HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առանց արտոնագրի թունաքիմիկատներ վաճառողների ձեռքը ոչ ոք չի բռնում

Թունաքիմիկատների վաճառքը շարունակում է անվերահսկելի մնալ

Գորիս քաղաքի մի շարք խանութներում բոլորին տեսանելի տեղում վաճառվում են թունաքիմիկատներ: Դրանք վաճառվում են սննդամթերքի կողքին եւ հիմնականում առանց պիտակի են. նշված չեն պիտանելիության, պահպանման ժամկետները, օգտագործման ձեւերը:

Սակայն, սրանով մտահոգված չեն ո՛չ վաճառողները, ո՛չ գնորդները, ո՛չ էլ այն կազմակերպությունները, որոնք կոչված են պաշտպանելու մարդկանց առողջությունը: Որեւէ կերպ չի վերահսկվում նաեւ այն մարդկանց գործունեությունը, ովքեր զբաղված են թունաքիմիկատների ապօրինի վաճառքով: Եթե մինչեւ վերջերս Գորիսում թունաքիմիկատների, գյուղատնտեսական կուլտուրաների բուժանյութեր վաճառողների թիվը փոքր էր, եւ վաճառք իրականացնողը գոնե իրազեկ էր դրանք օգտագործելու կարգին, ապա այժմ թունաքիմիկատի կարելի է հանդիպել շատ խանութներում` հացի, բանջարեղենի հետ կողք-կողքի կամ ցուցափեղկից կախված:

«Դրանք ձեռք եմ բերում Երեւանի Մալաթիա շուկայում մանրածախ առեւտրով զբաղվողներից: Մարդիկ տան համար մթերք են գնում, իմ խանութի հաճախորդներն են, ուզում են, ես էլ բերում եմ ու վաճառում»,- բացատրում է թունաքիմիկատների վաճառքով զբաղվող մի տղամարդ` հավանաբար ինքն էլ չպատկերացնելով, որ իր գործունեությունը կարող է օրենքից դուրս լինել: Իմ այն հարցին, թե ինչու են այդ դեղանյութերն առանց պիտանելիության ժամկետների, օգտագործման ցուցումների վաճառվում, պատասխանում է. «Ինքս էլ գիտեմ օգտագործման ձեւը, ում հետաքրքրում է, բացատրում եմ»:

Կան նաեւ թունաքիմիկատների վաճառքով զբաղվող անհատներ, որոնց ասելով` իրենք այն ձեռք են բերում մայրաքաղաքի մասնագիտացված խանութներից: Այնուամենայնիվ, նրանք նույնպես ոչ միայն համապատասխան արտոնագիր չունեն, այլեւ վաճառքի ընթացքում չեն հետեւում թունաքիմիկատների վաճառքի համար նախատեսված կանոններին, ինչպես նաեւ չեն կարող պատասխանատու լինել դեղերի թողած ազդեցության համար:

Սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության Սյունիքի մարզային կենտրոնի պետ Էդգար Թոխսանցը նշում է, որ իրենց կենտրոնը եւս մի քանի ահազանգ է ստացել մթերային խանութներում թունաքիմիկատներ վաճառելու մասին: Առայժմ ուսումնասիրել են Հարժիս գյուղի խանութները եւ դրանցից մեկում սննդի հետ միասին թունաքիմիկատ վաճառելու դեպք են արձանագրել: Է. Թոխսանցը հավատացնում է, որ խանութի տիրոջը նախազգուշացրել են` կրկնվելու դեպքում համապատասխան ակտ կկազմվի: Մեր հարցին, թե թունաքիմիկատների, սննդի եւ առհասարակ անվտանգության կանոնների պահպանման առումով ինչպիսի՞ն է իրավիճակը Գորիսում, պարոն Թոխսանցը հստակ վիճակագրություն չնշեց` ասելով, որ կենտրոնը վերջերս է վերակազմավորվել որպես սննդի անվտանգության ապահովմանն ուղղված ծառայություն, եւ առաջիկայում կսկսեն այցելել խանութներ: Նրա խոսքերով` դեպքեր հայտնաբերելիս կպահանջվեն հայտարարագրեր ու կձեռնարկվեն համապատասխան միջոցառումներ:

Մինչ վերոհիշյալ կենտրոնը պատրաստվում է միջոցառումներ իրականացնել պատահական թունաքիմիկատներ վաճառող խանութներին պատասխանատվության ենթարկելու համար, ոչ մասնագետ մարդիկ ժամանակ չեն կորցնում հատկապես գյուղատնտեսական աշխատանքների եռուն շրջանում փող վաստակել, եւ դրա արդյունքում բազմաթիվ հողագործներ արդեն հասցրել են տուժել:

Գորիսեցի Նադյա Մկրտչյանն ասում է, որ դժգոհ է այս տարվա կարտոֆիլի` կոլորադյան բզեզի դեմ օգտագործվող թունաքիմիկատից: «Չգիտեմ` բուժանյու՞թը որակյալ չէր, թե ես ճիշտ չօգտագործեցի»,- մտորում է տիկին Նադյան ու անմիջապես էլ ավելացնում, որ ամեն տարի նույն կերպ է օգտագործել: Տիկին Նադյան, սակայն, համոզված չէ` արդյո՞ք նույն թունաքիմիկատն է ձեռք բերել, ինչ նախորդ տարիներին: «Անունը չգիտեմ, որեւէ ցուցում գրված չէ, խանութում հարցնում եմ, տալիս են»,- ասաց նա:

Քարաշեն գյուղի բնակիչ Վոլոդյա Ասատրյանը եւս դժգոհում է կարտոֆիլի հիվանդությունների դեմ օգտագործվող թունաքիմիկատից: Նրա խոսքերով` գյուղում բոլորն են դժգոհ. ավելորդ վճարել են, բայց արդյունքը չեն տեսել: Վոլոդյան նշում է, որ թունաքիմիկատները հիմնականում ձեռք են բերում Երեւանից ժամանած պատահական մարդկանցից: Գալիս են գյուղ, հույսով անում, դրանք վաճառում, գնում: «Ու՞մ բողոքես, ու՞մ ասես, որ այն արդյունավետ չի եղել»,- ասում է Վոլոդյան: Հարցին, թե ինչպես են օգտագործում թունաքիմիկատները, Վոլոդյան պատասխանում է. «Ինչ ասում են, անում ենք, ամենատարածված ձեւը դույլն ու ավելն են: Դույլի մեջ թունաքիմիկատը բացում եմ, ավելով ցանում»:

Գորիսեցի Անահիտ Հովսեփյանը դգոհում է, որ այս տարի բուժանյութ է ձեռք բերել իբր վարունգի ալրացող բակտերիայի հիվանդությունների դեմ օգտագործելու համար, բայց թունաքիմիկատը ցանելուց անմիջապես հետո վարունգը չորացել է: Այսպիսի դեպքերը եզակի չեն: Բանջարաբոստանային կուլտուրաները մշակելու, չարչարանքի դիմաց բերք ստանալու փոխարեն հողագործներն այն չորացնում են՝ պատահական թունաքիմիկատներ օգտագործելով:

Խնդիրը հիմնականում այն է, որ Սյունիքում մարդիկ թունաքիմիկատներ հիմնականում ձեռք են բերում պատահական խանութներից ու մարդկանցից, հետեւապես, թունաքիմիկատների վտանգավոր հետեւանքների համար ոչ ոք պատասխանատու չէ, վնասի դեպքում փոխհատում ումի՞ց ակնկալես:

Տարիներ առաջ Գորիսի տարածաշրջանի Տեղ գյուղի մի քանի ֆերմեր պատահական մարդուց «Սիմազին» կոչվող թունաքիմիկատ գնեցին: Օգտագործման արդյունքում 300 հեկտարից ավելի հացահատիկի դաշտերը ոչ միայն ոչնչացան, այլեւ այդ դաշտերում վտանգի տակ դրվեց հաջորդ տարվա բերքը:

Սյունիքի Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի գյուղատնտեսության հարցերի մասնագետ Միսակ Հովակիմյանը մտահոգվում է, որ հողատերերը ցանքատարածությունները սրսկում են ոչ միայն պատահական մարդկանցից ձեռք բերված անարդյունավետ ու աներաշխիք թունաքիմիկատներով, այլեւ առողջությանը վտանգ սպառնացող մեթոդներով: Չեն օգտագործում սրսկիչներ, չկան հիգիենիկ պայմաններ, համապատասխան արտահագուստ: Ցանքատարածությունները սրսկում են՝ ով ինչպես կարողանում է:

Ըստ նրա` հաճախ թունաքիմիկատների ոչ ճիշտ չափաբաժիններով օգտագործման պատճառով մեկ այլ խնդիր է առաջանում. օրինակ` եթե նախկինում Գորիսում եղել են բերքատու ու առողջ խնձորենիներ, այսօր ծառերը գրեթե բերք չեն տալիս, եղածն էլ անառողջ է: Միսակ Հովակիմյանը տեղեկացնում է, որ Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի խորհրդատուները թունաքիմիկատների օգտագործման մեթոդների մասին խորհրդատվություն են տրամադրում համայնքներում, տարածում տեղեկատվական թերթիկներ, կազմակերպում սեմինարներ, սակայն դրանով խնդիրը չի կարելի լուծված համարել, որովհետեւ թունաքիմիկատների անօրինական վաճառքը շարունակվում է: Նրա կարծիքով` օրախնդիր է նաեւ գյուղմթերքների շուկաներում լաբորատորիաների ստեղծումը, որի միջոցով հնարավոր կլինի կանխել չափից ավելի նիտրատներ պարունակող գյուղմթերքը սպառողին հասցնելը եւ առողջությանը սպառնացող վտանգը:

«Այսօր մարդիկ չափից շատ են պարարտանյութ օգտագործում բանջարաբոստանային կուլտուրաներ մշակելիս, քանի որ չեն կարողանում այն ձեռք բերել մասնագիտացված խանութներից, որտեղ նաեւ դրանք օգտագործելու կարգը նշված կլիներ: Վերջին տարիներին Գորիսում շատացել են մաշկային հիվանդությունները»,- ասում է մաշկավեներաբան Լեւոն Հարությունյանը: Ըստ բժշկի` պատճառներց մեկը թունաքիմիկատների ոչ ճիշտ օգտագործումն է: Հողագործներն անմիջապես շփվում են թունաքիմիկատի հետ, հաճախ` առանց ձեռնոցների: Բնականաբար, եթե ձեռքերը լավ չեն լվանում, սննդի հետ դրանք անցնում են օրգանիզմ՝ առաջացնելով լուրջ հիվանդություններ՝ անպտղություն, ուռուցքներ եւ այլն:

Թունաքիմիկատների ոչ ճիշտ օգտագործման արդյունքում ավելացել է ոչ միայն տարբեր հիվանդությունների թիվը, այլեւ արձանագրվել են կյանքին սպառնացող առավել վտանգավոր դեպքեր:

«Անցյալ տարի Խնձորեսկ գյուղից մահամերձ վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 1960 թ. ծնված Միշա Ղրդիլյանը»,- պատմում է վարակիչ հիվանդությունների բաժանմունքի վարիչ Նաիրուհի Թառանյանը: Նրա հավաստմամբ` հիվանդին մի կերպ հաջողվել է փրկել:

Բժշկուհին տեղեկացնում է, որ մի կին էլ թունաքիմիկատի թունավորումից մահացել է եւ չեն հասցրել անգամ հիվանդանոց տեղափոխել:

Իրինա Յոլյան

Հոդվածը պատրաստել է «Գորիսի մամուլի ակումբ» հ/կ-ն՝ Համաշխարհային բանկի եւ Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ-Հայաստանի գրասենյակի ֆինանսական աջակցությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter