HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄՆ ՄԶԳ-ն կշարունակի ՏԻ ոլորտում աջակցության ծրագրերը

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց ԱՄՆՄիջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդին: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը: 

Փոխվարչապետը նախ շնորհավորեց տիկին Հիլիարդին` առաքելությունը ստանձնելու կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ ԱՄՆ ՄԶԳ-ի հետ ձեւավորված արդյունավետ փոխգործակցությունը կշարունակվի:

Նշելով, որ ՄԶԳ -ն ՀՀ կառավարության կարեւոր գործընկերներից է` փոխվարչապետը հատկապես անդրադարձավ տարածքային կառավարման եւ ՏԻ մարմինների աջակցությանն ուղղված համատեղ ծրագրերին` հույս հայտնելով, որ այդ ուղղությունը կշարունակի մնալ ՄԶԳ օրակարգում: Նա տեղեկացրեց, որ  տեղական ինքնակառավարման համակարգի ամրապնդման եւ տեղական ժողովրդավարության զարգացման խնդիրներն  առաջնային են կառավարության համար:

Փոխվարչապետը գոհունակություն հայտնեց ՄԶԳ-ի աջակցությամբ «Քաունթերփարթ ինթերնեշնլ» կազմակերպության կողմից իրականացվող «Քաղաքացիական հասարակության  եւ տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի» ընթացքից, ինչպես նաեւ յուրահատուկ համարեց  ՄԶԳ ծրագրերը, որոնք գլոբալ խնդիրներին զուգահեռ`նաեւ գործնական հարցերի լուծման բաղադրիչ են ներառում:

Քարեն Հիլիարդն իր հերթին արդյունավետ փոխգործակցությունը շարունակելու պատրաստակամություն հայտնեց: Նա նշեց, որ տեղական մակարդակում տնտեսական եւ քաղաքական զարգացմանն ուղղված նախաձեռնություններն առաջիկա հինգ տարիներին ներառված կլինեն ՄԶԳ ծրագրերում: Գրասենյակի ղեկավարը նաեւ տեղեկացրեց, որ բացի «Քաունթերփարթ ինթերնեշնլ» կազմակերպության կողմից իրականացվող ծրագրից, ՄԶԳ-ն պատրաստվում է սկսել համայնքների, հատկապես` հեռավոր համայնքների զարգացմանն ուղղված նոր ծրագիր:

Կողմերն անդրադարձան նաեւ վերջին ՏԻՄ ընտրություններին: Փոխվարչապետը նշեց, որ դրանք անցել են կազմակերպված, հանգիստ պայմաններում,  գործող օրենսդրությանն ու միջազգային չափորոշիչներին համապատասխան: Այս տարի 697 համայնքում անցկացված ղեկավարի ընտրությունների արդյունքում փոխվել է համայնքապետերի մոտ 20 տոկոսը:

Նա հյուրի խնդրանքով  նաեւ մանրամասներ ներկայացրեց առաջիկա տարիներին ՏԻ ոլորտում նախատեսվող բարեփոխումների մասին:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter