիքացուցակի եւ հաստիքների վերանվանում: Գործակալության նախորդ կառուցվածքում կար 41 աշխատատեղ, նույնքան աշխատատեղ պահպանվել է: Նշենք, որ այն պաշտոնները, որոնք ըստ դատարանում գործակալության ներկայացուցչի ցուցմունքի, առաջարկվել են Անահիտին, մինչ օրս թափուր են:

Վերաքննիչում դատավորները պատասխանող կողմին նորից առաջարկեցին գտնել հաշտեցման ճանապարհ` մատնանշելով այդ գործակալությունում առկա թափուր պաշտոնները: Գործակալության ներկայացուցիչը նշեց, որ չի կարող ոչ մի աշխատանք առաջարկել: Ուշագրավն այն է որ դատավարության ընթացքի այս հատվածը արձանագրության մեջ տեղ չի գտել:

Պաշտոնյայի քմահաճույքով գործազուրկի կարգավիճակում հայտնված Անահիտ Մանանդյանը եւ Լեւոն Մելիքյանն իրենց իրավունքները կփորձեն պաշտպանել Վճռաբեկ դատարանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter