Խմելու ջրի պարտքի համար դատարանի առջեւ կկանգնի մեռած հոգին
«Հայջրմուղկոյուղի» ( ՀՋԿ ) ՓԲԸ հարավային տարածքային «Գորիս» մասնաճյուղը դատական հայց է ներկայացրել հանգուցյալ Աշխեն Պողոսյանի դեմ: Աշխենը մահացել է տարիներ առաջ, տունը կտակել է թոռանը՝ Ալբերտ Պողոսյանին, որը երբեք Հայաստանում չի բնակվել: Ալբերտի կնոջ քույրը՝ Սուսաննա Ադամյանը, տունը մի քանի ամսով վարձակալության է տվել, եւ տնվորներն ամեն ամիս պարտաճանաչ վճարել են խմելու ջրի համար: Սկզբում Սուսաննան ՀՋԿ-ի Գորիսի տարածքային տեղամասի հետ Ալբերտ Պողոսյանի անունով պայմանագիր է կնքել ու ջրաչափ տեղադրել: Ջրամատակարար ընկերությունը, սակայն, ջրաչափը չի կապարակնքել` պատճառաբանելով, որ պայմանագիրը համակարգչում չկա: Եվ, թեպետ պայմանագրի կրկնօրինակը գտնվում է բաժանորդի ներկայացուցչի՝ Սուսաննայի մոտ, այնուամենայնիվ, ՀՋԿ- ն առաջարկել է հին պայմանագիրը չեղյալ համարել եւ նոր ջրաչափ տեղադրել:
«Քաշքշուկներից հոգնել եմ, սա մի կարուսել է, որից պրծում չկա,- ասում է Սուսաննան՝ հավելելով,- չգիտեմ` գործն ինչպես կավարտվի, հանգուցյալից ինչպես պիտի պարտքը գանձեն, ինձ էլ է հետաքրքիր, կսպասեմ»:
Սուսաննան եւս անմասն չի մնացել խմելու ջրի հետ կապված դատական գործերից: Նա բնակվում է Գորիս քաղաքի Սյունիքի փողոցի թիվ 12 շենքում: Օրերից մի օր ՀՋԿ-ի հսկիչը նրան տեղեկացրել է, որ «ջրի պարտք» ունի: Դիմել է ՀՋԿ` պարտքի չափը ճշտելու համար, եւ պարզվել է, որ այն հաշվարկվել է երկու շնչի՝ իր ու աղջկա համար, թեպետ վերջինս 2004 թ. արտերկում է ապրում: Կոմունալ ՏՆՏ-ից շնչերի թիվը հաստատող տեղեկանք չի կարողացել վերցնել, որովհետեւ սոցիալական վատ վիճակում գտնվելու պատճառով չի վճարել բնակարանի վարձը, իսկ առանց դրա տեղեկանք չեն տվել: Ամիսներ անց պատահական հանդիպել է ՀՋԿ-ի իրավաբանին, որը տեղեկացրել է դատարան դիմելու մասին:
Անակնկալի եկած՝ Սուսաննան դիմել է Սյունիքի «Իրավապաշտպան խորհրդատվական կենտրոն» հ/կ-ին, որի աշխատակիցների միջամտությամբ ուսումնասիրվել է խնդիրը, պարզաբանվել անճշտությունը, ու գործը կարճվել է: «Սուսաննայի գործը» եզակի չէ այս կենտրոնի համար: ՀԿ նախագահ Ալիսա Էլյազյանի հավաստմամբ` կազմակերպությունը հետազոտել է 2006 թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների դատական վիճակագրությունը ու պարզել, որ Սիսիան քաղաքում խմելու ջրի պարտքերի հետ կապված հայցադիմումների 90 %- ը բավարարվել է, իսկԳորիսում 80 հայցից բավարարվել է 39-ը, մնացածը կարճվել է: Ալիսան նշեց, որ այս հարցում ավելի շատ տուժում են գյուղաբնակները, քանի որ նրանք պակաս տեղեկացված են: Երբեմն էլ իրենց իրավունքը պաշտպանելու համար հարկադրված են լինում մի քանի անգամ գյուղից քաղաք գալ, որի համար միջոցներ չունեն, ուստի նախընտրում են վճարել դատարանի վճռով նախատեսված տուգանքը, թեպետ, հնարավոր է պարզվի` «սխալմամբ են» նրանց դեմ դատական հայց հարուցել:
«Բաժանորդներից շատերը ստանում են դատական ծանուցագիրը, բայց չգիտեն, որ պաշտպանվելու իրավունք ունեն: Հաշվարկներ չեն կատարում` պարզելու, թե պարտքերը որտեղից են կուտակվում, կամ պայմանագրերը կնքում են առանց ընթերցելու: Ամիսներ անց պարզվում է, որ պայմանագրային պարտավորությունները չեն կատարվել, եւ պարտքեր են կուտակվել: Դատավճռից հետո վերադաս դատարան դիմելն էլ ծախսեր է պահանջում, հետեւապես մնում է համակերպվել կատարվածի հետ»,- շարունակում է Ալիսան:
Քիչ չեն դեպքերը, երբ Սուսաննայի նման ջրի պարտքի համար դատական գործ է հարուցվում բաժանորդների նկատմամբ, բայց վերջիններս չեն տեղեկացվում դատական նիստի մասին, հետեւաբար զրկվում են դատարանում իրենց իրավունքները պաշտպանելու հնարավորությունից:
Գորիս քաղաքի բնակչուհի, մանկավարժ Տամիլա Սարգսյանը օգտագործած խմելու ջրի համար 98 հազար դրամից ավելի պարտք ուներ: Նրա վկայությամբ` ինքը ժամանակին թաղամասի հսկիչին տեղեկանք է ներկայացրել, որում նշել է, որ իրենց տանն ամուսիններով են ապրում, որդին ու հարսը տեղափոխվել են արտերկիր, սակայն հսկիչը, Տամիլայի խոսքերով, մոռացել է ներկայացնել: Որոշ ժամանակ անց ստացել են դատարանի վճիռը:
Տամիլան ցույց է տալիս ջրի դիմաց կատարած վճարումների կտրոնները: «Անգամ ծանր հանցանք գործած մարդուն դատարանում պաշտպանվելու հնարավորություն են տալիս, իսկ մեզ, որ ամենապարտաճանաչ բաժանորդներից ենք եղել, նույնիսկ խոսելու հնարավորություն չտվեցին,- ասում է տիկին Տամիլան:- Վճռից հետո ուր էլ որ դիմել եմ, մեկը մյուսին են մեղադրել, արդյունքում երեք ամիս այդ գումարը գանձել են ամուսնուս թոշակից»: Նրա ասելով` «Գորիս» տեղամասի պետ Վրույր Հովհաննիսյանը խոստացել էր, որ այսուհետ հիշեցումներում պարտքը չի գրվի, սակայն մինչ օրս խախտվում է պայմանավորվածությունը: «Անգամ երբ ամուսնուս թոշակից պահում էին, այն ժամանակ պարտքի նիշերը չէին պակասում, ընդհակառակը` առեղծվածային կերպով ավելանում էին: Չգիտեմ` երբ եմ հիշեցում ստանալու, որում նախկին պարտքս զրոյացված կլինի»,- ավելացնում է Տամիլան:
«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ հարավային տարածքային մասնաճյուղի «Գորիս» տեղամասի պետ Վրույր Հովհաննիսյանը պնդում է, որ բաժանորդներն անտարբեր են քննարկվող խնդրի նկատմամբ, եթե հիշեցման թերթիկ են ուղարկում, կամ չեն ներկայանում պարզաբանումների համար, կամ էլ ներկայանում են ու ասում` ի՞նչ ես անելու, իսկ երբ գործը հասնում է դատարան, զգաստանում են: Տեղամասի պետի ասելով` ընտանիքներում շնչերի թվի փոփոխություն է կատարվում, սակայն բաժանորդներն այդ մասին տեղյակ չեն պահում գոնե իրենց թաղամասերի հսկիչներին, համապատասխան փաստաթուղթ չեն ներկայացնում, իսկ երբ հարցը կարգավորվում է դատարանի միջոցով, դժգոհում են: Նրա հավաստմամբ` վերջին 3-4 տարվա ընթացքում դատարաններում խմելու ջրի պարտքերի հետ կապված 660 հայց բավարարվել է, 118-ը՝ մերժվել, 170-ը՝ կարճվել:
Դատական ակտերի հարկադիր կատարման ( ԴԱՀԿ ) ծառայությունում ջրի վարձավճարների գանձման վերաբերյալ 513 վարույթ կա հարուցված: ԴԱՀԿ Գորիսի ներկայացուցիչներ Արթուր Մարտիրոսյանի ու Սուրիկ Ծատրյանի տեղեկացմամբ` միայն 2007 թ. ջրամատակարարման հետ կապված 80 կատարողական վարույթ է հարուցվել: «Երբ գործը հասնում է մեր միջամտությանը, մարդիկ դժգոհում են, երբեմն սպառնում, որ պատասխան հայցով կդիմեն դատարան»,- ասում է Սուրիկ Ծատրյանը: Վարույթների մեծ թվի պատճառը, նրա կարծիքով, մարդկանց շատ ցածր իրավական գիտելիքներն են: Եվ շատ հաճախ, հատկապես ջրի հետ կապված խնդիրներով, նրանք դատարանում են հայտնվում են վատ իրազեկության պատճառով:
Հոդվածը պատրաստել է «Գորիսի մամուլի ակումբ» հ/կ-ն՝ Համաշխարհային բանկի եւ Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ-Հայ ա ստանի գրասենյակի ֆինանսական աջակցությամբ
Իրինա Յոլյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել