HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրաքում փոխվարչապետը հանդիպեց հայ համայնքի ներկայացուցիչների հետ

ՀՀ փոխվարչապետ, Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի  համանախագահ Արմեն Գեւորգյանի գլխավորած պատվիրակությունը Իրաքի Հանրապետություն այցը նոյեմբերի 6-ի երեկոյան սկսեց հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումից: Պատվիրակության կազմում են ՀՀ առողջապահության  նախարար Դ. Դումանյանը, գյուղատնտեսության նախարար Ս. Կարապետյանը, արտաքին գործերի, էկոնոմիկայի, էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարարները, պաշտոնատար այլ անձինք: Մինչ հանդիպումը փոխվարչապետը եւ պատվիրակության մյուս անդամները ծաղիկներ դրեցին Բաղդադի Սբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցու բակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին: 

Եկեղեցում էլ կայացավ հանդիպումը, որին ներկա էին Ազգային կենտրոնական վարչության, համայնքում գործող ազգային կազմակերպությունների անդամներ: Իրաքի հայոց թեմի առաջնորդ Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանը ողջունեց Հայաստանի պաշտոնական պատվիարակության այցը Իրաք` նկատելով, որ վերջին տարիների ընթացքում սա հայրենիքից ժամանած առաջին նման պատվիրակությունն է եւ նշելով, որ այդ այցերը ոգեշնչում են համայնքին:

Փոխվարչապետը ողջունեց  ներկաներին` ընդգծելով, որ Իրաքի հայ համայնքը պատմություն եւ ավանդույթներ ունեցող այն գաղթօջախներից է, որը  գոյության ընթացքում բազմաթիվ փորձությունների միջով է անցել:  «Գիտենք,  թե ինչպիսի դժվարությունների միջով  է անցել  իրաքահայ համայնքը վերջին տարիներին: Հուսով եմ, որ այդ ամենն արդեն անցյալում է, եւ հայ համայնքն արագ կվերականգնի ուժերը ու իր նպաստը կունենա երկու երկրների հարաբերությունների զարգացմանը»,- ասաց փոխվարչապետը:

Նա  գնահատելի համարեց համայնքի եւ համայնքային կազմակերպությունների աշխատանքն ու դերը ազգային հոգեւոր եւ մշակութային արժեքների պահպանության գործում:  Փոխվարչապետը վստահեցրեց, որ Հայաստանը մշտապես լինելու է սփյուռքահայ հայրենակիցների կողքին` նշելով, որ ՀՀ սփյուռքի նախարարության ստեղծումը սփյուռքի հայրենակիցների խնդիրներին ավելի մեծ ուշադրություն դարձնելու,  հայրենիք-սփյուռք հարաբերություններին ավելի համակարգված բնույթ հաղորդելու նպատակ ուներ, եւ վերջին տարիներին այդ ուղղությամբ լուրջ աշխատանք է իրականացվում:

Հանդիպմանը քննարկվեցին համայնքային կյանքին, Իրաքի ներքին իրավիճակին,  համայնքին հուզող խնդիրներին վերաբերող հարցեր:

Երեկոյան փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը մասնակցեց  Իրաքի փոխվարչապետ Ռոշ Նուրի Շուայեսի անունից պաշտոնական ընդունելությանը: Հանդիպմանը երկու երկրների փոխվարչապետները քննարկեցին  միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի օրակարգին, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունների խորացմանն առնչվող հարցեր:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter