Հայերեն առաջին գիրքը հայ կինոյի մասին` հիմնադրումից մինչև մեր օրերը
Հունիսի 9-ին` ժամը 15:00-ին, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում տեղի կունենա Սիրանույշ Գալստյանի «Հայացք մեր կինոյին. Պատմությունը և ներկան» գրքի շնորհանդեսը, ուր ներկայացված է հայ կինոյի պատմությունը:
«Հոգու պարտքի նման մի բան էր հայ կինոյի մասին հայերեն գիրք գրելը, որովհետև մեծամասամբ խորհրդային ու նաև` հետագա տարիներին գրված գրքերը ռուսերեն էին, և կինոյի պատմություն` հայերեն, հեշտ չէր գտնել, մանավանդ, ուսանողների համար»,- ասում է Սիրանույշ Գալստյանը:
«Հայացք մեր կինոյին. Պատմությունը և ներկան» գիրքը հրատարակվել է Հայստանի կինեմատոգրաֆիստների միության հովանավորությամբ: Գիրքը 15 տարվա կուտակումների արդյունք է, բայց գրվել, ամփոփվել է մեկ տարում: Գրքի ստեղծման հիմնական շարժառիթը եղել է իսպանական FICCAB փառատոնի տնօրեն Խայմե Նոգուերայի` հայ կինոյի պատմությունը իսպաներեն ներկայացնելու առաջարկը: Այդ փառատոնի շրջանակներում ամեն տարի որևէ երկրի կինեմատոգրաֆի, հիմնականում` իրենց հասարակայնությանն անհայտ ֆիլմարվեստի նվիրված գիրք են տպագրում: 2010թ. նախագիծը Խայմե Նոգուերան առաջարկել էր նվիրել հայ կինոյին: Գրքի երկլեզու հրատարակությունը (հայերեն և իսպաներեն) իրականացնելու է իսպանական կողմը: Հայկական կողմից պահանջվում է միայն հայերեն և իսպաներեն տեքստերը, բայց մինչ օրս չի լուծվել թարգմանության հարցը:
«Հայացք մեր կինոյին. Պատմությունը և ներկան» գիրքը գրված է պրոֆեսիոնալ լեզվով և միևնույն ժամանակ` հանրամատչելի, որպեսզի հետաքրքիր լինի ոչ միայն մասնագետներին, այլև արվեստասեր ընթերցողին: «Ես երազում էի, որ եթե հայ կինոյի մասին գիրք լույս տեսնի, լինի նկարազարդ, արժանավայել տպագրությամբ: Ահա դա տեղի ունեցավ: Ձևավորումն իրականացրել է Կարինե Մելոյանը, իսկ տպագրությունն արվել է«Փրինթինֆո» տպագրատանը: Կարծում եմ, տպավորիչ հրատարակություն է, և ընթերցողը գոհ կլինի: Եթե կինոարվեստի մասին է խոսքը, այն էլ այսօրվա պրոգրեսի պայմաններում, ապա գիրքը բովանդակությունից զատ, պետք է նաև պատշաճ տեսք ունենա»,- ասում է Սիրանույշ Գալստյանը:
Գրքի խմբագիրը` արձակագիր և կինոգետ, պրոֆեսոր Դավիթ Մուրադյանը, այսպես է այն բնութագրում. «Ինչի՞ մասին է այս գիրքը. հայ կինոյի ճանապարհի, որն իմաստավորված է նրա մեծ երախտավորների ու նվիրյալ մշակների հայացքով: Գրքի հեղինակը` արվեստագիտության թեկնածու Սիրանույշ Գալստյանը, զննում է այդ երկարամյա ճանապարհի պատմական ու գեղարվեստական շրջափուլերը: Անշուշտ արդեն ի՛ր հայացքով, որը, բարեբախտաբար, ընդգրկուն է անկողմնակալ ու հետաքրքիր: Այս գրքի ընթերցանությունը նույնպես հետաքրքիր կլինի մեր կինոն ճանաչողների, իսկ առավել ևս` քիչ իմացողների համար»:
Րաֆֆի Մովսիսյան
Շնորհանդեսի կազմակերպիչ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել