
Վարդան Օսկանյանին չե՞ն ձերբակալի
ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը գլխավոր դատախազից հետաքրքրվեց, թե ինչ յուրացման մասին է խոսքը, երբ Վարդան Օսկանյանի կողմից պատգամավորներին փոխանցված նյութերից երեւում է, որ «Սիվիլիթաս» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները տեղյակ են եղել 1 մլն 427 հազար դոլարի մասին, որ փոխանցվել է Վարդան Օսկանյանի հաշվեհամարին: «Այսինքն` դա տեղի է ունեցել հոգաբարձուների խորհրդի անդամների համաձայնությամբ»,- ասաց Կարինե Աճեմյանը:
Աղվան Հովսեփյանն ասաց, որ պատգամավորներին բաժանված նյութերում բացակայում է այն փաստաթուղթը, որ այդ գումարները փոխանցվել են Վարդան Օսկանյանի հաշվեհամարին: Բացի այդ, ըստ Աղվան Հովսեփյանի, տարբեր հարցաքննությունների ժամանակ հոգաբարձուների խորհրդի մի քանի անդամներ հայտարարել են, թե իրենք տեղյակ չեն եղել այդ գումարների մասին:
Պատգամավոր Նաիրա Կարապետյանն էլ հետաքրքրվեց, որ եթե Վարդան Օսկանյանի փոխարեն լիներ սովորական քաղաքացի, նա կկալանավորվե՞ր, եւ արդյո՞ք Վարդան Օսկանյանին միայն գործում մեղադրյալ ներգրավելու համար է դատախազությունը միջնորդում անձեռնմխելիությունից զրկել:
Աղվան Հովսեփյանը նշեց, թե պատգամավորին կալանավորելու կամ ձերբակալության հարց առաջ չի քաշվում: «Գործում որպես մեղադրյալ ներգրավելը Վարդան Օսկանյանին չի զրկում զբաղվել պատգամավորական գործունեությամբ, օգտագործել ԱԺ ամբիոնը, ազատ տեղաշարժվել եւ այլն»,- ասաց Աղվան Հովսեփյանը:
Պատասխանելով այլ հարցերի՝ գլխավոր դատախազը նշեց, թե, բանկային գաղտնիքից ելնելով, չի կարող նշել, թե այդ գումարներով Վարդան Օսկանյանը որ հյուրանոցների ու ռեստորանների հաշիվներն է փակել:
Այս պահին ընդմիջում է, պատգամավորները գլխավոր դատախազին կշարունակեն հարցերով դիմել մեկ ժամից:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել