«Հայացք». Հայաստանում տեղի կունենան ավերիչ երկրաշարժեր, եթե Իրանը ռմբահարվի թափանցող ռումբերով
Դեռ տարիներ առաջ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Մանե Հակոբյանը սկսել է զբաղվել խորքային ռումբերով Իրանի ռմբակոծման դեպքում Հայաստանին սպառնացող սեյսմիկ վտանգի խնդրով: «Իրանի դեմ ագրեսիան հարված է նաև Հայաստանին» վերնագրով մեր հոդվածաշարի շրջանակում (նախորդ հրապարակումները «Հայացք»-ի 2012 թ. սեպտեմբերի 21-ի, 28-ի, հոկտեմբերի 12-ի և 30-ի համարներում) ստորև ներկայացնում ենք գիտնականի հետ այս և Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծումից բխող այլ վտանգների շուրջ մեր հարցազրույցը:
- Որտեղի՞ց է բխում Ձեր անհանգստությունը, որ Իրանի ռմբակոծման դեպքում Հայաստանում կարող են առաջանալ ուժեղ և ավերիչ երկրաշարժեր:
- Եթե խորքային թափանցող (MOP) ռումբերով Իրանի տարածքի ռմբահարումներ իրականացվեն, ապա ոչ միայն Իրանի հսկայական տարածքներ, այլև Հայաստանի ողջ տարածքը և, ընդհանրապես, մեր ողջ տարածաշրջանը` Թուրքիա, Ադրբեջան, Վրաստան, կհայտնվեն այդ տեխնածին կամ մարդածին աղետի էպիկենտրոնում: Թափանցող ռումբերը բախվելով երկրի մակերևույթին, չեն պայթում, դրանք հնարավորինս թափանցում, մխրճվում են երկրակեղևի մեջ մինչև որոշակի խորություն և նոր միայն պայթում: Դրանց թափանցման խորությունը կախված է մի շարք պարամետրերից, այդ թվում նաև` տվյալ վայրում երկրակեղևի ամրությունից: Հայտնի է, որ թափանցող ռումբերի վերջին տարբերակնեը կարող են մխրճվել մինչև 65 մետր:
Պայթեցման արդյունքում ընդերքում առաջանում են ահռելի չափերի դատարկություններ, որոնց փլուզման հետևանքով էլ ռմբահարման կետի շուրջ` մոտ 1000 կմ շառավղով (վտանգավոր գոտի) սեյսմիկ իրավիճակը անոմալ մեծ շեղումների է ենթարկվում, իսկ 500 կմ շառավղով պարփակված տարածքը՝ էպիկենտրոնային, առավել վտանգված հատվածն է (առաջին գոտի): Իրանի տարածքում ուրանի հարստացման կենտրոնների հիմնական մասը ստորգետնյա են և տեղաբաշխված են շատ մեծ խորությունների վրա, լավ ամրացված բունկերներում, հետևաբար դրանք հնարավոր է շարքից հանել միայն թափանցող կամ էլ միջուկային ռումբերի գործածմամբ:
- Ի՞նչ տվյալներ կան խորքային ռումբերի գործածման հետևանքով երկրաշարժերի առաջացման վերաբերյալ:
- 2001 թվականի դեկտեմբերի սկզբին Աֆղանստանի Տորա-Բորայի տարածքը ռմբահարվել է ժամանակակից հզոր MOP ռումբերից անհամեմատ փոքր հզորության ընդամենը 3 թափանցող ռումբերով, որոնք այն ժամանակ «Մայր ռումբեր» էին կոչվում: Տորա-Բորայում այդ երեք ոչ հզոր ռումբի կիրառումից հետո նշածս տարածքներում շուրջ մեկ ամիս միայն բազմաթիվ թույլ ցնցումներ են դիտվել, իսկ դրանից հետո, հետագա 11 ամիսների ընթացքում դիտվել են նաև անոմալ մեծ թվով ու մեծ մագնիտուդի, այդ թվում նաև` ավերիչ երկրաշարժեր: Ռմբահարումից առաջ 11 ամիսների ընթացքում վտանգավոր գոտու սահմաններում տեղի էր ունեցել ընդամենը 5 և 6,5 մագնիտուդի երկու երկրաշարժ, ինչն այդ տարածաշրջանի սեյսմիկ ռեժիմի սահմաններում է, իսկ ռմբահարումից հետո նույն այդ տարածքում դիտվել է առնվազն 14 (որոշ մասնագետների տվյալներով՝ 19) մեծ մագնիտուդի երկրաշարժ (հինգը` Աֆղանստանի տարածքում` 5,5dMd7,5 մագնիտուդի, երկուսը` Տաջիկստանի տարածքում` 5 մագնիտուդի, յոթը` Իրանի տարածքում, ռմբահարման կետից մոտ 1000 կմ հեռավորության վրա` 5dMd6,5 մագնիտուդի), որոնցից 12-ը ավերիչ էին: Այդ երկրաշարժերից առնվազն 12-ը գեներացվել էին MOP ռումբերով ռմբահարման արդյունքում, այսինքն` տեխնածին, անտրոպոգեն էին:
2003 թ. մարտի սկզբին ընդամենը մեկ ոչ հզոր թափանցող ռումբով ռմբահարվեց Իրաքի տարածքը, որից 1,5 ամիս հետո` մայիսի 1-ին, ռմբահարման կետից 300 կմ հեռավորության վրա, Թուրքիայի Բինգյոլ քաղաքի մոտակայքում գրանցվեց 6,4 մագնիտուդի առաջին տեխնածին ավերիչ երկրաշարժը, որի էպիկենտրոնում ուժգնությունը 9 բալ էր: Նշեմ, որ ես խոսում եմ թափանցող ռումբերի միայն գրանցված կիրառումների մասին:
Խնդիրն այլ կողմ էլ ունի. Իրանի տարածքի երկրակեղևում նավթի և գազի բազմաթիվ շահագործվող ու դեռևս չշահագործվող հորեր կան: Խորքային պայթեցումների դեպքում խիստ հնարավոր է այդ հորերի պատերի վնասում, փշրում, ինչի արդյունքում մեծ ճնշման տակ գտնվող նավթի և գազի ահռելի զանգվածները խորքային ճեղքերով ահռելի արագությամբ կհոսեն դեպի երկրակեղևի ավելի խորը տարածքներ, դառնալով արդյունահանման համար ոչ պիտանի և հանգեցնելով լրացուցիչ բազմաթիվ տեխնածին, այդ թվում նաև` մեծ մագնիտուդի երկրաշարժերի:
- Այս վտանգի մասին հայտնել, բարձրաձայնե՞լ եք համապատասխան պաշտոնյաներին, պատկան մարմիններին:
- 2007 թվականին կազմեցի ՀՀ, Իրանի, ԱՄՆ-ի նախագահներին, ՄԱԿ-ին, Եվրամիությանը, Եվրախորհրդին և այլ միջազգային կառույցների ուղղված «Բաց նամակ», որին միացան «Էկոդաշինք»-ի անդամ հասարակական կազմակերպությունները, մի շարք գիտնականներ, մտավորականներ, Հայաստանի գրեթե բոլոր ստեղծագործական միությունները և բազմաթիվ այլ հասարակական կազմակերպություններ: Այդ «Բաց նամակ»-ով ՀՀ էկոլոգիական հասարակական կազմակերպությունների, գիտական հանրության, մտավորականության, ողջ հայ ժողովրդի անհանգստությունն էինք հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ ծավալվող վտանգավոր գործընթացների, երկուստեք անհանդուրժողական պահվածքի, վերջնագրային հայտարարությունների և սպառնալիքների կապակցությամբ, կողմերին առաջարկել էինք բոլոր հարցերը լուծել դիվանագիտական, և ոչ թե ռազմական ճանապարհով: Առաջարկել էինք նաև, որպեսզի Հայաստանը ստանձնի մեզ բարեկամ երկու երկրների միջև վիճելի հարցերում միջնորդի դժվարին կարգավիճակը:
Եթե Իրանի տարածքը ռմբահարվի թափանցող ռումբերով, լինելու է այն, ինչ եղավ Տորա-Բորայում: Սակայն Իրանի տարածքում առկա ստորգետնյա բունկերները ոչ միայն լավ ամրացված, այլև լավ էկրանավորված են, ինչը խիստ դժվարացնում է դրանց հայտնաբերումն ու կոորդինատների ճշտումը: Սրա հետևանքով այդպիսի նույնիսկ մեկ բունկերի ոչնչացման նպատակով գրեթե նույն կետում մեծ հզորության տասնյակ թափանցող ռումբերի պայթեցում է անհրաժեշտ լինելու, կտրուկ աճելու է տեխնածին ավերիչ երկրաշարժերի թիվը, և հետևանքները, բնականաբար, անհամեմատ ավելի ահավոր են լինելու:
Թափանցող ռումբերի գործածումից բխող վտանգի քննարկման նպատակով այն ժամանակ կազմակերպվեց կլոր սեղան, որին մասնակցում էին ՀՀ պետական-քաղաքական կառույցների ներկայացուցիչներ, քաղաքագետներ, ՀՀ-ում ԱՄՆ և ԻԻՀ դեսպանատների ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ և այլն: Ես և «Հանուն մարդկային կայուն զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ, աշխարհագրական գիտությունների դոկտոր Կարինե Դանիելյանը հրավիրվեցինք ԱՄՆ և ԻԻՀ դեսպանատներ` քննարկումների: ԻԻՀ դեսպանատանը մեզ ընդունեց փոխդեսպանը: Մեզ համար շատ ջերմ ընդունելություն էին կազմակերպել: ԻԻՀ փոխդեսպանը մեզ ողջունեց և ասաց. «Զարմանալի ազգ եք հայերդ: Իսլամական երկրների թվում կան մեզ իբր բարեկամ այդքան երկրներ, որոնք սակայն ուրախությամբ սպասում են Իրանի տարածքի ռմբահարմանը, մեր թուլացմանը, ոչնչացմանը: Իսկ Հայաստանը, որին Իրանը պատմության ընթացքում, ցավոք, նաև ցավ է պատճառել, մեր կողքին է»:
- Իրանի ռմբահարման դեպքում երկրաշարժերի առաջացումից բացի, այլ վտանգնե՞ր էլ կան:
- Խորքային պայթեցումների հետևանքով խիստ հնարավոր է ուրանի մեծ զանգվածների արտանետում երկրի մակերևույթ ու մթնոլորտ: Սրա արդյունքում կդիտվեն տարածաշրջանի օդի, ջրի, հողի ռադիացիոն աղտոտում, ռադիացիոն ամպեր, քամիներ, անձրևներ, որոնք մեր տարածաշրջանը շատ արագ կարող են վերածել բնակության համար ոչ պիտանի «ռադիացիոն փակ գոտու»: Այդ գոտում կարող են հայտնվել ոչ միայն Իրանի, այլև Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և տարածաշրջանի այլ երկրների տարածքներ:
Արթուր Հովհաննիսյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել