HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վաղը կմեկնարկի Ալտի և թավջութակի երկրորդ փառատոնը

Հունիսի 7-ից 26-ը Երևանում Գավառում և Վանաձորում կանցկացվի Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան Ալտի և թավջութակի երկրորդ փառատոնը, որը ներկայացնում է «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը, ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսական աջակցությամբ:

Փառատոնը կմեկնարկի Գավառ քաղաքի Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցում հունիսի 7-ին` ժ. 18.00-ին: Այնուհետև «Քյավառ» հեռուստաընկերության համերգասրահում տեղի կունենա փառատոնի հանդիսավոր բացման համերգը, որը ուղիղ եթերով կհեռարձակվի Գեղարքունիքի մարզի ողջ տարածքում: Մարզում առաջին անգամ կմեկնարկի դասական երաժշտության փառատոն:

Փառատոնը բաղկացած է 5 համերգից, որին կմասնակցի մոտ 30 երաժիշտ` երաժշտական դպրոցների սաներ, կոնսերվատորիայի ուսանողներ, ճանաչված երաժիշտներ, ինչպես նաև Փառատոնային կամերային նվագախումբը:

Գեղեցիկ ավանդույթ է դարձել փառատոնին պատվավոր հյուրի ներկայությունը: 2010թ. հրավիրված էր ռուս անվանի կոմպոզիտոր Միխայիլ Բրոնները: Այս տարի` փառատոնի փակման համերգին (հունիսի 26), մայրաքաղաքի հանդիսատեսը հնարավորություն կունենա առնչվելու կոմպոզիտոր, դիրիժոր և դաշնակահար Յակով Յակուլովի (ԱՄՆ) արվեստին:

Փառատոնը նպատակ ունի զարգացնելու ալտ և թավջութակ գործիքների կատարողական արվեստը` հիմնվելով տասնամյակների ընթացում ձևավորված կատարողական դպրոցի նվաճումների և ձեռքբերումների վրա, ինչպես նաև խթանել ալտի և թավջութակի հանդեպ հետաքրքրությունը, այդ գործիքների համար նոր երկերի ստեղծումը` այս գործընթացում ներգրավելով հայ արդի կոմպոզիտորներին:

Փառատոնի գեղարվեստական ղեկավարն է թավջութակահար, դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Արամ Թալալյանը:

2008-2009թթ. անցկացված Գ.Թալալյանի անվան Թավջութակի հանրապետական փառատոների փորձը ցույց տվեց, որ Հայաստանում կատարողական արվեստի զարգացման խնդիրների, մասնավորապես թավջութակի դպրոցի զարգացման գործում նմանատիպ փառատոնի անցկացումը արդիական և օրախնդիր հարց էր:

2010-ից փառատոն ընդլայնեց իր շրջանակները` ներառելով ալտ գործիքը, վերանվանվեց Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան Ալտի և թավջութակի փառատոն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter