HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնությունն ինքն է վերականգնում իրեն հասցված վնասը

Մեկ տարի առաջ Կապանի Վաչագան գետում նկատվել են ձկների զանգվածային անկման դեպքեր։ Սատկած ձկներն ամենից շատ տեսանելի էին քաղաքի հիվանդանոցից մինչեւ, ինչպես կապանցիներն են ասում, Խնայբանկն ընկած հատվածում։

Բնապահպանական տեսչության հաշվարկներով` ոչնչացվել էր բեղլու եւ կողակ տեսակի 305 ձուկ։ Պատասխանատվությունը «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի «Կապան» տեղամասինն էր եւ ընկերության մասնագետ Կարապետ Ալմազյանինը։ Այս մասին նշված է Սյունիքի Բնապահպանական մարզա յին տեսչության 2006 թ. հունիսի 5-ի արձանագրությունում:

«Հայջրմուղկոյուղու» «Կապան» տեղամասը, սահմանված կարգի համաձայն, յուրաքանչյուր տարի մայիս-հունիս ամիսներին իրականացնում է գլխամասային կառույցների` «Գեղի» եւ «Չանախչի» ջրի մաքրման կայանների, պարզարանների, ջրամբարների ախտահանման ու լվացման աշխատանքներ։ æրամբարներն ախտահանվում են 70 տոկոս քլորակրի միջոցով. 1000 խմ տարողությամբ ջրամբարն ախտահանելու համար օգտագործվում է 4,5 կգ քլորակիր` այն ջրում նոսրացվելով։ Այդ անգամ «Հայջրմուղկոյուղու» «Կապան» տեղամասի մասնագետ Կարապետ Ալմազյանին տրամադրվում է նոր տեսակի քլորակիր` առանց բացատրելու օգտագործման եղանակը: Կապանի Շինարարներ թաղամասի թիվ 1 ջրամբարի մաքրումը կատարվում է նախկին եղանակով. նոսրացված քլորակիրը շփվում է ջրամբարի պատերին, 200 տ ջուրը լցվում, պահվում է 30 րոպե, որից հետո թափվում է գետը։ Եվ տեղի է ունենում ձկների վերը նկարագրված զանգվածային ոչնչացումը։

Բնապահպանական մարզային տեսչության մասնագետները շտապում են արձանագրել փաստը, իրավապահները քրեական գործ են հարուցում, իսկ «Հայջրմուղկոյուղու» «Կապան» տեղամասը, գլխացավանքից հնարավորիս շուտ ազատվելու համար, օր առաջ վճարում է տուգանքը. ՀæԿ «Կապան» տեղամասի մասնագետ Կարապետ Ալմազյանը տուգանվել էր 100 հազար դրամ, իսկ ընկերությունը` 360 հազար դրամ:

«Որքան էլ կազմեր վնասի չափը, որքան էլ արագ մեղավորները պատժվեին, փաստն այն է, որ վնաս է հասցվել կենդանական աշխարհին։ Խնդիրն այն է, որ դեպքը կատարվել է ոչ ջրառատ եղանակին։ Եթե գետը լիահուն հոսեր, գուցե վնասի չափերը փոքր լինեին: Հետագայում, իհարկե, ձկնկիթ դնելով ձկները բազմանում են, բնությունն ինքն է վերականգնում իրեն հասցված վնասը, բայց դրա համար ժամանակ է հարկավոր»,- ասում է «Խուստուփ» բնապահպանական հասարակական կազմակերպության նախագահ Վլադիկ Մարտիրոսյանը։

Բնապահպանը հիշում է, որ դեռ 80-ականներին, երբ մեծ վնաս էր հասցվել Քաջարանի «Թթու ջուր» կոչվող աղբյուրից մինչեւ երրորդ ՀԷԿ ընկած տարածքին, գետի երկու ափով փռված էին անկենդան կարմրախայտեր։ Երեք տարի պահանջվեց, որպեսզի ձկները բազմանան։

Բնապահպանական տեսչության մասնագետները վերցրել են ջրի եւ սատկած ձկների փորձանմուշներ, ուղարկել բնապահպանական պետական տեսչության կենտրոնական լաբորատորիա։ Այստեղ նմուշառված ձկները, գետի ջուրը եւ Հայջրմուղկոյուղու «Կապան» տեղամասի հոսքաջրերը ստուգիչ-վերլուծական հետազոտության են ենթարկվել։ Տնտեսվարող սուբյեկտից թափվող ջրերում հայտնաբերվել է ակտիվ քլոր՝ 0,02 մգ/լ, լուծված թթվածին՝ 5,4 մգ/լ։ Նմուշառված սատկած ձկների խռիկները եւ կաշին պատված էին լորձով, ինչն առաջանում է ակտիվ քլորով թունավորման հետեւանքով։ Բնապահպանական մարզային տեսչության պետ Լեւոն Պետրոսյանի տեղեկացմամբ` Հայջրմուղկոյուղու «Կապան» տեղամասում հիմա էլ բացթողումներ լինում են, բայց վերջիններս չեն տուգանվում, քանի որ կենդանիների ոչնչացման դեպքեր չկան։

«Խուստուփ» բնապահպանական հ/կ-ի նախագահ Վլադիկ Մարտիրոսյանի կարծիքով` այս վնասը մեծ համարել չի կարելի, ինչը, սակայն, հակասում է բնապահպանական մարզային տեսչության կազմած արձանագրությանը, որտեղ նշվում է, որ ակտիվ քլորով թունավորման պատճառով նկատվել են ձկների «զանգվածային անկման» դեպքեր:

Կապան քաղաքով հոսող Վաչագան գետը միայն քլորացման պատճառով չէ, որ աղտոտվում է: Հարակից շենքերի բնակիչները, տնտեսվարող սուբյեկտները գետն են լցնում կենցաղային ու շինարարական աղբը։ «Օրհուս» բնապահպանական մարզային կենտրոնը շահագրգիռ կողմերի մասնակցությամբ փորձում է խնդրին հասարակական հնչեղություն տալ։ Դա են վկայում Վաչագան գետի աղտոտման թեմայով կենտրոնում հաճախակի կազմակերպվող քննարկումները ։

«Քաղաքացիների էկոդաստիարակության մակարդակը, հակառակ նրանց սոցիալական վիճակի բարելավմանը, կարծես նվազում է։ Մարդիկ հիմա փող ունեն, տուն են նորոգում, բարձրացել է գնողունակությունը։ Մարդկանց էկոդաստիարակությունը հարկավոր է բարձրացնել, այլապես ոչինչ չես փոխի։ Սա է մեր հիմնական խնդիրը»,- ասում է «Օրհուս» բնապահպանական մարզային կենտրոնի ղեկավար Աշոտ Ավագյանը։

Անցյալ տարի Կապանի Վաչագան գետը մաքրվեց Ազգային ժողովի պատգամավոր Վահե Հակոբյանի նախաձեռնությամբ, որի համար նա 5,5 մլն դրամ էր հատկացրել: «Մի ուրիշ խնդիր էլ է այստեղ առաջանում. գետը, բնականաբար, պետք է մաքրվի մեխանիզմով, բայց այդ դեպքում էլ բնապահպաններն են բողոքում, որ գետում աշխատող մեխանիզմը կոչնչացնի ձկներին։ Չգիտես ինչ անել, թողնե՞ս աղբը գետի մեջ, թե մաքրես։ Կրկին հանգում ես նրան, որ էն գլխից աղբահանությունը պետք է ճիշտ կազմակերպել, աղբատեղիներ կառուցել բնակավայրերին մոտ»,- ասում է Սյունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արշակ Ուստաբաշյանը։

Վերջինիս ասելով` նման խնդիրներ լուծելու համար ոչ միշտ է հաջողվում հովանավորներ գտնել, ինչ-որ բան պետք է ձեռնարկել, թե չէ ստացվում է` անիմաստ ենք գումարներ վատնում, քանի որ գետը մաքրելուց երկու ամիս հետո պատկերը նույնն է` այն լցվում է կենցաղային ու շինարարական աղբով:

«Գետ են թափվում շինարարական եւ կենցաղային աղբ, շշեր, թափոններ, տերեւներ։ Դրանք նեխում են ջրի մեջ եւ հատկապես ոչ ջրառատ սեզոնին մեծ վնաս հասցնում կենդանական աշխարհին։ Բացի դրանից, գետ են թափվում նաեւ կենցաղում օգտագործվող դեղորայքների տուփեր, վիրակապեր, ախտահանիչ այլ միջոցներ։ Դրանք թունավոր նյութեր են պարունակում»,- իր մտահոգությունն է հայտնում «Խուստուփ» հ/կ-ի նախագահ Վ. Մարտիրոսյանը։

Բնապահպանական մարզային տեսչության պետ Լեւոն Պետրոսյանը խոստովանում է, որ աղբը գետում լցնելու համար տեսչությունը դեռեւս որեւէ մեկին չի տուգանել` տուգանքի չափերը մեծ են: «Ինչու՞ տուգանենք, եթե կարելի է բացատրական աշխատանքներ կատարել հ/կ-ների, լրատվամիջոցների միջոցով»,- ասում է նա։

2006 թ. տեսչությունը 80 հազար դրամով տուգանել է Կապանի քաղաքապետարանի կոմունալ ծառայությանը՝ գետը ժամանակին չմաքրելու համար։ Կոմունալ ծառայությունը վճարել է տուգանքը, բայց գետը չի մաքրել։ Շրջակա միջավայրի պահպանությամբ մտահոգվողներն այն կարծիքին են, որ սերտ համագործակցություն է անհրաժեշտ բնապահպանական կառույցների, հասարակական կազմակերպությունների, հիգիենիկ հակահամաճարակային տեսչության, քաղաքապետարանի, նաեւ` քաղաքացիների միջեւ։ Սակայն, չգիտես ինչու, նրանցից եւ ոչ մեկը չի պատրաստվում համագործակցության առաջին քայլը կատարել։ Նախաձեռնությունը, բոլորի կարծիքով, բնապահպաններինը պետք է լինի, բայց նրանք միշտ պտտվում են հիմնախնդրի շուրջ եւ վճռական քայլ չեն անում։

Հոդվածը պատրաստել է «Գորիսի մամուլի ակումբ» հ/կ-ն՝ Համաշխարհային բանկի եւ Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ-Հայաստանի գրասենյակի ֆինանսական աջակցությամբ

Արմինե Պետրոսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter