HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյուղի պատմությունը թանգարանում

Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչները պատմում են, որ իրենց գյուղ այցելած փորձագետները պարզել են, որ գյուղն ունի մոտ 60.000 տարվա պատմություն, սակայն գյուղի մասին առաջին անգամ հիշատակում են 5-րդ դարի պատմիչներ Մովսես Խորենացին եւ Փավստոս Բուզանդը:

Կողբ գյուղի մշակույթի կենտրոնի մասնաշենքում գործող թանգարանում կարելի է գտնել գյուղի մասին պատմող հնագույն նմուշներ: Թանգարանը գործում է արդեն 37 տարի: Վերջինիս հիմնադիրն է Սուրեն Աբովյանը: Նա երկար տարիներ եղել է մշակույթի կենտրոնի տնօրենը, այնուհետեւ որոշել է հիմնել գյուղի մասին պատմող թանգարան: Թեեւ արդեն թոշակառու է, սակայն թանգարանում աշխատում է որպես ֆոնդապահ: Նմուշներն ինքն է հավաքել, կամ գյուղացիներն են նվիրել: Դրանք հիմնականում գյուղի գերեզմանատան մոտ ճանապարհները սարքելիս հայտնաբերված առարկաներն են:

Ներկայումս թանգարանում կա մոտ 1300 նմուշ, ամենահինը 2500 տարեկան թուրն է: Կողք-կողքի շարված են դարեր առաջ օգտագործված կենցաղային իրեր` կամ (հացահատիկի համար), սանդերք (բուրդ գզելու գործիք), երկանքի տակ, տրեխներ, աղամաններ` օժիտ բերված, կանացի զարդեր, Ստալինի անձնական դրոշը (1942), Ստալինի կողմից կողբացի մի զինվորի նվիրաբերած ռադիո եւ այլն: «Տանը եւս 100 նմուշ ունեմ` կարպետներ, գորգեր, դազգահներ եւ այլն: Այստեղ տեղ չկա, իսկ տանն ափսոս են, կփչանան»,- ասում է Սուրեն Աբովյանը:

Նմուշներից չի ուզում հրաժարվել. «Սա մեր գյուղի պատմությունն է, մեր մասին է, ո՞նց տանք` տանեն: Բացի այդ, թանգարանն իմ կյանքն է, առանց սրա ինձ չեմ պատկերացնում: Թվում է` երեխաներիցս շատ եմ սիրում»,-ավելացնում է նա: Այցելուների համար Սուրեն Աբովյանը կարող է նույնիսկ քամանչայով նվագել, պատմել, թե ինչպես է հայթայթել այս կամ այն նմուշը:

Դեռեւս չուսումնասիրված շատ նմուշներ կան թանգարանում: Բայց դրանց պահպանման համար շենքային պայմանները չեն բավարարում:

«Օդափոխությունը նորմալ չի կատարվում: Նմուշները պահպանելու նպատակով սրահը մթնեցրել ենք, պատուհանները` փակել: Այցելուներին հարմար չէ, տարածքն էլ շատ փոքր է,- բացատրում է թանգարանի ներկայիս տնօրեն Ս. Մուրադյանը,- մենք մեր միջոցներով հրավիրել ենք փորձագետների, դիմել ենք նախարարություն, սակայն առայժմ արձագանք չենք ստացել»:

Նույն շենքում գործում են նաեւ գեղարվեստի դպրոցը, թատրոնի, տիկնիկային թատրոնի խմբակները:

Թանգարանը պետական գրանցում չունի, այն ֆինանսավորվում է գյուղապետարանի կողմից: Լինում են նաեւ մարդիկ, որոնք նվիրատվություններ են անում թանգարանին, մասնավորապես վերջերս Ցեղասպանության թանգարանի նախկին տնօրեն Լավրենտի Բարսեղյանը Կողբի թանգարանին ստենդներ է նվիրել:

Գյուղում միայն Սուրեն Աբովյանը չէ, որ հավաքում է հնագույն նմուշներ: Կողբի բնակիչ Գագիկ Աղաբաբյանն իր տանն ունի դեռեւս Տիգրան Մեծի օրոք կտրած ոսկեդրամ, Կ. Պոլսում 1846 թ. լույս տեսած Աստվածաշունչ, Թիֆլիսում եւ Կ. Պոլսում լույս տեսած շաբաթաթերթեր եւ այլն: «Շատերն են ինձ առաջարկել վաճառել, սակայն մտադիր չեմ հրաժարվել դրանցից: Իմ տանն էլ վատ պայմաններ չկան դրանց համար»,- ասում է Գ. Աղաբաբյանը: Այդ եզակի իրերը նրա հայրն է սկսել հավաքել, ինքն էլ շարունակում է եւ հետո այդ գործն ավանդելու է իր որդուն:

Կողբում եւ շրջակա գյուղերում կան նաեւ այլ հուշարձաններ, որոնք, սակայն, չեն արժանանում համապատասխան ուշադրության:

Գյուղացիները դժվարանում են պատճառը տեսնել միայն հեռավորության մեջ. «Մեզ համար աշխարհի կենտրոնը հենց սա է: Մենք հնարավորինս փորձում ենք պահպանել դրանք, սակայն պետական մակարդակով հոգածության կարիքն ակնհայտ է»,- ասում է մշակույթի կենտրոնի տնօրեն Ս. Մուրադյանը:

Գյուղացիներն իրենք էլ ուզում են որեւէ իր նվիրել թանգարանին` որեւէ կերպ օգնելու ցանկությամբ: Կարեւորվում է նաեւ նվիրաբերված իրի մոտ անպայման նվիրողի անունը գրելը:

Մարիամ  Մուղդուսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter