HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարս. մեր Էլզասն ու Լօթարինգան Էլլեն Բիւզանդ (Եղիսաբեթ Ստամբոլցեան)

Հասիր Անդրանիկ, հասիր օգնութեան,

Սերոբ կը զոհուի ի սէր ազգութեան...

«Սերոբին եւ Սօսէին Երգը»-ի հանգույն 1960-ին Էլլեն Բյուզանդը գրեց իր «Ի սէր, ի վրէժ ազգութեան» հոդվածը՝ Սողոմոն Թեհլիրեանի մահվան կապակցությամբ: «Վրէ’ժ, վրէժ, Սողոմոն, ի սէր Ազգութեան: Փառք ու պատիւ վրիժառու քո հոգուն ...»:  Այս խիզախ և ուղղամիտ կինը հավատացած էր. «...իր հայրենի երկրում, բարձր, բարձր մի լեռան վրայ պէտք է որ բարձրանայ շրջուն պատուանդանի վրայ քո արձանը, մարմարակերտ, որ յետ ու առաջ, աջ ու ահեակ շրջուելով հայացքդ մխրճայ թշնամի հորիզոնին, ձեռքդ զինուած շանթ ու կայծակով զարնէ՛, շանթէ բոլոր նրանց, որ Հայոց մահը կամենան...»: Իսկ պատվանդանին՝ դյուցազնի ոտքերի տակ՝ «...մի փունջ մանուշակ...քանզի դու հեզ էիր գառն Աստծոյ նման...»:

Ինչեր ասես, որ չտեսավ իր կյանքի ընթացքին Էլլեն Բյուզանդ գրական ծածկանունով Եղիսաբեթ Ստամբոլցեանը` Եղսոն, ինչպես երբեմն կոչում էր ինքն իրեն: Ծածկանունը պատահական ընտրություն չէր: Անվանումն էր Բյուզանդիա երկրի, որտեղից սերել  էին իր հորենական նախնիները: Տեսավ Կարսի վերելքը, ապրեց Կարսի անկումը, ցեղասպանությունը,  բոլշևիկների ասպարեզ իջնելը, Հայաստանի Հանրապետության լուսավոր ծնունդը և նույնքան մռայլ վախճանը: Առավ Չեկայի և Երևանի բանտերի սոսկալի համը, ապրեց Փետրվարյան ապստամբության բերկրանքը, եղավ ճակատում, Լեռնահայաստանով ստիպված  հեռացավ Հայրենիքից, արտասահմանում ապրեց կնոջական իր դժբախտ կյանքը, մինչև վերջ մնաց գաղափարական դաշնակցական: «Ես գերադասում եմ մեռնել «այդ մեռնող կուսակցութեան հետ», բայց երբեք չլինել թէկուզ աստւածուհին այդ կուսակցութեան հակառակորդներին: Դու չես ճանաչում մեր կուսակցութիւնը, չգիտես թէ ինչ բարձր և ազնիվ հոգի ունի նա, չգիտես, թէ ինչ անձնուրաց մարդկանցէն է կազմւած այն և ինչ անմահ գաղափարի համար...»՝ գրել էր քրոջը: Բայց եկավ ժամանակ, որ երբ այլևս չկային այդ գաղափարական մեծերը և, իր խոսքերով, տակը «մանրուք» էր մնացել, գրեց իր հրաժարականը... Այնպես որ՝ մեզ սպասում է երկար, անսպասելի ճամփորդություն Էլլեն Բյուզանդի աներևակայելի կյանքի հանգրվաններով:

Ընտանիքի նոր կյանքը՝ նոր ազգանունով

Ինքը Ալեքսանդրապոլի ծնունդ էր, բայց հորենական նախնիները, որ ի սկզբանե Օհանեան էին, Կոստանդնուպոլսից էին: Օհանեանների մեծ գերդաստանի մի մասը՝ հոր մեծ հայրիկի՝ Գրիգորի հետ դիպվածի պատճառով, ստիպված  արագ հեռացել էր այս քաղաքից և հիմնվել Գյումրիում` դեռ Ալեքսանդրապոլ: Փութկոտության պատճառը մի թուրք փաշայի սպանությունն էր, որը աչք էր տնկել Գրիգորի եղբայրներից մեկի սիրած գեղեցկուհու վրա և փորձել էր առևանգել նրան: Եղբայրները սպանել էին փաշային և հեռացել քաղաքից, անցել ռուսների կողմը՝ գաղտնի պահելով իրենց Օհանեան ազգանունը: Նոր միջավայրի համար նրանք ստամբուլցի էին: Մնում էր միայն ավելացնել «եան»-ը և ստանալ մի նոր ազգանուն՝ Ստամբոլցեան: Հորենական պապը կենսախինդ, կնասեր, գեղեցիկը գնահատող ծերուկ էր: 80 տարեկան էր, բայց նստում էր տան շեմին, անցնող-դարձող կանանց ոտքից գլուխ ուսումնասիրում, բեխերն օլորում և հիշում գուցե, թե ինչպես Կարսեցի Տոխսունեանների աղջկան՝ Եղիսաբեթին՝ իրենով արեց: Մինչ ռուսներն ու թուրքերը արյուն էին թափում Հայաստանին տիրելու համար, Ախուրեանի ափին՝ Կարս-Ալեքսանդրապոլ ճանապարհին, Ստամբոլցեանները իջևանատուն էին կառուցում: Էլլենը պատմում է, թե այնտեղ հեթանոսական ակնհայտ հետքերով Կաթողիկոսանիստ ավան է եղել: Ոգևորված նախնիների այս գործունեությունից, գերդաստանի հաջորդ սերունդը ևս Ալեքսանդրապոլում և Կարսում հյուրանոցներ բացեց: Ցեղում թե՛ որմնադիր-նախշքարներ կային, թե հոգևորական, թե բժիշկ, թե դերձակ, թե հետախույզ՝ խմբապետ Քեռու գնդում... Նրանցից մեկը խնամիական կապ հաստատեց Ալեքսանդրապոլցի հայտնի երաժիշտ, նկարիչ Արշակ Բրուտեանի հետ և լույս աշխարհ եկավ ապագայի տաղանդավոր նկարիչ Գևորգ Բրուտեանը: Այսպես սկսվել է Ստամբոլցեան-Բրուտեան նոր ընտանիքի ձևավորումը, որ հասնում է մինչև երաժշտագետ Ցիցիլիա Բրուտեան և անդին:

Ստամբոլցեանների ընտանիքը

Ալեքսանդրապոլի և Կարսի արանքում

Ստամբոլցեաններից Մարտիրոսը Ախլցխացի Շուշանիկ Նալբանդեանի հետ 6 զավակով ընտանիք կազմեց: 1895-ի Ապրիլ 3-ին ծնված մեր հերոսուհուն կոչել են Կարսեցի մեծ մեծ մայրիկի՝ Եղիսաբեթ Տոխսունեանի անունով: Ուստա Մարտիրոսը հմուտ դերձակ էր, բարձրաստիճան զինվորականության համար համազգեստներ էր կարում, գիտեր գրաբար և «Նարեկ» էր կարդում: Ամեն անգամ այն ձեռքն առնելիս՝ լվացվում էր և հատուկ թաշկինակով հպվում Գրքին: Երբեք մերկ մատներով չդիպավ«Նարեկ»-ին: Նրա համար Սուրբ մասունք էր նույնպես և Չամչեանի «Հայոց պատմութիւնը»: Ռուսներն արդեն 17 տարի է, ինչ իշխում էին բերդաքաղաքին, որի բնիկ տերերը հայերն էին, կային քիչումիչ հույներ, հրեաներ, տաճիկներ, որոնք բոլորն էլ լավ խոսում էին մեր լեզվով: Մեծաթիվ ռուս զինվորականությունը ճոխ առևտուր էր անում քաղաքում՝ լցնելով գործունյա հայերի գրպանները: Տնտեսական մեծ հնարավորությունների քաղաք էր Կարսը: Եվ Ալեքսանդրապոլից շատ ընտանիքներ տեղափոխվեցին այստեղ. նաև՝ Ստամբոլցեան եղբայրներն ու զարմիկները: Մարտիրոսը ընտանիքից վերջինն էր, որ թողեց հայրենի քաղաքը: Բայց տունը չվաճառեց, այլ վարձով տվեց, իսկ մեկ սենյակն էլ թողեց անձեռնմխելի՝ Ալեքսանդրապոլ գալու պարագային այստեղ հարազատ 4 պատ ունենալու համար: Այս տունը, ասում են, քաղաքի լավագույն տներից մեկն էր՝ քաղաքային այգու հարևանությամբ՝ վարդագույն տուֆից կառուցված, որ հիմա չկա: Վերջին անգամ Եղիսաբեթ-Էլլենը այս տանը իջևանեց 1919-ի ամռանը: Եվ հենց այս տան շնորհիվ էր, որ իրեն համարում էր Գյումրեցի:

Սիրել, ինչպէս ֆրանսացիները սիրեցին իրենց Էլզասն ու Լօթարինգան

Կարսում ամեն բան լավ էր, քանի դեռ ռուսները  քաղաքական դավադրությամբ, իսկ մինչև ատամները զինված հայկական զորամիավորումները՝ հպատակվելով նրանց, այս անառիկ բերդը չէին հանձնել ռուսների բարեկամ թուրքերին՝ ներխուժման համար ճանապարհ բացելով դեպի Ալեքսանդրապոլ, Ղարաքիլիսա և Սարդարապատ: Իսկ 1920 Հոկտեմբեր 30-ին այն վերջնականապես՝ կամ, ո՛վ գիտե, գուցե պարզապես երկար ժամանակով, նվիրաբերվեց վաչկատուներին: Եղիսաբեթը շատ էր սիրում Կարսը: Ճիշտ է, ծնվել էր Ալեքպոլում, բայց 8 ամսական էր, երբ ընտանիքը Կարս էր տեղափոխվել: Այնպես որ, իր մանկության և պատանության լավագույն հուշերը կապված են այս չքնաղ քաղաքի հետ, որին նա  համաշխարհային նշանակություն է տվել. «...ինչպէս ցամաքային բերդաքաղաք երկրորդ տեղն է բռնում աշխարհի վրայ»: Երբ արդեն տարիքն առել էր, ժամանակի և պատմության հեռվից գրեց «Կարսի արձանը» անավարտ հոդվածը, որի ինքնագիրը պահվում է Գրականության և արվեստի թանգարանում: Պատմում  է աշխարհի չորս ծագերում գաղութներ ունեցող Ֆրանսիայի մասին, որը պատերազմում կորցրեց իր փոքրիկ Էլզաս-Լոթարինգիան ու այնպիսի խորունկ «...ցաւ զգաց, որ վշտի մեծութիւնէն կքեց»: Եվ իր մեծ կորուստը աչքի առաջ պահելու, «ցաւը չբթացնելու համար, մայր երկրի ծոցը յուշարձան կանգնեցրեց «Էլզաս-Լօթարինգա» անունով, ծածկեց նրան սև քօղով, որովհետև սգակիր էր նա օտար լծի տակ»: Եվ ֆրանսացիները հավաքվում էին այս տխուր արձանի քովը՝ ազգովին հիշելու կորուստը և ուխտելու՝ մի օր այդ սև քողը վերցնել և վերադարձնել Էլզաս-Լոթարինգիան Մայր երկրին: «Ֆրանսացի մեծ ժողովուրդը կատարեց այդ ուխտը, պատռուած է սև քօղը: Ազատ է Էլզաս-Լօթարինգան: Իսկ մե՞նք, քանի, քանի Էլզասներ ունինք օտար լծերի տակ, քանի-քանի՜ յուշարձանների պէտք, բայց աւա՜ղ տեղ չունինք արձաններ կանգնեցնելու»: Եվ ուրեմն՝ «...մեր հոգիներում պիտի բարձրացնենք այդ արձանները նրանց, մեր յուշերի մէջ պիտի տարածենք սև քօղը նրանց, սգանք պիտի մեր հոգում  և ուխտենք... վերադարձնելու մեր կորուստները...»: Հիշում է Կարսի բերդի գլխին ծածանվող եռագույնը, թնդանոթների զարկերը՝ ի նշանավորումն Հայրենիքի անկախացման: Բայց «Երեկ ծիրանազարդ էր, այսօր սգակիր»:

Եղիսաբեթ-Էլլեն.jpg (2.56 MB)

Եղիսաբեթ-Էլլեն

 Հիշելով Կարսը

«Առանց Կարսի ներկայ Հայաստանը և ամբողջ Անդրկովկասը նման է տան, որի բաց դռան սէմին նստած է թշնամին, որ երբ զօրութիւն ունենայ և կամենայ կարող է մտնել ներս և վարվել այնպէս, ինչպէս ցանկանայ: ...Առանց Կարսի Արարատեան Երկիրը, անկախութիւնը խաբուսիկ է ու անարժէք: Կարսը Հայաստանինը պիտի լինի անպայման»: Գրեց և Թեհրանում տպագրեց «Կարսը եւ Ախբէր Աշօն»՝ մի վիպակ, «ուր գործ եմ ածում մեր անունները, մեր միջավայրը, համարեա մեր կեանքը, ի հարկէ... գրական բովէ անցած...»: Վիպակում քաղաքային դրվագների նկարագրությունը այնքան տպավորիչ է, որ կթվա, թե շարժանկար ես դիտում և կարող ես վերականգնել քաղաքի հասցեներն ու մթնոլորտը: Ինչպես մոռանալ  Կարսի բեմը, որի վրա փայլել են Ադամեանը, Սիրանույշը, Աբելեանը, Զարիֆեանը..., որտեղ բեմադրվել է Շեքսպիր, Սունդուկեան, Շիրվանզադե..., ինչպես էր «Սադում»՝ այգում, շաբաթավերջին նվագում զինվորական փողային նվագախումբը... գետից դեպի վեր բացվող չորս փողոցները՝ սալարկված լայն մայթերով: Առաջինը հերոս Լորիս Մելիքոֆի փողոցն էր, հին շուկան, հրապարակը, որտեղ գտնվում էր պետական կշեռքը, և որտեղ որոշվում էր գյուղացու բերքի գինը: Երկրորդ փողոցը Ալեքսանդրովսկին էր, որ հասնում էր Արարատեան փողոցի անկյունը՝ մինչև նոր շուկա՝ շքեղ վաճառատներով, հյուրանոցներով: Այստեղ էր Մկրտումեանի փառահեղ առանձնատունը, որ վերածվել էր աղջիկների գիմնազիայի, Չոբանեանների հրուշակեղենի խանութ-թեյարանը, Նորաշենի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Հենց Ալեքսանդրովսկայա և Արարատեան փողոցների անկյունում է գտնվել նաև Չարենցի հոր՝ Աբգար աղայի չրի ու մրգի խանութը, ինչպես նաև հանրահայտ «Լոյս» տպարանը՝ հիշում է Եղիսաբեթը: Երրորդ փողոցը Միխայլովսկին էր՝ հոյաշեն դպրոցով, երկհարկանի թատերասրահով, պարսկական մզկիթով, որ էլի ձգվում էր դեպի Արարատեանի անկյունը, որտեղ հունական գողտրիկ եկեղեցին էր: Չորրորդ՝ Գուբերնաթորսկին. և էլի Արարատեան փողոցների անկյունում նահանգապետի տունն էր, ռեալական տղայոց դպրոցը, գրադարանը, աղջիկների վարժարանը, ռուսական եկեղեցին և հրապարակում՝ Հաղթանակի արձանը, որի պատվանդանի «...չորս երեսին չորս բրոնզաձոյլ կիսանդրիներ՝ չորս զօրավար՝ Կարսը թուրքէն առնող՝ Պասկևիչ, Լորիս Մելիք(ով)եան, Տէր Ղուկաս(ով) եան, Լազար(ով)եան: Չորսէն երեքը հայ, այն էլ տէրտէրի տղայ, էլ ի՞նչ կուզենք»:

Սառած Ռահը և Կարսի ուրախ ձմեռները  

Առանձնակի սիրուն էին Կարսի ձմեռները: Ալեքսանդրեան շքեղ փողոցի զբոսանքները՝ լեցուն ջահելներով: Սառույց կապած Ռահ՝ Ախուրեան գետը, որով ամառները նավակով զբոսնում էին, իսկ ձմեռները՝ չմուշք  քշում: Ինչպե՜ս էին հատուկ մարդիկ մաքրում նոր եկած ձյունը սառցադաշտի վրայից և ողորկում սառույցը: Տաղավարնե՜րը՝ տաք թեյով և սուրճով: Մի տաղավար էլ չմուշք վարձելու և հագնվելու համար էր: Սովորաբար չմուշք քշում էին ռուսները, առաջին հայը, որ կանգնեց Կարսում չմուշքի վար Ճերմակ Կարոն էր: Քշել չիմացողների՝ հիմնականում տարեցների համար մտածել էին հետաքրքիր մի լուծում. չմշքորդը  քաշում էր թավշապատ բազկաթոռը, որը դյուրասահ պտտվում էր սառույցի վրա ՝ հրճվանք պատճառելով իր մեջ ընկողմանած՝ ծնկները տաքուկ ծածկած  զվարճասեր մարդուն: Հետո ռուսները մրցակից ունեցան՝ հանձինս  «գիմնազիստկա» Սօնա Մկրտուեանի և Մըմռուկենց Վահանի: Սառած Ռահը ոչ միայն ժամանցի ուրախ պահեր էր պարգևում Կարսեցիներին, այլև գետից քառակուսի-քառակուսի կտրված սառույցի մեծ կտորները փրկություն էին ամառվա շոգին: Դրանք օգտագործում էին սառցարանները աշխատեցնելու համար: Անգամ արտահանում էին Թիֆլիս և Բաքու: Սառցավաճառների ձայնը շատերն են լսել այս քաղաքներում «Կարսկիյ լեօ՜դ, Կարսկիյ լեօ՜դ...»՝ (Կարսի սառո՜ւյց, Կարսի սառո՜ւյց): Իսկ երբ մոտենում էին Սուրբ Ծննդյան տոները վաճառատները զարդարվում էին տոնածառներով, ցուցափեղկերը՝ կաղանդ պապաների տիկնիկներով, Եվրոպական շաքարեղենով: Թեև Կարսին տիրում էին ռուսները, բայց Սուրբ Ծնունդը նշելու համար նրանք հերթ էին կանգնում գետի վերին հատվածում՝ սառույցի մեջ բացված անցքով՝ իբրև Սուրբ Մկրտության խորհուրդ, խաչը ջուրն իջեցնելու համար. Նախ՝ հայերը և հույները, հետո՝ նրանք: Այս Կարսն էր, որ դավաճանվեց, և դեռ որքան նոր դավաճանություններ պետք է լինեին... Բայց Եղիսաբեթի՝ Կարսում ապրած օրերին, քաղաքն ուներ ևս մեկ հմայք՝ Եղիշեն: 

Կարսի Չարենցը  

Անուշի՝ քրոջ դասընկերն էր: «Ապրած լինելով Չարենցի հետ նոյն քաղաքում, Կարսում, ես ճանաչել եմ նրան մանկութիւնէն մինչեւ 1921 թւականը: Կարսում առաջին կարդացողն եմ ես եղած նրա առաջին բանաստեղծութիւնները, (եռածալ մի թերթիկ) երեք ոտանաւորով միայն, որ նա անւանել էր «Երեք երգ տխրադալուկ աղջկան»: Այդ երեք ոտանաւորով է, որ նա դարձաւ Կարսի երիտասարդութեան սիրելի բանաստեղծը: ...Չարենցին ես ճանաչեցի որպէս արտաքինով անհրապոյր, միշտ վատ հագնւած, բարբարոս հօր ձեռքով չարչարւած, աղջիկներէն արհամարհւած մի պատանի, որ 16 տարեկան հասակում արդէն վճռել էր դառնալ «հանճարեղ պօէտ»»: Իսկ Կարինե Քոթանջեա՞նը՝ շիկահեր, կապուտաչյա այս սիրուն աղջիկը՝ «հայրենասէր բառիս բուն իմաստով...: ...Կամաւորական շարժման սկզբում 1914-15ին, նա կէս թողած ուսումը՝ գնացել էր կռւի դաշտ, որպէս գթութեան քոյր: Յետոյ էլ Էջմիածնում անձնւիրաբար խնամել էր գաղթականները եւ որբերը: Երբ հիւանդացաւ տիֆուսով եւ ունեցաւ սպիտակ տենդ, Քաղաքների Միութեան Կարմիր Խաչը նրան ուղարկել էր Մոսկւա՝ դարմանւելու համար: ...Չարենցը 1916-17ին Մոսկւա էր գնացել իր սիրած աղջկան՝ Կարինէ Քոթանճեանին մօտ լինելու համար: Կարինէն առողջացաւ, վերադարձաւ Հայաստան, Երեւան, ուր ես նրան տեսայ կրկին նւիրւած որբերի հոգատարութեան: Չարենցի սէրը փոխադարձւած չէր: Արդէն ինքը նրան անւանում է «իրիկնաքոյր»: Կարինէն ամուսնացաւ ճեմարանական Կարսեցի Գուրգէն Զատիկեանի հետ, բայց շուտով մնաց այրի – Գուրգէնն սպանուեց կռւի դաշտում: Այրի մնալէն յետոյ էլ, Կարինէն չամուսնացաւ Չարենցի հետ, այլ եղաւ լաւ ընկեր...»: Էլլենը հիշում է բանաստեղծին նաև Առաջին Հանրապետության օրերին, երբ ուսուցիչ էր գյուղում: Մի օր «Նիկոլ Աղբալեանը, որ կրթական նախարար էր այդ օրերին, նրան բերել է տալիս Երեւան, անւանապէս նշանակում իբրեւ իր անձնական քարտուղար, ամսական վճարում եւ թողնում ազատ, որ իր ժամանակը նա նւիրէ գրելուն: Ն.Աղբալեանը գտել էր 20 րդ դարի մեծ բանաստեղծը եւ ուզում էր նրա թեւերն ազատ պահել, որ նա անկաշկանդ սաւառնէր ազատ Հայաստանի երկնակամարում: Բայց երբ Հայաստանը խորհըրդայնացաւ, Չարենցը Երեւանում մնաց, որ նոր մարդ դառնայ, յեղափոխութեան կարմիր բոցերում այրւի ու մոխրացնէ իր հին երգերը»:   

շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter