Քառակողմ դաշինք` բնության եւ մարդու դեմ
Պետք է պահպանենք Թեղուտի անտառները
Երբ հայտնի դարձան Լոռվա մարզի Թեղուտ եւ Շնող գյուղերի մոտակա անտառներում հանքահանում կազմակերպելու «Էյ-Սի-Փի» ընկերության նախագծի լուրջ թերությունները, գլխավորապես ՀՀ օրենսդրությանը եւ միջազգային պայմանագրերին չհամապատասխանելը, համոզված էինք, որ բնապահպանության նախարարությունն այդ նախագիծը փորձաքննության չի ընդունի, եւ այն շրջանառությունից կհանվի, սակայն նախարարությունը, ոտնահարելով ՀՀ օրենսդրությունը, նախագիծն ընդունեց եւ, առանց փորձաքննություն իրականացնելու, տվեց դրական եզրակացություն:
Այդպիսով պարզ դարձավ բնական համակարգերի ավերման ու ոչնչացման գործում «Վալլեքս գրուպ»-ի կազմում ընդգրկված «Էյ-Սի-Փի» ընկերության եւ ՀՀ բնապահպանության նախարարության համերաշխությունը: Այդ ժամանակ մենք հույսեր էինք փայփայում, որ զանգվածային լրատվամիջոցները, ճիշտ ու լիարժեք տեղեկատվությամբ, կնպաստեն Թեղուտի հանքավայրի շահագործման կանխմանը: Եվ իրոք, սկզբնական շրջանում խնդրին վերաբերող լուրջ հրապարակումներ ու հաղորդումներ եղան: Սակայն, վերջին կես տարում, գլխավորապես «Գոլոս Արմենիի», «Նովոյե վրեմյա», «Իրավունք», «Հայոց աշխարհ», «Դելովոյ էքսպրես», «Արմնյուզ», «Արմենպրես» եւ այլ լրատվամիջոցներ Թեղուտի հանքավայրի շահագործման օգտին միակողմանի տեղեկություն են տարածում:
Նրանց խիստ բեւեռացվածությունն առաձնապես ցայտուն արտահայտվեց սույն թվականի հունիսի 22-24-ին, լրագրողների եւ բնապահպանական հասարակական կազմակերպությունների համար «Վալլեքս գրուպ» ընկերության միջոցներով Դրմբոնի (Արցախ) հանքավայր կատարված այցելության ընթացքում:
Արցախի հիասքանչ բնությունը, հանքանյութի վերամշակման գործարանի կոկիկ ու գեղեցիկ տեսքը, անթերի կազմակերպված միջոցառումը լրագրողներին եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին ուղղակի շլացրել էին: Հավանաբար, շատերը կմտածեն, որ Դրմբոնի արտադրության համերաշխ գովաբանումը հետեւանք է միայն նշված տպավորությունների: Սակայն, Արցախ ուղեւորվելիս` հենց Երեւանում արդեն պարզ դարձավ, որ հրավիրված լրագրողներն այդ հանքավայրի մասին միակողմանի, այն էլ` գովազդային տեղեկություններ են տարածելու: Եվ իրոք, առանց խորանալու խնդրի էության մեջ, ընկերության մասին միայն գովազդ տարածեցին, դրան զուգահեռ` նաեւ իրականությանը բացարձակորեն չհամապատասխանող տեղեկություններ: Նրանք հրապարակել են, որ Դրմբոնում առկա պոչամբարներն իբր ունեն մեծ հուսալիություն, եւ չնայած տեղանքի երկրաշարժայնությունն ընդամենը 4.5 բալ է, այդուհանդերձ, պոչամբարների պատվարները կառուցված են երկաթբետոնից եւ կարող են դիմակայել 9 բալանոց երկրաշարժի, պոչամբարների հատակները հուսալիորեն մեկուսացված են եւ այլ դատարկ հայտարարություններ:
Ցանկացողը տեղում կարող է համոզվել, որ Դրմբոնում պոչամբարների պատվարները երկաթբետոնից չեն, դրանք հողից կառուցված թմբեր են, եւ ամենագլխավորը` ըստ «Լեռնային Ղարաբաղի հանրապետության եւ հարակից շրջանների սեյսմիկ շրջանացման քարտեզի» (MSK-64, 1997թ.)` տեղանքի երկրաշարժայնությունը 9 բալ է, ավելին` Սարսանգի ջրամբարի տարածքով անցնում է երկրաբանական խզվածք: Պոչամբարների հատակների «հուսալիորեն» մեկուսացված լինելը նույնպես հորինվածք է: Բոլորս ականատես եղանք, թե ինչպես նոր շահագործվող պոչամբարում պոչանքը գրավում է կանաչ տարածքը: Այդտեղից անգամ հատված ծառերի կոճղերն ու արմատները չեն հեռացվել, ինչը նման կառույցների համար անթույլատրելի է (պոչամբարների հարեւանությամբ արածում էին կովեր եւ ուրիշ ընտանի կենդանիներ): Այդ երկու պոչամբարներն էլ կառուցված են Սարսանգի ջրամբարի հարեւանությամբ եւ ցանկացած վթարի դեպքում մահաբեր թունավոր նյութերը կլցվեն այդ ջրամբարը:
Հուլիսի 4-ին բնապահպանության նախարարն Ալավերդու պղնձաձուլական գործարանի իրավիճակին ծանոթանալու նպատակով ստուգայց էր կազմակերպել: Միջոցառմանը հրավիրված լրագրողներին, այս անգամ նույնպես, ընկերությունը գովազդելուց զատ այլ խնդիր չէր հետաքրքրում: Լրագրողներից մեկն էլ առանձնազրույցում ասաց, թե ինքն իբր հրավիրված չէ եւ եկել է անկողմնակալ վերլուծական հոդված գրելու: Սակայն նրա հրապարակած հոդվածում անկողմնակալության հետքն անգամ չկա. «Համաձայն նախարարության ներկայացուցիչների` այցելության առիթից մեկն էլ տարածվող խոսակցություններն են, թե ընկերությունը դեռ թույլտվություն չստացած` արդեն սկսել է Թեղուտի անտառի ծառերը հատել: Այսինքն` կարիք կա տեղում տեսնելու եւ համոզվելու, թե որն է իրականությունը: Նախարարի հետ միասին լինելով այնտեղ, որտեղ երկրաբանահետազոտական աշխատանքների համար հորատում էր կատարվում, մենք ո՛չ այդտեղ, ո՛չ էլ անտառամիջյան ճանապարհների հարեւանությամբ, ճանապարհից տեսանելի տարածքներում անտառահատում կամ հանքավայրի շահագործման նպատակով հատված ծառեր չտեսանք» («Հայոց աշխարհ», 06.07.2007 թ.):
Հասարակությանը խնդրից շեղելու փորձված եղանակ:
Այդ լրագրողը մոտ երեք տարի է, ինչ Թեղուտի խնդրին վերաբերող բազում հոդվածներ է գրել, լավատեղյակ է հարցին, եւ հանկարծ պղնձաձուլական գործարանում տեղի ունեցած քննարկման ընթացքում հնչած հույժ կարեւոր հարցերը թողնելով` ներկայացնում է «նախարարության ներկայացուցիչների» ասածները: Ավելին, բնապահպանության նախարարը մի քանի անգամ հատուկ շեշտեց, որ այցի նպատակը միայն պղնձաձուլարանի գործունեությունը գնահատելն է, իսկ Թեղուտ կատարվելիք այցը միայն տեղի բնությունը տեսնելու նպատակով է արվելու, քանի որ Թեղուտի խնդիրը շատ լուրջ է ու մեծ արձագանք է ստացել, ուստի պետք է գիտական քննարկումներ կազմակերպենք եւ միայն դրանից հետո կկարողանանք կարծիք հայտնել:
Հրավիրված մյուս լրագրողները նույնպես բացարձակորեն անտեսեցին այնտեղ հնչած շատ արժեքավոր ելույթներ:
Ցավոք, որոշ հասարակական կազմակերպությունների ղեկավարների ելույթների ենթատեքստում, իսկ երբեմն էլ ուղղակիորեն «հիմնավորվում» է թե՛ Ալավերդու պղնձաձուլարանը նախնադարյան եղանակով գործարկելը, եւ թե՛ Թեղուտի հանքավայրի շահագործման անհրաժեշտությունը: Նաեւ հիշենք, թե մոտ երկու ամիս առաջ Թեղուտի հանքավայրի շահագործման «հիմնավորմամբ» «Արմնյուզ» հեռուստաալիքով ինչպիսի ելույթ ունեցավ, օրինակ, իրավաբանական-բնապահպանական հայտնի ՀԿ-ի ղեկավարը:
Ինչպես տեսնում ենք, բնության ոչնչացման եւ մարդու առողջության վնասման գործում բնապահպանության նախարարությանը եւ «Վալլեքս գրուպ»-ին բացահայտ աջակցում են նաեւ զանգվածային լրատվամի֊ջոց֊ները եւ բնապահպանական հասարակական կազմակերպությունները:
Արդյոք նրանք գիտակցու՞մ են, թե ինչ խնդրի շուրջ են ստեղծել այդ գործուն դաշինքը:
Թեղուտի հանքավայրի շահագործումը նախ` նախադեպ կդառնա անտառային տարածքները հանքարդյունաբերության տակ դնելուն եւ ակնհայտորեն կփոխի անտառների նկատմամբ վարվող պետական քաղաքականությունը (հանքահանման նպատակով արտոնագրված ուսումնասիրություններ են կատարվում նաեւ այլ անտառտարածքներում), եւ ապա` հանքարդյունաբերության հետեւանքով այդտեղ կոչնչանա կյանք ապահովող բնությունը (երկրաբանական հիմքերը, գետերը, անտառային ու համայնքային հողերը, մշակութային հուշարձանները), իսկ առաջացած միլիոնավոր տոննաներով թափոնները, գլխավորապես պոչանքը, օգտագործման համար ոչ պիտանի կդարձնեն նաեւ հարակից տարածքները: Այսինքն` այդ դաշինքն ուղղված է բնության եւ մարդու դեմ:
«Վալլեքս գրուպ» ընկերության պաշտոնյաները Թեղուտի հանքավայրի շահագործման անհրաժեշտությունը, Դրմբոնի հանքավայրի գործունեությունը եւ Ալավերդի քաղաքն էկոլոգիական աղետից դուրս բերելու ծրագիրը դարձնում են մի հանգույց: Ընկերության ղեկավար պարոն Վալերի Մեջլումյանն ասում է, որ Թեղուտի հանքավայրի շահագործումն օրինակելի կլինի, ինչպես Դրմբոնում է: Առաջին տարիներին Թեղուտում նախատեսում են տարեկան ստանալ 30 հազար տոննա սեւ պղնձին համարժեք խտանյութ, իսկ հետագա տարիներին արտադրանքը կկրկնապատկվի եւ կեռապատկվի: Ալավերդու պղնձաձուլական գործարանը կարելի է վերակառուցել եւ էկոլոգիական առումով ընդունելի դարձնել միայն այդ դեպքում, եթե այսօրվա 10-12 հազար տոննայի փոխարեն 100-120 հազար տոննա սեւ պղինձ արտադրելու երաշխիք ունենանք, իսկ այսօրվա հզորության պայմաններում անիմաստ է պղնձաձուլարանում բնապահպանական տեխնոլոգիաներ կիրառելը, այն պարզ պատճառով, որ գործարանը կդառնա ոչ շահութաբեր: Նա հստակորեն ասում է` եթե պղնձի կոնցենտրատի ծավալը կտրուկ չմեծանա (պետք է հասկանալ` եթե Թեղուտը չշահագործվի), իրենք ստիպված կլինեն փակել Ալավերդու պղնձաձուլարանը եւ Հայաստանից հեռանալ:
Հարց է ծագում. իսկ ո՞վ պետք է կատարի կառավարության հետ կնքած պայմանագրային պարտավորությունները: Անթույլատրելի է պղնձաձուլարանում բնապահպանական տեխնոլոգիաներ տեղադրելու խնդիրը կապել Թեղուտի հանքավայրը շահագործելու կամ չշահագործելու հետ: Նաեւ` մոտ 12 տարի առաջ այդ գործարանի վերականգնման առնչությամբ կառավարության հետ կնքված պայմանագրում արդյոք այդպիսի պայման կա՞:
Ինչ վերաբերում է Թեղուտի հանքավայրն օրինակելի դարձնելու հավաստիացումներին, ապա, եթե ընկերությունն իրոք անկեղծորեն ցանկանում է երկրում զարգացնել էկոլոգիական առումով տանելի` ապագա խոստացող արդյունաբերություն եւ նոր աշխատատեղեր ստեղծել, ուրեմն առաջին հերթին պետք է իր գործող արտադրություններում լուրջ քայլեր կատարելով` ստանա բնակչության եւ իշխանության վստահությունը, միայն դրանից հետո կարող է բարոյական իրավունք ունենալ մտածել նոր արտադրություններ կազմակերպելու մասին:
«Վալլեքս գրուպ»-ին պատկանող պղնձաձուլարանի շահագործման հետեւանքով այսօր Ալավերդի քաղաքը, բառիս բուն իմաստով, շնչահեղձ է լինում: Այդ գործարանից 2006 թ. Ալավերդու մթնոլորտ է արտանետվել 26,7 հազար տոննա միայն ծծմբային անհիդրիդ, այն դեպքում, երբ դրա տարեկան հիգիենիկ նորման 1,18 հազար տոննա է: Բնապահպանության նախարարությունն ընկերությանը ժամանակավորապես թույլատրել է տարեկան արտանետել 15,6 հազար տոննա ծծմբային անհիդրիդ (2006 թ.): Այդ քայլով նրան արտոնվել է չվճարել խոշոր տուգանքներ, որպեսզի այդ գումարներով կարողանա բնապահպանական տեխնոլոգիաներ տեղադրելով` քաղաքի մթնոլորտ արտանետվող թունավոր նյութերի քանակը համապատասխանեցնել ընդունված նորմատիվներին: Այդ ժամանակը սպառվում է 2008-ի վերջին, սակայն մինչ այժմ ոչ մի միջոցառում դեռեւս չի իրականացվել: Ավելին, 2005 թ. համեմատությամբ մթնոլորտ արտանետվող ծծմբային անհիդրիդի քանակն ավելացել է 2546 տոննայով: 2006 թ. գործարանից մթնոլորտ է արտանետվել նաեւ 12 տոննա մկնդեղ, 104,7 տոննա փոշի (տարբեր աէրոզոլների տեսքով), 41 տոննա ցինկ, 2,9 տոննա կապար, 2,9 տոննա պղինձ (նախորդ տարվա համեմատությամբ մթնոլորտ արտանետվող ծանր մետաղների քանակն ավելացել է 23,81 տոննայով): Նշեմ, որ պղնձաձուլարանից արտանետվող նյութերի` այստեղ բերված թվերը համարվում են պաշտոնական, այն դեպքում, երբ այդ թվերը հաշվարկային եղանակով են ստացվում: Այդուհանդերձ, տարիներ շարունակ բնապահպանության նախարարությունը, առանց լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու, հաստատում է գործարանի հաշվետվությունները մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի մասին, երբ հայտնի է, որ ձեռնարկություններն այդ խնդրում համարվում են շահագրգիռ կողմ (Բնապահպանության նախարարությունում անգամ տեղյակ չեն պղնձաձուլարանում օգտագործված պղնձի կոնցենտրատի տարեկան քանակի մասին):
Եթե գործունեության առաջին 10 տարիներին պղնձաձուլարանի գերնորմատիվային արտանետումներն արտոնում էր բնապահպանության նախարարությունը, ապա 2005 թ. մայիսի 2-ից այդ արտոնությունն արդեն օրենքի ուժ ստացավ` Ազգային ժողովը «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելով` օդային ավազան վնասակար նյութերի արտանետումների ժամանակավոր չափաքանակներ սահմանեց:
Ինչպես տեսնում ենք, «Վալլեքս գրուպ»-ի նկատմամբ ՀՀ իշխանության վստահությունն ու բարյացակամությունը սահմաններ չունեն (նույնիսկ զոհաբերում է իր հազարավոր քաղաքացիների առողջությունը, այսինքն` նաեւ ապագան): Հետաքրքիր է իմանալ, թե ընկերությունն ինչպես է արձագանքում այդ բարյացակամությանը: Ընկերության արձագանքը, իմ ընկալմամբ, պարզ է ու հստակ` անհեռանկարությամբ եւ անորոշությամբ` «եթե Թեղուտի հանքավայրը շահագործվի», «եթե մետաղների գները շարունակեն բարձրանալ», «եթե շրջափակումը վերանա», «եթե Աստված տա», նաեւ` պղնձաձուլարանը փակելու սպառնալիքով:
2001-ին ընկերության ղեկավարի միջոցներով պղնձաձուլական գործարանի հարեւանությամբ կառուցվել է սրբատաշ քարից մի գմբեթավոր գեղատեսիլ եկեղեցի: Արդյոք տրամաբանական չէ՞ր լինի այդտեղ ծախսած գումարներն առաջին հերթին ուղղել պղնձաձուլարանում բնապահպանական տեխնոլոգիաներ տեղադրելուն եւ շահագործելուն, այսինքն` Ալավերդի քաղաքի օդային ավազանի հեղձուցիչ վիճակը մեղմելուն: Մինչեւ ե՞րբ ալավերդցիները, գլխավորապես երեխաները, քնելուց առաջ պետք է հատուկ դեղամիջոց ընդունեն, որպեսզի մեղմվի հազը եւ կարողանան քնել: Նրանց ի՞նչ ապագա է սպասվում: Ո՞վ պետք է հոգ տանի նրանց մասին:
Փաստորեն, Ալավերդի քաղաքի բնակչության նկատմամբ դրսեւորված ամենադաժան վերաբերմունքն արդեն սահմանված է օրենսդրորեն, իսկ եկեղեցու առկայությունը, թերեւս, հասկացվի` հնազանդություն ու խոնարհում: Արդյոք չի՞ գտնվելու թեկուզ մի անհատ, որ դատարան դիմելով` պատասխանատվության կանչի իր եւ իր զավակների առողջությանը հասցրած վնասի պատասխանատուներին: Ինչպես հայտնի է, վտանգավոր նյութերով հագեցած մթնոլորտի պայմաններում ապրելը կարող է նաեւ ժառանգական խաթարումների պատճառ դառնալ (Բնության պահպանման մասին ՀՀ օրենսդրության հիմունքներում սահմանվում է.«ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի բնակվել մաքուր շրջակա միջավայրում, իսկ վերջինիս խախտումների դեպքում` ստանալ էկոլոգիական աղետյալի կարգավիճակ» (հոդված 11): «Ձեռնարկությունները պարտավոր են գործող նորմատիվներին համապատասխան ապահովել բնական միջավայրի պահպանությունը` մաքրիչ սարքավորումների, կառուցվածքների եւ կայանքների անխափան եւ արդյունավետ աշխատանքը, վնասակար թափոնների վնասազերծումն ապահովելու, էկոլոգիապես անվտանգ տեխնոլոգիաների եւ ջրաշրջանառու մատակարարման համակարգեր ներդրելու միջոցով: Արգելվում է շահագործման ընդունել այն օբյեկտները, որոնք չեն ապահովում էկոլոգիական բոլոր պահանջների կատարումը: Այդպիսի օբյեկտները շահագործման ընդունած հանձնաժողովի նախագահը եւ անդամները ենթակա են վարչական եւ քրեական պատասխանատվության » , հոդված 15):
Այսօր Ալավերդի քաղաքի մթնոլորտ արտանետվող ծծմբային անհիդրիդից ծծմբական թթու չարտադրելը Պարոն Մեջլումյանը բացատրում է նաեւ նրանով, որ տարեկան կստացվի ավելի քան 40 հազար տոննա ծծմբական թթու, որի իրացումը, երկաթգծի բացակայության պարագայում, անհնար է, իսկ Հայաստանում ծծմբական թթվի պահանջարկը տարեկան 10 հազար տոննայից էլ պակաս է: Եթե այդպես է, ապա ինչու՞ է ընկերությունը հայտարարում, որ արդեն գնել է ծծմբական թթվի ստացման 3 միլիոն դոլար արժողությամբ ժամանակակից տեխնոլոգիա: Ինչու՞ գնել եւ տեղադրել, եթե չպիտի շահագործվի: Նաեւ` եթե ընկերության համար անլուծելի է 40 հազար տոննա ծծմբական թթվի վաճառքը, ապա արտադրության հզորացման դեպքում ինչպե՞ս կկարողանա իրացնել տարեկան արդեն մի քանի հարյուր հազար տոննա ծծմբական թթուն: Պետք է ասել, որ այդքան սահմանափակ չէ ծծմբական թթվի սպառման ներքին շուկան: Ըստ գյուղատնտեսական նախարարության հողերի օգտագործման ու վերականգնման վարչության տվյալների` մեր երկրում ավելի քան 20 հազար հա աղակալված ալկալիական եւ 30 հազար հա երկրորդային աղակալված ալկալիական հողեր կան, որոնց վերականգնման համար կպահանջվի մոտ 3 մլն տոննա ծծմբական թթու:
Հայտնի է, որ արտադրություններում թունավոր նյութերի որսման-չեզոքացման-օգտահանման տեխնոլոգիաներ տեղադրելն ու շահագործելը, հիմնականում, նույնիսկ ծախսածածկող չեն: Եթե հետեւենք «Վալլեքս գրուպ» ընկերության տրամաբանությանը, ուրեմն աշխարհով մեկ պետք է հրաժարվեն բնապահպանական տեխնոլոգիաների կիրառումից, ինչը կնշանակի կազմալուծել արդյունաբերությունը:
Հիշյալ քննարկման ընթացքում ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանն իր ելույթում ասաց, որ շատ կարեւոր է այսօրվա գործազրկության պայմաններում պղնձաձուլարանում 600 աշխատատեղ ունենալը, սակայն անհրաժեշտ է լուրջ հաշվարկներով պարզել, թե մեր երկրի համար ձեռնտու է բնակչության առողջության կորուստի հաշվին այդքան աշխատատեղ ունենա՞լը եւ հետագայում հազարավոր հաշմանդամներ պահե՞լը, թե՞ այդ աշխատատեղերը չունենալը: Նա գործարանի ղեկավարությանը կոչ արեց բնապահպանական տեխնոլոգիաների կիրառմամբ նորմատիվի հասցնել քաղաքի մթնոլորտ արտանետվող թունավոր նյութեր քանակը եւ միայն դրանից հետո խոսել արտադրական հզորությունների ընդլայնման մասին:
Ալավերդու պղնձաձուլարանի առնչությամբ առկախվում է նաեւ հետեւյալ հարցը. սեւ պղինձն ինչու՞ է արտահանվում, չէ՞ որ այն ստացվում է մեր բնության ավերման եւ թունավոր նյութերով բնակավայրերի կայուն աղտոտման հաշվին: Ի՞նչն է խանգարում, որ տեղում կազմակերպվի սեւ պղնձից մաքուր պղնձի եւ դրան ուղեկցող ոսկու, արծաթի, ռենիումի եւ հազվագյուտ այլ մետաղների ստացումը, որը, ընդհանրապես, կարելի է մաքուր արտադրություն համարել:
Վերադառնալով Թեղուտի խնդրին` նշեմ, որ զարմանք է հարուցում առանձին ներդրողների բեւեռվածությունը հանքարդյունաբերության նկատմամբ, առավել եւս մեր իշխանավորների պատրաստակամությունը եւ գրկաբացությունը ամեն մի ներդրման նկատմամբ, երբ հայտնի է, որ լինում են նաեւ անցանկալի եւ նույնիսկ վնասաբեր ներդրումներ: Նաեւ` ինչո՞ւ մանրազնին չեն վերլուծվում նախատեսվելիք ծրագրերի-նախագծերի այլընտրանքային տարբերակները: Օրինակ` Թեղուտի դեպքում ինչու՞ չի քննարկվում այդ տարածքում գյուղատնտեսությունը զարգացնելու` լուրջ հիմքեր ունեցող տարբերակները, չէ՞ որ ընդամենը երկու տասնամյակ առաջ այդտեղ եղել է շահութաբեր գյուղատնտեսություն: Ինչու՞ չվերականգնել ու չընդլայնել նախկինում եղածը:
Ընդհանուր գործընթացից այն պարզ պատկերն է ուրվագծվում, որ Թեղուտի, Դրմբոնի եւ պղնձաձուլարանի խնդիրները շաղկապված ներկայացնելն ուղղակի նպատակին հասնելու միջոց է, իսկ բուն նպատակը մեկն է` հանքարդյունաբերության տակ դնել Թեղուտ եւ Շնող գյուղերին հարակից անտառներն ու բնական մյուս համակարգերը: Ահա թե ինչ վտանգավոր ծրագրի շուրջ է ստեղծվել հիշյալ քառակողմ դաշինքը:
Պարզից էլ պարզ է, որ «Վալլեքս գրուպ»-ը ցանկանում է շահագործել Թեղուտի հանքավայրը, փակել Ալավերդու պղնձաձուլական գործարանը, իսկ պղնձի կոնցենտրատը` արտահանել:
Հակոբ Սանասարյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել