HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հոբբի, որը մեծ ճանաչում բերեց

Երբ Նաիրի Սաֆարյանը պատրաստեց իր առաջին գործը, ձեռքին ուներ ընդամենը մեկ դանակ: Նա այդ ժամանակ չէր էլ մտածում, որ փայտից իրեր պատրաստելը պիտի դառնա իր հիմնական աշխատանքը:

Ավարտելով Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանը` սկսեց աշխատել գիտահետազոտական ինստիտուտում: Փայտի փորագրությունն իր համար պարզապես հոբբի էր: Իսկ այսօր նա արդեն Հայաստանի ժողովրդական վարպետ է, մեծ ճանաչում ունի արտերկրում, եւ այդ ճանաչումը նրան բերեց փայտի վրա փորագրությունը:

Հետո եկավ մի ժամանակահատված, երբ նա սկսեց միայն փորագրություններ անել եւ իր ստեղծագործությունները վաճառել Վերնիսաժում: Դրանք զարդատուփեր էին, ծաղկամաններ: Շատ քչերը հնարավորություն ունեն գնելու արվեստի այդ գործերը:

1996թ. Նաիրիի աշխատանքները տեսավ եւ հավանեց մի ամերիկացի: Նաիրին վստահեց նրան իր գործերի մի մասը` գիտակցելով, որ Հայաստանում դրանք դժվար թե ապագա ունենան: Գործերն այդ մարդը տարավ ԱՄՆ: 1999թ. Նաիրիին կանչեցին ԱՄՆ` իր իսկ ցուցահանդեսին:

Մարդիկ զարմացել էին` տեսնելով Նաիրի Սաֆարյանի յուրօրինակ ոճը, որ հնարավոր է փայտի մի կտորից այդպիսի բաներ պատրաստել կամ փորագրել:

2002թ. նրան 2-րդ անգամ հրավիրեցին ԱՄՆ, որպեսզի փորագրություն դասավանդի տեղի վարպետներին: Նա դասավանդում էր եւ զուգահեռ մասնակցում ցուցահանդեսների` միշտ արժանանալով լավագույնի տիտղոսին:

Այժմ Նաիրին աշխատում է արվեստանոցում, որը գտնվում է հենց իր տանը:

Աշխատում է ոչ թե մեկ դանակով, այլ բազմաթիվ գործիքներով: «Ինչ գործիք չեմ ունենում, պատվիրում եմ, դրանք պատրաստվում են իմ ուզած ձեւով»,- ասաց Նաիրին:

Նա աշխատում է տարբեր տեսակի փայտերի վրա: Հայաստանում հասանելի է տանձենու, ընկուզենու փայտը, բայց նա օգտագործում է բազմաթիվ այլ տեսակներ, որոնք բերված են ԱՄՆ-ից` սամշիտի եւ ջիլուտոնգի (տրոպիկական ծառ):

«Գործերը բազմաբնույթ են դառնում փայտի տեսակների զանազանության միջոցով»,- բացատրեց վարպետը:

Նաիրին խոստովանում է, որ ստեղծագործելիս իրեն շատ են օգնում պատվիրատուները: Պատվեր ստանալով եւ այն կատարելով` արվեստագետը հասկանում է, որ կարող է պատրաստել այն, ինչի մասին չէր էլ մտածում:

Այդ պատվերներից հատկապես հիշատակեց «Արջը», որը պատրաստել էր Արջ մականունով մի մարդու համար:

Մի մեծահարուստ էլ պատվիրել էր իր ընտանիքը` մի կտոր փայտից, եւ Նաիրին պատրաստեց այն. մի մեծ սեղանի շուրջ նստած ընտանիք:

Ֆրանսիացիների պատվերով նա պատրաստել է նաեւ մեծ շախմատի տախտակ` արտացոլելով 12-րդ դարի ֆրանսիական կոլորիտը խաղաքարերի հագուստների ու զրահների միջոցով:

Նաիրիի ամենամեծ աշխատանքը «Հիսուս Քրիստոսի ծնունդն» է` հայկական ոճով, որը պատրաստված է 2 կտոր փայտից:

Նրա ձեռքի գործն են նաեւ ամուսնական գավաթներ, որոնք հնարավոր է միացնել իրար: Այժմ պատրաստում է նաեւ ժամանակակից ոճի գավաթներ:

Իր գործերի մեծամասնությունը Նաիրին մեղրամոմով է պատում: Նա չի լաքապատում դրանք, որպեսզի փայտը պահպանի բնական գույնը:

Հայաստանում Նաիրի Սաֆարյանի միակ ցուցահանդեսը կազմակերպվել է 2007թ. ապրիլին` Սուրբ Զատկի տոնի կապակցությամբ: Այն տեղի է ունեցել «Նարեկացի» արվեստի միությունում, որտեղ ցուցադրվել են իր եւ դստեր աշխատանքները (դուստրը փայտե ձվերի կեղեւին փորագրություններ է անում):

Նաիրին որոշել է մեկնել ԱՄՆ: «Ճիշտ է, այստեղ ապագա ունեմ, բայց ԱՄՆ-ում մարդուն թույլ են տալիս, որ բազմակողմանի բացվի»,- բացատրեց նա: «Հույս ունեմ վերադառնալ Հայաստան, իրար վրա հավաքել իմ բոլոր գործերը եւ մի մեծ ցուցահանդես անել: Դեռ չի եղել, որ բոլոր գործերս մի տեղում հավաքված լինեն», - ասաց Նաիրի Սաֆարյանը:

Էլիզա Նազարեթյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter