HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կրճատումները դպրոցներում անխուսափելի են

2007-2008 ուսումնական տարում Սյունիքի դպրոցներում կրճատվել է 150 դասարան:

Նախնական տվյալներով` Սյունիքի դպրոցներում այժմ հաշվառված է 1080 դասարան: Աշակերտների թիվն, ըստ Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Լյուդվիգ Հարությունյանի, 1092-ով պակաս է նախորդ տարվանից:

Այդ պատճառով այս ուսումնական տարում մարզի դպրոցներում կկրճատվի 150 դասարան, մի շարք դպրոցներում չեն լինի առաջին դասարաններ, գործազուրկ կդառնան տասնյակ ուսուցիչներ: Միայն Կապանի թիվ 1 հատուկ դպրոցի վերակազմավորման պատճառով 52 դասվար նոր ուսումնական տարում կհամալրի գործազուրկների բանակը։

«Փորձում ենք փակվող դասարանների թիվը կրճատել,- ասում է Լյուդվիգ Հարությունյանը,- որպեսզի որքան հնարավոր է քիչ ուսուցիչներ կորցնեն աշխատանքը: Հետեւում ենք, որ կադրերի ընտրության հնարավորություն ընձեռվի, որպեսզի դպրոցում մնան առավել փորձառու, հմուտ մանկավարժները. ոչ մի դեպքում պատահական կրճատումներ չեն լինելու»։

Ըստ Լյուդվիգ Հարությունյանի` աշակերտների թվի նվազման դեպքում միայն դասարաններ կկրճատվեն, որեւէ դպրոց չի փակվի, թեպետ, ինչպես նշեց նա, 2001 թվականից մինչեւ հիմա Սյունիքում չորս դպրոց է փակվել: Այսօր, ըստ կրթության վարչության պետի, դպրոցի պահպանման խնդիրն է դրված:

Վարչության պետի կանխատեսմամբ` մինչեւ 2008-2009 թվականները մարզում շարունակելու է նվազել աշակերտների թիվը, կրճատվել դասարանները, քանի որ ծնելիությունն էականորեն նվազել է:

Այս տարի, կրթության վարչության պետի տեղեկատվությամբ, նվազել է վեց տարեկան երեխաների թիվը։ Անցած տարի դպրոցներում երկուական դասարան է եղել, որոնցից մեկը համալրվել է վեց, մյուսը՝ վեցուկես տարեկան երեխաներով։ Այս ուսումնական տարվա համար մեկական դասարաններ հազիվ են կազմավորվում: Այս առումով, ինչպես վկայում է Հարությունյանը, անցյալ տարի եղել են խախտումներ, որոնք այժմ բացառվելու են:

Սահմանված կարգի համաձայն` դպրոցներում դասարանների միջին խտությունը չպետք է անցնի 35 աշակերտից, ավելի մեծ թվով աշակերտներ ունենալու դեպքում դասարանները կիսվում են: Սակայն, ի տարբերություն քաղաքային դպրոցների, գյուղական դպրոցներում անգամ 35 աշակերտը չի ապահովվում:

Անցած տարի նույն ժամանակաշրջանում Ֆինանսների նախարարությունը, ըստ Լյուդվիգ Հարությունյանի, թույլատրեց 4-5 աշակերտի դեպքում ունենալ մեկ հավաքական դասարան, բայց դա, նրա հավաստմամբ, ազդեց դպրոցների ֆինանսական խնդիրների վրա։

«Այն դեպքում, երբ դասարանի աշակերտների թիվը չի անցնում երեքը, չորսը, մանկավարժները նման միավորված դասարաններում պարապելու դիմաց վարձատրվում են կես հաստիքով: Փորձում ենք ՀՀ կրթության նախարարությանը ապացույցներ ներկայացնել, որպեսզի թույլատրվի, որ 5-6 աշակերտի դեպքում ուսուցիչն աշխատի մեկ դրույքով»,- պարզաբանում է Լյուդվիգ Հարությունյանը։

Վարչության պետը նշում է, որ շատ հարցերի պատասխաններ ինքն էլ չգիտի։ Ինչպես շատերի, այնպես էլ նրա համար առայժմ հարցականներն ավելի շատ են:

Այսպիսով` սեպտեմբերի 1-ը հոգսաշատ կլինի ոչ միայն ծնողների համար, ովքեր պիտի մտածեն երեխաներին դասագրքերով, գրենական պիտույքներով ապահովելու մասին, այլեւ մանկավարժների, որովհետեւ նրանցից շատերն այս ուսումնական տարում ստիպված կլինեն դիմել Զբաղվածության կենտրոն՝ գործազրկության նպաստ ստանալու նպատակով: 

Հոդվածը պատրաստել է «Գորիսի մամուլի ակումբ» հ/կ-ն՝ Համաշխարհային բանկի եւ Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ-Հայաստանի գրասենյակի ֆինանսական աջակցությամբ:

Արմինե Պետրոսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter