HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Հայաստանից Իրան մետաղաջարդոնի արտահանումն արգելված չէ

Մեր երկիրը պարտավոր չէ միանալ ԵՄ-ի պատժամիջոցներին
 
Միջազգային լրահոսում վերջերս հայտնված տեղեկատվության համաձայն՝ Եվրամիության կողմից ընդունված նոր պատժամիջոցները Իրանին արգելում են վաճառել ալյումին, երկաթ, որոնք կարող են օգտագործվել ատոմային զենք կամ բալիստիկ հրթիռներ ստեղծելու համար: 
 
Ինչպես հայտնի է, հայաստանյան տարբեր տնտեսվարող սուբյեկտներ Իրանին կամ իրանական ընկերություններին տարիներ շարունակ, որպես մետաղաջարդոն, վաճառել են երկաթ և ալյումին: Միաժամանակ հայտնի է, որ Հայաստանը Եվրամիության անդամ պետություն չէ, չի օգտվում կամ լիարժեք չի օգտվում ԵՄ-ի ընձեռած արտոնություններից, հնարավորություններից, ինչը նշանակում է, որ և՛ քաղաքական, և՛ իրավական, և՛ բարոյական առումով բնավ էլ պարտավոր չէ կատարել ԵՄ-ի պահանջները, միանալ նրա սահմանած արգելքին:
 
Այնուհանդերձ, նկատի ունենալով, որ Հայաստանի իշխանությունները և որոշ քաղաքական ուժեր ձգտում են հասնել ԵՄ-ի կազմում Հայաստանի ընդգրկմանը, Եվրամիությունն էլ այդ առումով մերթընդմերթ սիրաշահում, հուսադրում կամ, ժողովրդախոսակցական լեզվով, «փշի-փշի է անում» Հայաստանին` աստիճանաբար իր պայմաններն ու պահանջները թելադրելով, բացառված չէ, որ մեր երկրում իշխանավորներից ոմանք ցանկանալով պապից ավելի կաթոլիկ երևալ, կամ էլ կատարելով ԵՄ-ի հնարավոր կուլիսային պահանջը, վճռեն, որ Հայաստանը նույնպես պետք է միանա հիշյալ արգելքին:
 
Պարզելու համար, թե այս պահին Հայաստանից իրան երկաթի և ալյումինի մետաղաջարդոնի արտահանման նկատմամբ կա՞ արդյոք որևէ արգելք, և եթե կա, ի՞նչ հիմնավորմամբ, համապատասխան հարցմամբ դիմեցինք ՀՀ պետական եկամուտների կոմիտե: ՊԵԿ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից ստացանք հետևյալ պատասխանը.
 
«Ի պատասխան Ձեր հարցմանը` տեղեկացնենք, որ Հայաստանից Իրան մետաղի ջարդոնի, մասնավորապես երկաթի և ալյումինի արտահանումը իրականացվում է ընդհանուր կարգով` մաքսային մարմիններին ՀՀ կառավարության 21.11.2003 թ. թիվ 1779-Ն որոշմամբ և ՀՀ մաքսային օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացման դեպքում»:
 
Նկատի ունենանք նաև, որ խոսքը մեր հարևան ու բարեկամ երկրի մասին է, որտեղից Հայաստան ավտոճանապարհը և Իրանի տրամադրած տրանսպորտային միջանցքը Արցախյան պատերազմի ու շրջափակման ծանր տարիներին մեր երկրի համար կենսական ու ռազմավարական նշանակություն ստացան: Միայն երախտամոռը կարող է սա մոռանալ: 
 
Ի վերջո, Հայաստանից երկաթի և ալյումինի մետաղաջարդոնի առաքումն Իրան չի կարող վճռորոշ նշանակություն ունենալ բալիստիկ հրթիռների արտադրությունը շարունակելու կամ ատոմային զենք ստեղծելու հարցում, եթե նույնիսկ հավատանք կամ համարենք, որ Իրանը ձգտում է այդպիսի զենք ստեղծել: Կասկած չունենք, որ ԵՄ-ի պաշտոնյաներն էլ չեն կասկածում, որ իրականում նման մտադրություն ունենալու դեպքում Իրանը հույսը Հայաստանի կամ մեկ այլ պետության վրա չի դնի. այդ երկրում կգտնվի այնքան երկաթ և ալյումին, որ լիուլի կբավարարի ատոմային ռումբեր ստեղծելու ու բալիստիկ հրթիռների արտադրությունը շարունակելու համար:
 
Արեգ Հովհաննիսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter