HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում կստեղծվի ԱԻ մարդասիրական տարածաշրջանային կենտրոն

Հոկտեմբերի 16-ին Մոսկվայում ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության իր գործընկեր Վլադիրմիր Պուչկովին։ Հանդիպման ընթացքում նախարարները ստորագրել են մարդասիրական արձագանքման հայ-ռուսական կենտրոնի ստեղծման մասին մտադրությունների արձանագրություն։ Այդ կենտրոնի հիմնական խնդիրն արտակարգ իրավիճակներում մարդասիրական արձագանքման ապահովումն է։

Արձանագրության համաձայն` կստեղծվի Հայաստանի և ՌԴ ԱԻՆ ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբ, որը կորոշի մարդասիրական կենտրոնի հիմնման կարգը և մեխանիզմները, կներկայացնի առաջարկություններ` ՀՀ տարածքում կենտրոնի գործունեության բարենպաստ պայմաններ ստեղծելու վերաբերյալ։ Դրանից բացի` աշխատանքային խումբը կմշակի կենտրոնի ստեղծման միջկառավարական համաձայնագրի և կանոնադրության նախագծերը։

Համաձայնագիրը հնարավորություն կտա՝ բարձրացնել փոխգործակցության և արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման գործողությունների համակարգման արդյունավետությունը, ստեղծել ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև արդյունաբերական վթարների կանխարգելման, տարերային աղետների և հետևանքների վերացման մասին կնքվելիք համաձայնագրի իրականացման գործուն մեխանիզմ։

Այսուհետ ՌԴ ԱԻՆ ճգնաժամային իրավիճակներում կառավարման ազգային կենտրոնի և ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի միջև լինելու է տեղեկատվության ամենօրյա փոխանակում։ Երկրները նաև ակտիվ կերպով զարգացնելու են երկրաշարժերի և ցունամիների մշտադիտարկման և կանխատեսման տեխնոլոգիաները։

Դեռևս 2009 թ. նոյեմբերին ՀԱՊԿ անդամ երկրների արտակարգ իրավիճակները համակարգող խորհրդի 2-րդ նստաշրջանի ընթացքում Մոսկվայում ստորագրվել է ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների ու տարերային աղետների հետևանքների վերացման և ՀՀ ԱԻՆ միջև համագործակցության զարգացման վերաբերյալ արձանագրություն։

ՌԴ ԱԻ նախարարը նշել է, որ ներկայումս իրականացվում է մի քանի համատեղ նախագիծ`հիշատակելով այս տարվա սեպտեմբերին Հայաստանում անցկացված ՀԱՊԿ «Փոխգործակցություն 2012» զորավարժությունը, որին մասնակցում էին ՀԱՊԿ անդամ երկրների զինված ուժերի, ոստիկանության և արագ արձագանքման ուժերը։ Վ. Պուչկովը խոսել է նաև 2010 թ. ամռանը Ռուսաստանի տարածքում բռնկված լայնածավալ անտառային հրդեհների դեմ պայքարում ՀՀ ԱԻՆ ցուցաբերած օժանդակության մասին։ Ռուսաստանը մեկ անգամ չէ, որ մարդասիրական օգնություն է ցուցաբերել Հայաստանին, իսկ ներկայումս ՌԴ ԱԻՆ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանում է ՀՀ ԱԻՆ 4 աշխատակից։

Քիչ առաջ հեռախոսով կապվեցինք Մոսկվայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանի հետ, որն իր գոհունակությունը հայտնեց Ռուսաստանի իր գործընկերոջ հետ հանդիպումից: Վ. Պուչկովը հաճույքով է ընդունել Հայաստան այցելելու Ա. Երիցյանի հրավերը:

Նշելով, որ հիմք է դրվել շատ լուրջ ու ծանրակշիռ համագործակցության` Արմեն Երիցյանը հայտնեց. «Երբ Բելառուսում քննարկեցինք տարածաշրջանի մարդասիրական կենտրոններ ստեղծելու գաղափարը, իմ առաջարկը հավանության արժանացավ, - նշեց Ա. Երիցյանը,- մի կենտրոն կստեղծվի Հայաստանում, մյուսը` Բելառուսում: Հենց երեկ Ռուսաստանի ԱԻ նախարարությունում աշխատասենյակ տրամադրվեց համատեղ հանձնաժողովում ընդգրկված ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչներին: Համատեղ հրաման ստորագրեցինք նաև, որ մեր երկրների ճգնաժամային կառավարման կենտրոններն ամենօրյա ռեժիմով տեղեկատվություն փոխանակեն: Այս համագործակցությունը մեծ հեռանկարներ ունի և հիմնական աշխատանքները դեռ առջևում են»:

ՀՀ ԱԻՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter