HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը Վարդենիսի նախկին հյուրանոցը օտարեց նախագահի եղբորորդուն

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է գույք օտարելու որոշում, որի համաձայն «Հանա տրանս» ՍՊԸ կողմից ԼՂՀ-ից ածխի տեղափոխումն արդյունավետ կազմակերպելու համար նախատեսվում է Վարդենիս քաղաքում գտնվող երկաթգծի նախկին հյուրանոցի շենքը ուղղակի վաճառքի ձևով օտարել «Հանա տրանս» ՍՊԸ-ին։ Ածուխն օգտագործվելու է Երևանի ջերմաէլեկտրակայանի հին կայանում ջուր-ածխային վառելիքով էլեկտրաէներգիայի արտադրության նպատակով։ Շենք, շինությունների ընդհանուր մակերեսը կազմում է 501,9 քառ. մետր: Օտարման ենթակա գույքի վաճառքի գինը սահմանվել է 950 000 ՀՀ դրամ: Շենք, շինությունների զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված հողամասը կազմում է 0.29 հա: 

«Հանա տրանս» ՍՊԸ-ն ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստրում գրանցված է Նարեկ Սարգսյանի անվամբ: Նարեկ Սարգսյանը հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր` Սաշիկ Սարգսյանի որդին է: 

Ըստ որոշման նախագծի` 2012թ. «Հանա  Տրանս» ՍՊԸ-ն գրությամբ դիմել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը` տեղեկացնելով, որ ԼՂՀ-ում արդյունահանվող ածխի հումքով «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի տարածքում նախատեսվում է ջուր-ածխային վառելիքի արտադրության կազմակերպում և այդ ծրագրի շրջանակներում նախատեսվող տարեկան շուրջ 2000 տոննա ածխի տեղափոխումը (ծանրաքարշ ավտոմեքենաներով) ԼՂՀ-ից մինչև Վարդենիսի երկաթուղային կայարան և այդտեղից երկաթուղով մինչև ք. Երևան պետք է իրականացվի «Հանա Տրանս» ՍՊԸ-ի  կողմից:  Ելնելով աշխատանքի կազմակերպման անհրաժեշտությունից՝ ընկերությունը խնդրել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում գտնվող երկաթգծի նախկին հյուրանոցի շենքը ՀՀ օրենսդրությամբ  սահմանված կարգով օտարել ընկերությանը: 

2012թ. հունիսի 22-ի «Գույք հանձնելու մասին» N755-Ա որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում գտնվող երկաթգծի նախկին հյուրանոցի շենքը (501,9 քառ. մետր մակերեսով կիսաքանդ շինություն, սկզբնական արժեքը՝ 1837500, մնացորդային արժեքը 0 դրամ) և 0,29 հա մակերեսով հողամասը  ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից հետ է վերցվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին փոխանցված կոնցեսիոն ակտիվների կազմից ու հանձնվել է «ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմ» ՊԿՀ-ի տնօրինությանը: Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և «Կռունկ» ՍՊԸ-ի միջև 2012թ. օգոստոսի 17-ին կնքված աշխատանքների կատարման պայմանագրի համաձայն «Կռունկ» ՍՊԸ-ի կողմից 2012թ. օգոստոսի 20-ին իրականացվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում գտնվող երկաթգծի նախկին հյուրանոցի և հողամասի շուկայական գնահատում՝ համաձայն որի գնատատված արժեքը կազմել է 950 000 դրամ: Գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարը կազմում է 112 000 ՀՀ դրամ:

Ներկայացված նախագծով առաջարկվել է գույքն ուղղակի վաճառքով օտարել «Հանա Տրանս» ՍՊԸ-ին: «Հանա  Տրանս» ՍՊԸ-ն նախատեսում է այն օգտագործել որպես բազա:

Մեկնաբանություններ (1)

GEGHAM
ԱՊՐԻ ՍԱՇԻԿԸ, ԼԱՎ ԿԼԻՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔՆ ԷԼ ԱՌՆԻ ՀԱՑԻ ՓՈՒՌ ԴՆԻ ԱՎԵԼԻ ՕԳՈՒՏ ԿՏԱ ԺՈՂՈՎՐԴԻՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter