British Petroleum-ը, Statoil-ը նոր բրեյվիկնե՞ր են բուծում
2012թ. օգոստոսի 31-ին Հունգարիան, հղում կատարելով 1983թ. Դատապարտվածների փոխանցման Ստրասբուրգի կոնվենցիային, Ադրբեջանին հանձնեց այդ երկրի քաղաքացի Ռամիլ Սաֆարովին, ով հայազգի Գուրգեն Մարգարյանին սպանելու համար 2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում ձերբակալվել և ցմահ ազատազրկման էր դատապարտվել: Ընդ որում, Սաֆարովն ու Մարգարյանն իրենց անձնական նախասիրությամբ չէ, որ հայտնվել էին Բուդապեշտում: Նրանք ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված լեզվի ուսուցման դասընթացների մասնակիցներ էին և ներկայացնում էին համապատասխանաբար Ադրբեջանն ու Հայաստանը:
Սաֆարովին Բաքու վերադարձնելուց հետո Ադրբեջանի նախագահն արագացված կարգով հրամանագիր ստորագրեց Ռամիլ Սաֆարովի ներման մասին՝ էթնիկ հողի վրա Մարգարյանին գիշերը քնած ժամանակ կացնահարած ոճրագործին ազատություն շնորհելով: Ալիևյան վարչախմբի կողմից դրան հետևեց նաև Սաֆարովին զինվորական, սոցիալական և այլ արտոնությունների ու երաշխիքների տրամադրման գործընթացը, որը ներառում էր այնպիսի էական բաղադրիչներ, ինչպիսիք էին սպայական կոչման բարձրացումը, ազատազրկման մեջ գտնվելու տարիների հաշվմամբ զինվորական ծառայության դիմաց դրամական բավարարման փոխհատուցումը և այլն: Պաշտոնական Բաքվի կողմից նման քայլերը միանշանակ հաստատեցին այն կասկածները, որ Սաֆարովը քնած հայազգի սպայի նկատմամբ ծրագրավորված հանցավոր քայլերը իրականացնելիս շարժվել էր ադրբեջանական պետության ուղղորդված աջակցությամբ ու երաշխիքներով:
Ցմահ դատապարտված ոճրագործին ազատ արձակելուց մեկ ամիս անց իսկապես էական է այն հարցի քննարկումը, թե անպատժելիության ինչ հավատամքով էր շարժվում Ադրբեջանը, երբ ուղղակի ու անթաքույց հովանավորության տակ էր վերցնում մի մարդասպանի, որի քայլերն էին բարոյական արժեքների նկատմամբ ցինիկ արհամարհանքը (քնած անօգնական մարդու նկատմամբ ոտնձգությունը, նաև գիշերը հայազգի երկրորդ սպային գտնելու ու սպանելու մոլուցքը) և հանցավոր գործողության առանձնակի դաժանությունը (կացնի 16 հարվածներով սպանություն իրականացնելը):
Եթե դեպքը լոկալ նշանակություն ունենար, ապա կարելի էր մտածել, որ իբրև էթնիկ քսենոֆոբիայի դրսևորում' նման ձևով կատարված հայատյաց գործողության (արմենոֆոբիա) հովանավորությունը ալիևյան վարչախմբի համար ադրբեջանական ազգային ինքնագիտակցության ձևավորման ու իշխանության պահպանման համար արդեն ընդունված քաղաքական գծի արտահայտությունն էր և, հետևաբար, զերծ պատժվելու վախից:
Սակայն այս դեպքում գործ ունենք միջազգային հանրության սևեռուն հայացքի ներքո տեղ գտած մի զարհուրելի ոճրագործության հետ: Դեպքը տեղի է ունեցել Կենտրոնական Եվրոպայում և համաշխարհային անվտանգության հիմնասյուն կառույցներից մեկի՝ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված միջոցառման ընթացքում ու միաժամանակ, որպես հետևանք, առաջացրել է եվրոպական ընտանիքի մաս կազմող պետության հետ դիվանագիտական հարաբերությունների խզում արտաքին ու ներքին նպատակադրություններում ժողովրդավարական պետություն կառուցելու եվրոպական ուղղվածությունն առաջադրած Հայաստանի կողմից:
Կարելի է ենթադրել, որ սեփական անպատժելիության հավատամքում պաշտոնական Բաքվի հանցավոր ինքնավստահությունը գալիս է Ադրբեջանի արտաքին գործընկերների հետ ունեցած քաղաքական և, առավել ևս, տնտեսական գործակցությունից: Աշխարհաքաղաքական շահերի դիտանկյունից Ադրբեջանի արժեքը նրա էներգետիկ պաշարներն են (նավթի հետազոտված պաշարները կազմում եմ 7 մլրդ բարել, ինչը կազմում է համաշխարհային պաշարների 0.4%-ը, իսկ գազի պաշարները՝ 1.3 տրիլիոն խմ, ինչը կազմում է համաշխարհային պաշարների 0.6%-ը) և հատկապես աշխարհաքաղաքական դիրքը: Վերջինս հնարավորություն է ընձեռում ավտորիտար կառավարմամբ այս երկրին ցանկալի գործընկեր մնալ ԱՄՆ-ի և նրա եվրոպական դաշնակիցների համար՝ Ռուսաստանի և Իրանի տարածաշրջանային հավակնությունները զսպելու, ինչպես նաև Արևմուտքի՝ Կենտրոնական Ասիայի հետ փոխհարաբերությունները զարգացնելիս, նրանց հավակնոտ միջամտություններն ու արգելքները շրջանցելու գործում:
Այս շահերի վրա հենվելով՝ ալիևյան կլանն արդեն մեկուկես տասնամյակ է, պետական քաղաքականություն է դարձրել նավթագազային արտահանումներից և տարանցիկ փոխադրումներից ստացված դոլարների միջոցով իր կոռումպացված ու հակաժողովրդավարական վարչախմբի պահպանումը և ադրբեջանական հանրության մեջ վախի սերմանումը արտաքին թշնամու ուրվականով: Ընդ որում, այդ նպատակի կենսագործմանը ծառայող հակամարդկային ձեռնարկումները (այդ թվում՝ աշխարհում եղած հայատյաց առանձին գործողություններին օժանդակելը կամ պարտակելը), ինչպես տեսնում ենք Սաֆարովի օրինակով, պաշտոնական Բաքուն խթանում է արդեն իր տարածքից հազարավոր կիլոմետրեր հեռու: Դեպքերի շառավիղը, այսպիսով, հասել է Կենտրոնական Եվրոպա և սպառնում է լրջագույն խնդիրներ առաջացնել ոչ միայն երկրների միջպետական հարաբերություններում, այլ նաև նպաստել նոր ազգատյաց «բրեյվիկների» ի հայտ գալուն, ասենք, բարեկեցիկ Նորվեգիայում կամ Շվեդիայում:
Եվ, այնուամենայնիվ, արդյո՞ք քնած մարդուն կացնահարած զինվորականին հերոսացնող Ադրբեջանը, որի գործողություններից ապշած էր մնացել ԱՄՆ վարչակարգը («Մենք ապշած էինք անձի հերոսացմամբ, որը դատապարտվել էր սպանության համար: Դա տարածաշրջանում իրական սադրանք է»,-ասել էր, օրինակ, ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը), իր անպատժելիության հավատամքում չի սնուցվում հենց արտաքին աշխարհից: Չէ՞ որ ոչ միայն արևմտյան տերությունների աշխարհաքաղաքական, այլև նրանց հզորագույն կորպորացիաների տնտեսական շահերն առավել են խլացնում եվրոպական երկրների քաղաքացիների ականջները:
Կարո՞ղ է շարքային եվրոպացին երբևէ ենթադրել, որ իր կառավարության կամ իր երկիրը ներկայացնող խոշոր ընկերության թողտվությամբ ամեն օր սնուցվում է մի հրեշավոր մեքենա, որն այդուհետ պատրաստ է նորանոր բրեյվիկ-սաֆարովներ գործուղել բարեկեցիկ Եվրոպա՝ որևէ հայի կյանքը խլելու հանձնառությամբ: Մի կառավարություն, որտեղ նա հարկային մուտքեր է կատարում՝ սեփական անվտանգությունն ու բարեկեցությունը պաշտպանված տեսնելու ակնկալիքով, և կամ մի կորպորացիա, որտեղ աշխատում է ինքը կամ իր բարեկամը, և որն Ադրբեջանում միլիոնավոր դոլարների ներդրում է կատարում:
Ի դեպ, Երևանում պատասխանելով լրագրողի այն հարցին, թե մտահոգություն չունե՞ն բրիտանացիները, որ Ադրբեջանի նավթարդյունաբերության ոլորտում ներգրավված բրիտանական խոշոր ընկերություններից, մասնավորապես «British Petroleum»-ից ստացած շահույթները Բաքուն նպատակամղում է երկրի ռազմականացմանը, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգթոնն ասել էր. «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների արդյունքում Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ հաշտեցման հասնելը բխում է ինչպես տարածաշրջանի, այնպես էլ ողջ Եվրոպայի անվտանգության շահերից: Հենց այն հանգամանքը, որ Մեծ Բրիտանիան առևտրային շահեր ունի այս տարածաշրջանում, նշանակում է, որ մենք նաև այստեղ խաղաղությունը, կայունությունն ու հաշտեցումը խրախուսելու հստակ շահեր ունենք»:
Բրիտանացի դիվանագետի խոսքը, թվում է, անթերի է կառուցված: Սակայն, ի վերջո, հարց է մնում' առևտրային շահե՞րն են առավել գնահատված, թե՞ տարածաշրջանի (կարելի է ավելացնել' նաև Եվրոպայի) խաղաղությունը, կայունությունն ու հաշտեցումը խրախուսելու շահերը: Առավել ևս, որ ներկայում արևմտյան խոշոր շատ ընկերություններ, որոնք նշանակալի ներդրում ունեն իրենց երկրների պետական բյուջեների կազմավորման գործում, զբաղված են Ադրբեջանին նավթադոլարներ մատակարարելով: Վերցնենք, թեկուզ, բրիտանական «British Petroleum»-ը կամ նորվեգական «Statoil»-ը:
Այս ընկերությունները մի կողմից Ադրբեջանի էներգետիկ նախագծերում տիրապետում են հսկայական ակտիվների (Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղ, Ազերի-Չիրագ-Գյունեշլի, Շահ-Դենիզ հանքավայրեր և այլն), իսկ մյուս կողմից եվրոպական երկրներում կարևոր հարկատուներ են, ինչպես և ներդրումներ կատարողներ: Անդրազգային կորպորացիաներ կան, ինչպիսին է, օրինակ, հենց «Statoil»-ը, որոնք հայրենի տնտեսությունների փրկօղակներն են դարձել (նրա մուծումները կազմում են Նորվեգիայի բյուջեի 24%-ը) և միաժամանակ հսկայական ազդեցություն ունեն ադրբեջանանորվեգական միջպետական հարաբերություններում: Այսօր «Statoil»-ը մեծությամբ երկրորդ ներդրողն է Ադրբեջանում և սեփական եկամտային հոսքերն անխափան աշխատեցնելու համար պատրաստ է անուշադրության մատնել ցանկացած հակաժողովրդավարական գործընթաց, որ կատարվում է Ադրբեջանում:
Նշված փաստարկները կարևոր հարցադրում են առաջացնում. արդյո՞ք հենց British Petroleum-ը, Statoil-ը կամ Ադրբեջանում ներկայացված մյուս մեծ կորպորացիաները չեն Եվրոպայում նոր բրեյվիկների բուծման պատասխանատուները: Ի դեպ, Սաֆարովին Ադրբեջանին հանձնելուց հետո եվրոպական կառույցների պատասխանատուները ընդամենը խոսում են հայկական կողմի վրդովմունքը կիսելու և ադրբեջանահունգարական գործարքի համար ափսոսանք հայտնելու մասին: Հավանաբար, դեռևս ֆինանսատնտեսական ճգնաժամի մեջ գտնվող Եվրոպայի համար անդրազգային կորպորացիաների ֆինանսական հոսքերը, ընդհանուր առմամբ, առավել ծանրակշիռ են եվրոպական արժեքներից:
Սարո Սարոյան
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) փորձագետ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել