«Ձայնագրությունը միացրու, ձայնագրումն անջատի»
Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աշտարակի նստավայրում այսօր գրեթե վճիռներ կարդալու օր էր: Վճիռները կարդում էին քաղաքացիական գործեր քննող դատավորներ Մանուկ Մարգարյանը եւ Գոհարիկ Խաչատրյանը:
Առավոտյան ժամը 10.40, 10.45, 10.50 եւ 10.55 նիստերով դատավոր Մանուկ Մարգարյանը հաջորդաբար, առանց րոպեական դադարի, 5 րոպեում 4 վճիռ հրապարակեց:
Եթե նիստերի դահլիճը չունենար ձայնագրման հնարավորություն, ապա վստահաբար կարող ենք ասել, որ դատավորն այդ ձեւական կողմը չէր էլ պահի, քանի որ նա այսօր դրանք հրապարակեց բացառապես ձայնագրառելու համար:
«Ձայնագրությունը միացրու»,- վճռից առաջ նիստերի քարտուղարին հրահանգում էր դատավոր Մարգարյանը: Նա այնքան էր շտապում, որ ընթերցված տեքստից ոչ մի բառ չէր հասկացվում: Միայն վերջում բարձրաձայն ու հստակ ասում էր. «Նիստը համարվում է փակված: Ձայնագրումն անջատի»: Դրանից հետո նորից նիստը հայտարարում էր բացված, կարդում հերթական վճիռը եւ հայտարարում փակումը:
Վճիռների հրապարակմանը ներկա էր միայն մի գործով կողմերից մեկը, ով տեղում վճիռը վերցրեց ու հեռացավ: Երբ «խմբային» վճիռների ընթերցումն ավարտվեց, նիստերի դահլիճի դռան առջեւ սպասող կնոջից հետաքրքրվեցի, թե որ գործով է եկել: Ա. Կիրակոսյանն ասաց, թե «Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամն է իրեն դատի տվել եւ եկել է դատավորի վճիռը լսելու: Տեղեկանալով, որ իր վճիռն արդեն ընթերցվել է, բարկացավ ու հեռացավ դատարանից, «բա ինչի՞ էին կանչել, որ առանց մեզ պիտի կարդային»,- ասաց Ա. Կիրակոսյանը:
Դատավոր Գոհարիկ Խաչատրյանն այսօր 3 վճիռ հրապարակելու էր հենց նույն ժամին` 17.00-ին: Ի դեպ, գործերից երկուսը վերաբերում է գումարի բռնագանձմանը, մյուսը` դրանց հետ որեւէ ընդհանրություն չունեցող` հայրության փաստը հաստատելու պահանջին:
Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավար Ավետիք Ավագյանից հետաքրքրվեցինք, թե հնարավո՞ր է 3 վճիռ կարդալ նույն ժամին` առանց րոպեական դադարի: Ա. Ավագյանը նշեց, թե խնդիրը տեխնիկական է եւ Datalex-ում ժամերը ճիշտ չեն մուտք արվել: «Գոնե 5 րոպեանոց ընդմիջումներ պետք է լիներ»,- ավելացրեց աշխատակազմի ղեկավարը:
Ինչ վերաբերում է առանց դադարի վճիռների հրապարակմանը, ապա Ավետիք Ավագյանն ասաց, որ կողմերը պատշաճ ծանուցված են վճռի հրապարակման օրվա մասին եւ իրենց ցանկությունն է` ներկա լինել վճռի հրապարակմանը, թե ոչ:
«Նիստերը բաց են, ով ուզում է, կարող է ներկա գտնվել»,- ավելացրեց Ա. Ավագյանը:
Նշենք, որ Աշտարակի դատարանի տեղեկատվական ցուցանակը գրեթե դատարկ էր: Փակցված էր միայն երկու դատավորների վճիռների օրակարգը, մնացածները բացակայում էին:
Ավետիք Ավագյանն այս առնչությամբ ասաց, թե քանի որ Datalex-ի ապարատը տեղադրված է դատարանի շենքում եւ ցանկացած ոք կարող է ծանոթանալ դատարանի նիստերի մասին, ապա իրենք պարտավոր չեն դրանք տպած տարբերակով փակցնել: Իսկ թե ինչու է միայն երկու դատավորի նիստերի ցանկը փակցվել, աշխատակազմի ղեկավարն ասաց. «Պարզապես որոշել ենք դրանք այդ տարբերակով էլ փակցնենք»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել