Մի շղթայով կապվածները
Անցած մեկ տարվա ընթացքում Հետաքննող լրագրողների «Ռեգիոն» հետազոտական կենտրոնը Բաքվում Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի հետ համատեղ իրականացնում էր Հայաստանի եւ Ադրբեջանի զարգացման ներկայիս խնդիրների լուսաբանմանն ուղղված ծրագիր:
Հայ եւ ադրբեջանցի փորձագետները պատասխանում էին ղարաբաղյան հակամարտության լուծման խնդիրներին, Հայաստանում եւ Ադրբեջանում ժողովրդավարական ազատությունների իրական պատկերին եւ երկու երկրների սոցիալ-տնտեսական իրավիճակին նվիրված հարցերին: Միեւնույն հարցաշարերով անցկացված հարցազրույցների վերջին խումբը նվիրված էր Հայաստանում եւ Ադրբեջանում փոքր եւ միջին բիզնեսի, տնտեսական ընդհանուր զարգացման հեռանկարներին, կոռուպցիայի եւ սոցիալական իրավիճակի թեմաներին: Ստորեւ ներկայացվող հոդվածը հայացք է Ադրբեջանից՝ համեմատվում են տնտեսական իրավիճակների մասին պատկերները, որոնք ուրվագծվել են հարցազրույցների միջոցով: Նույն հարցազրույցների մեկնաբանությունը հայ մասնագետի տեսանկյունից «Հետքն» արդեն ներկայացրել է իր նախորդ համարներից մեկում (Հայաստանում եւ Արբեջանում տուրք են տալիս կառավարման արեւելյան սովորույթներին):
Հայաստանում եւ Ադրբեջանում սոցիալ-տնտեսական իրավիճակների թեման այս ծրագրում պատահաբար չէր ընտրված: Սովորաբար ռազմաճակատից ստացված տեղեկատվությունը վերաբերում է քաղաքական իրադարձություններին: Այլ կարգի հաղորդագրությունները, հատկապես տնտեսական բնույթի, հիմնականում «էկզոտիկ նյութերի» շարքից են կամ էլ հիմնված են երկու երկրներում ձեւավորված բազմաթիվ միֆերի վրա:
Բացի նավթի եւ արեւմտյան նավթային ընկերությունների գործունեությունից, Հայաստանում շատ քիչ է հրապարակվում ադրբեջանական տնտեսության այլ սեգմենտների մասին: Ադրբեջանում Հայաստանի տնտեսության մասին այլ պատկերացում կա. սա թույլ զարգացած, հումքից զուրկ եւ ներդնողներին քիչ հետաքրքրող երկիր է, որն ապրում է սփյուռքի աջակցության շնորհիվ եւ իր քաղաքական գործիչների անհեռատեսության պատճառով հայտնվել է միջազգային ծրագրերից եւ տարածաշրջանն արտաքին աշխարհի հետ կապող հիմնական մայրուղիներից դուրս վիճակում:
Հայաստանում հրապարակվում են հոդվածներ այն մասին, որ հենց Ադրբեջանում սպառվի նավթը, այն կհայտնվի կոլլապսի մեջ, եւ երկիրը կփլուզվի: Իսկ Ադրբեջանում, ընդհակառակը, վստահ են, որ հայկական տնտեսությունը մահամերձ վիճակում է, եւ բնակչության արտագաղթը շուտով կհանգեցնի այն բանին, որ որոշ ժամանակ հետո Հայաստանում քիչ մարդ կմնա:
Ի՞նչ ցույց տվեցին սոցիալական եւ տնտեսական հարցերով փորձագետների հարցազրույցները: Գլխավոր եզրահանգումն այն է, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Ադրբեջանը եւ Հայաստանը գործնականորեն անցել են միեւնույն ճանապարհը եւ այսօր բախվում են միեւնույն խնդիրների հետ: Եվ սա այն դեպքում, երբ հայ փորձագետներն ակնհայտորեն ձգտել են հրամցնել իրենց երկրի տնտեսության բարվոք պատկերը, իսկ ադրբեջանցիները, հակառակը, բավական խիստ գնահատական են տվել իրենց երկրի տնտեսական կացությանը: Օրինակ՝ ադրբեջանական տնտեսագետները ենթադրում են, որ երկրում միջին խավ պրակտիկորեն չկա, եւ հիմնականում մեղավոր են իշխանությունները, որոնք ակնհայտորեն շահագրգռված չեն բնակչության՝ ֆինանսապես իրենցից կախում չունեցող մի խմբի առաջացմամբ: Ադրբեջանցի տնտեսագետները նաեւ հոռետեսական գնահատական են տալիս իշխանությունների այն հայտարարություններին, թե 2002-2005 թթ. աղքատության մակարդակը նվազել է 49-ից մինչեւ 23 տոկոս` ընկալելով դրանք որպես քարոզչություն: Հայ փորձագետներն, այնուամենայնիվ, հակված են հավատալու միջին խավի մասին պաշտոնական տվյալներին` չբերելով նույնիսկ աղքատության իրական մակարդակի մասին սեփական գնահատականներ:
Բեւեռային են նաեւ կարծիքները, որոնցով գնահատվում է իշխանությունների՝ բնակչության սոցիալական պաշտպանվածությանն ուղղված քաղաքականությունը: Ադրբեջանցի փորձագետները կառավարական գործող ծրագրերը դիտում են որպես ցուցադրական, լոզունգային բնույթ կրող: Ի հակադրություն նրանց, հայ փորձագետները բարձր են գնահատում իրենց կառավարական ծրագրերը, հատկապես կրթության եւ առողջապահության ոլորտում: Արդյունքում, հայ տնտեսագետների կարծիքների համաձայն, «երկիրը վերելք է ապրում» (Տիգրան æրբաշյան), քանզի «Հայաստանի տնտեսությունը ցուցադրում է աճի կայուն, բարձր տեմպ», եւ առհասարակ «երկրի շուկան մոտ է հագեցմանը» (Ալեքսանդր Վարտանով):
Հաշվի առնելով այն փաստը, որ հայ փորձագետները գրեթե չեն բերել դրանք հաստատող թվեր, ընթերցողին մնում է հավատալ կամ չհավատալ նման կարծիքներին:
Մինչդեռ, եթե դիտարկենք 2007 թ. Հայաստանի պետբյուջեի խորհրդարանական քննարկումների նյութերը եւ դրանք համեմատենք Ադրբեջանի նույն տարվա բյուջեի հետ, ապա պատկերն այլ կլինի: Անմիջապես աչքի է ընկնում, որ Հայաստանի ՀՆԱ կառուցվածքն ավելի պահպանողական է, քան Ադրբեջանինը: ՀՆԱ մեկ հինգերորդից քիչ պակաս է ստեղծվում արդյունաբերության, նույնքան էլ` գյուղատնտեսության մեջ:
Ագրարային սեկտորի այսպիսի մեծ կշիռը բացատրվում է ոչ թե գյուղատնտեսության սրընթաց զարգացմամբ, այլ մնացած ոլորտներում, հատկապես սպասարկման բնագավառում, որեւէ առաջընթացի բացակայությամբ, ինչը ստիպում է գյուղացիներին առաջվա նման զբաղվել բավական աշխատատար եւ քիչ արդյունավետ գյուղատնտեսական աշխատանքով: Հատկապես Ադրբեջանի ֆոնին աչքի են զարնվում նաեւ Հայաստանի բյուջեի փոքր չափը եւ ներդրումների ցածր մակարդակը: Եվ սա այն դեպքում, երբ, ի տարբերություն Ադրբեջանի, համաշխարհային վարկանիշներում Հայաստանն ավանդաբար լավ դիրքեր է զբաղեցնում:
Չնայած` այս պարագայում ճիշտ են ադրբեջանցի փորձագետները, որոնք նշում են, որ երկրի տնտեսության մեջ կատարված ներդրումների գերակշիռ մասն ուղղվել է նավթագազային սեկտորին, իսկ մնացած սեկտորների ցուցանիշները ոչնչով չեն տարբերվում Հայաստանի նույնանման տվյալներից:
Հարցազրույցներում չկա տեղեկատվություն արտաքին պարտքի մասին: Մինչդեռ սա բավական լուրջ ցուցանիշ է: Այսօր Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի 648 ԱՄՆ դոլար է պարտք օտարերկրացիներին, այն դեպքում, երբ Ադրբեջանի քաղաքացիների պարտքը կազմում է մոտ 233 ԱՄՆ դոլար: Սա բավական պատկառելի պարտագումար է, հատկապես եթե հաշվի առնենք հայկական տնտեսության թույլ հնարավորությունները: Իրավիճակն առայժմ փրկում է այն, որ Հայաստանի արտաքին պարտքի հիմնական մասը երկարաժամկետ բնույթ ունի, եւ երկրին առայժմ դեֆոլտ չի սպառնում:
Դրա հետ մեկտեղ, ինչպես հետեւում է նաեւ փորձագետների հարցազրույցներից, ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանում իրավիճակն առավել լիբերալ է, եւ մոնոպոլիաներն այդքան մեծ դերակատարություն չունեն: Հօգուտ Հայաստանի են նաեւ ժամանակին իրականացված բարեփոխումները, հատկապես հողայինը, ինչը թույլ է տալիս մասամբ հավասարակշռել տնտեսական զարգացման մեջ բացասական տարրերը: Ամենեւին պատահական չէ, որ երկու երկրներում միջին ամսական աշխատավարձն ընդհանուր առմամբ համընկնում է. 2007 թ. սկզբին Ադրբեջանում այն կազմել է 157 ԱՄՆ դոլար, Հայաստանում՝ 154:
Առկա է նաեւ այլ զուգադիպություն. դեռեւս սոցիալ-տնտեսական բնագավառներում զգալի դեր են խաղում ոչ ֆորմալ ինստիտուտները, բազում խնդիրներ լուծվում են օրենքի սահմաններից դուրս` հիմնվելով չինովնիկի եւ բիզնեսմենի ոչ ֆորմալ հարաբերությունների վրա: Սրանով էլ պայմանավորվում է երկու երկրներում կոռուպցիայի բարձր մակարդակը: Ակնհայտ է նաեւ երկու երկրների տնտեսական կյանքում մայրաքաղաքների էական դերը:
Ո՞րն է ընդհանուր հետեւությունը: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո երկու երկրներում սկսվեց նախկին տնտեսական հարաբերությունների բեկում: Հայաստանում զգալիորեն լավ իրականացվեցին բարեփոխումները, հատկապես` հողայինը: Հայաստանում բարձր է նաեւ տնտեսական ազատության մակարդակը: Այդուամենայնիվ, նույնիսկ այս պայմաններում Ադրբեջանն առավելություն ունի նավթի եւ գազի զգալի պաշարների հաշվին, ինչը թույլ է տալիս երկրի տնտեսության մեջ ներդնել նկատելի միջոցներ: Դրա հետ մեկտեղ, քանդելով սովետական հին տնտեսական համակարգը, երկու երկրներն էլ չեն կառուցել նոր շուկայականը, եւ սոցիալ-տնտեսական ոլորտում նախկինի պես տիրապետող են ոչ ֆորմալ հարաբերությունները: Սա իր հերթին հանգեցնում է կոռուպցիայի հսկայական չափերի եւ հասարակության խիստ բեւեռացմանը:
Վերջապես, պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքներին, որոնք ոչ հայ, եւ ոչ էլ ադրբեջանցի փորձագետների ուշադրությունը չեն գրավել. մեր երկրները խիստ փոխկապված են միմյանց հետ` նույնիսկ այսօր տնտեսական ուղիղ կապեր չունենալով: Չէ՞ որ մեր երկրներում տնտեսական աճը գոյություն ունի միայն պաշտոնական վիճակագրության մեջ եւ իշխանությունների ելույթներում: Բնակչությունը դրան պատասխանում է ոտքերով՝ երկրից արտագաղթով: Արտագաղթի մակարդակը շատ բարձր է, Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպության պաշտոնական տվյալների համաձայն՝ ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի բնակչության մոտ 25 տոկոսը լքել են իրենց երկրները եւ վերադառնալու մտքով առանձնապես խանդավառված չեն: Մինչդեռ խոսքը երիտասարդ ադրբեջանցիների եւ հայերի մասին է: Սոցիալ-տնտեսական խնդիրների վրա անդրադառնում է նաեւ ղարաբաղյան հակամարտությունը, որը նույնպես նշանակալի միջոցներ է խլում բյուջեից: Օրինակ՝ եթե 2006 թ. Հայաստանում պաշտպանությանը հատկացվեց մոտ 150 մլն ԱՄՆ դոլար, ապա 2007 թ. ցուցանիշն աճեց 76 տոկոսով եւ հասավ գրեթե 264 մլն ԱՄՆ դոլարի: Ադրբեջանում պաշտպանության ծախսերը նույնպես ավելացել են, բայց 52 տոկոսով` 2006 թ. 600 մլն-ից մինչեւ 910 մլն այս տարի:
Այսպիսով՝ ե՛ւ փորձագետների տվյալները, ե՛ւ վերը նշված թվերը վկայում են, որ մեր երկրները, այնուհանդերձ, ավելի են կապված մեկը մյուսի հետ, քան կարող է թվալ, եւ որքան շուտ լուծվի ղարաբաղյան հակամարտությունն ու միջոցներն ուղղվեն սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը, այնքան ավելի լավ:
Արիֆ Յունուսով
Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի Կոնֆլիկտոլոգիայի եւ միգրացիայի դեպարտամենտի ղեկավար
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել