HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար ավագ Սարգիս Հովսեփյանը դարձավ 40 տարեկան

Նոյեմբերի 14-ը տոնական եւ հիշարժան կլինի Սարգիս Հովսեփյանի համար 

Այսօր Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար ավագ Սարգիս Հովսեփյանը դառնում է 40 տարեկան:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի եւ հայկական ֆուտբոլի բազմահազար երկրպագուների անունից շնորհավորում ենք Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար ավագ Սարգիս Հովսեփյանին ծննդյան օրվա առիթով: Մաղթում ենք առողջություն և նոր ձեռքբերումներ:

Նոյեմբերի 14-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպման ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի երկարամյա պաշտպանը մեծ ֆուտբոլում կլինի վերջին անգամ: Տոնական, հիշարժան եւ խորհրդանշական է լինելու Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպումը Սարգիս Հովսեփյանի համար: Սեպտեմբերի 20-ին Սարգիս Հովսեփյանը պաշտոնապես հայտարարեց ֆուտբոլիստի իր կարիերան ավարտելու մասին:

Սարգիս Հովսեփյանը 20 տարի շարունակ հանդես է եկել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականում, իսկ Հարություն Վարդանյանի հեռանալուց հետո կրել է նաև ավագի թևկապը: ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանի գրեթե բոլոր լավագույն ֆուտբոլիստները հավաքվել էին Երևանի «Արարատում»: Սակայն մյուս թիմերում էլ կային խաղացողներ, որոնք ժամանակի ընթացքում դարձան Հայաստանի հավաքականի անփոխարինելի խաղացողներ: Դրանցից մեկն էլ «ՀՄԸՄ»-ում հանդես եկող Սարգիս Հովսեփյանն էր: Հիանալի անցկացնելով 1992 թ. մրցաշրջանը` 20-ամյա Սարգիս Հովսեփյանը ոչ միայն դարձավ Հայաստանի չեմպիոն «ՀՄԸՄ»-ի կազմում (միավորների հավասարության պատճառով «ՀՄԸՄ»-ն այդ կոչումը կիսեց «Շիրակի» հետ), այլև ճանաչվեց Հայաստանի անդրանիկ առաջնության լավագույն ֆուտբոլիստ: 1995 թ. Սարգիսը երկրորդ անգամ ճանաչվեց լավագույնը Հայաստանում:

Հանդիսանալով նաև Հայաստանի ազգային հավաքականի առաջատար խաղացողներից մեկը՝ Սարգիս Հովսեփյանը 1998 թ. տեղափոխվեց Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ»: Սարգսի խաղում գլխավոր առավելությունն արագությունն էր: Այդ տարիներին Սարգիսը Եվրոպայում էլ արագությամբ չէր զիջում գրեթե ոչ մի հարձակվողի: Հավանաբար նաև այդ հանգամանքը հաշվի առնելով՝ «Զենիթի» մարզիչները առաջին մրցաշրջանում Հովսեփյանին խաղացնում էին աջ եզրային կիսապաշտպանի դիրքում: Միայն հաջորդ մրցաշրջանում Հովսեփյանը վերադարձավ պաշտպանության: «Զենիթի» կազմում Հովսեփյանը նվաճեց Ռուսաստանի գավաթը և Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալները, ինչպես նաև, որ ամենակարևորն է, սանկտպետերբուրգցի երկրպագուների սերն ու համակրանքը. «Самый лучшый из армян- это Саркис Овсепян» վանկարկումը գրեթե բոլոր խաղերին լսելի էր «Պետրովսկի» մարզադաշտում:

Հեռանալով «Զենիթից»՝ Հովսեփյանը տեղափոխվեց «Տորպեդո-Մետալուրգ», սակայն այստեղ նրա գործերն այնքան էլ հաջող չընթացան, և նա ստիպված եղավ վերադառնալ «Փյունիկ»: Սկսած 2004 թվականից՝ երկրպագուներին ամեն տարի թվում էր, որ Սարգիս Հովսեփյանը կավարտի իր կարիերան, սակայն Հովսեփյանը կարողանում էր արժանի խաղով ապացուցել, որ անփոխարինելի է հայկական ֆուտբոլում: Հիանալի անցկացնելով 2008 թ. մրցաշրջանը՝ Հովսեփյանը 3-րդ անգամ իր կարիերայում դարձավ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: 2009 թ. սեպտեմբերի 9-ին Հայաստանի ազգային հավաքականը երկարատև ընդմիջումից հետո վերջապես հաղթանակ տարավ պաշտոնական խաղում՝ 2-1 հաշվով հաղթելով Բելգիայի հավաքականին: Այդ խաղում Սարգիս Հովսեփյանը դարձավ փայլուն գոլի հեղինակ՝ ապացուցելով, որ իսկական ավագ է և առաջատար: 2010-ին, երբ կրկին հաճախացել էին խոսակցությունները, որ Սարգիս Հովսեփյանը հրաժեշտ կտա մեծ ֆուտբոլին, վերջինս Անդորրայի հավաքականի հետ հանդիպման ժամանակ այնպիսի արագությամբ անցում իրականացրեց, որ շատ երիտասարդներ ուղղակի կնախանձեին:

2011 թ. սեպտեմբերի 6-ին Հայաստանի հավաքականը 1-0 հաշվով հաղթում էր Սլովակիայի հավաքականին մրցակցի հարկի տակ: Սլովակների արագ հակագրոհից հետո հենց Սարգիս Հովսեփյանը դատարկ դարպասից դուրս բերեց գնդակը: Համոզված ենք՝ չլիներ այդ դրվագը, չէր լինի նաև մեր պատմության մեջ ամենափառահեղ հաղթանակը: Մեկ ամիս անց Սարգիս Հովսեփյանը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից պարգևատրվեց ՖԻՖԱ-ի հատուկ մրցանակով՝ որպես հավաքականում 100-ից ավելի խաղ անցկացրած ֆուտբոլիստ:

2012 թ. սեպտեմբերի 20-ին Սարգիս Հովսեփյանը հայտարարեց կարիերան ավարտելու մասին: Հայաստանի ազգային հավաքականում Սարգիս Հովսեփյանն անցկացրել է 131 խաղ` 20 տարում:

ՀՖՖ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter