HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

630 հազար դրամի տուգանք Գյումրու «Հաղթանակի» զբոսայգում կատարված ծառահատումների համար. աշխատանքները վերսկսվել են

Երկամսյա դադարից հետո Գյումրու «Հաղթանակի» այգու մի հատվածում  աշխատանքները վերսկսվել են: Սեպտեմբերին սկսված աշխատանքները ընդհատվել էին հանրությանն անհայտ պատճառներով: Մասնակցային բյուջետավորման ծրագրի այս տարվա հաղթող գաղափարը  քիչ էր մնում արժանանար նախորդի բախտին(2025թ-ին քաղաքապետարանը չկարողացավ իրականացնել թափառող շների համար կացարանի կառուցման ծրագիրը): Այգու ծրագիրը, որի ավարտը նշված է 2026թ․-ի տարեվերջ՝ բարեհաջող կերպով հաղթահարելով նախագծային և շինարարի ընտրության փուլերը, այգում կատարված ծառահատումներից հետո անորոշ ժամանակով կասեցվել էր:

Գյումրու «Հաղթանակի» զբոսայգում, շինարարական աշխատանքներով պայմանավորված ծառահատումների դեպքով` հաշվի առնելով արձանագրված փաստական տվյալները և դրանցում հանցագործության հատկանիշների առկայությունը՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը առերևույթ հանցանքի մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե: Ծառահատումների վերաբերյալ սեպտեմբերի 19-ին ահազանգել էր Գյումրու ավագանու ՔՊ խմբակցությունը, դեպքի առթիվ հրապարակում էր եղել նաև «Հետք»-ում։ 

Հոկտեմբերի 13-ին հայտարարություն տարածվեց շինարարական կազմակերպությանը տուգանելու մասին: Հարուցված վարչական վարույթի շրջանակում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները համատեղ զննել էին հատված ծառերի տեղանքը: Զննության ընթացքում հայտնաբերվել էին տարբեր տեսակների և տրամագծերի 12 ծառի կոճղ: Պարզել էին, որ դրանցից ծառերի մի քանիսը  հատվել է այնպես, որ այլևս չի կարող աճել, իսկ մյուսներն արմատախիլ են արվել: Հաշվարկվել էր բուսական աշխարհին հասցված վնասը՝ 630.000 դրամի չափով: Հարուցված վարույթում նախաքննությունն ավարտված չէ:

Այգում շինարարական աշխատանքները վերսկսվել են նոյեմբերի 7-ից: Քաղաքապետարանից փոխանցեցին, որ աշխատանքների դադարեցումը կապ ուներ ոչ թե ծառահատումների, որի համար վարչական վարույթ էր նախաձեռնվել, այլ բացված ջրատարի պատերի անմխիթար վիճակի հետ: Այգու միջնամասով անցնող ջրատարը, որի մեջ լցվում են նաև հարևան թաղամասի կոյուղու ջրերը, ոչ միայն մաքրման կարիք ուներ, այլև՝ շինարարական ամրացման: Շինընկերությունը պատվիրատուից, այս դեպքում քաղաքապետարանից, պահանջել էր վերականգնման համար նոր լուծումներ առաջարկել, որպեսզի հնարավոր լիներ աշխատանքները շարունակել առանց նախագիծը փոխելու: Հիշեցնենք. այգու ¼ հատվածում վերակառուցման աշխատանքների շինարարական մրցույթը շահել է «Մերձմոսկովյան» ԲԲԸ ՝ 159 մլն դրամով:

Քննարկումների արդյունքում 260 մետր երկարությամբ ջրատարը խողովակների մեջ առնելու տարբերակը բացառվել է, քանի որ ստիպված կլինեին փոխել ջրի հունը, ինչն անհնար է: Որոշում է կայացվել ամրացնել ջրատարի պատերը, այնուհետև տեղադրել ծածկող կարկասն ու հողի շերտով ծածկել, որի վրա հետագայում պիտի ձևավորվի ճեմուղին: Ըստ նախագծի այգում առկա մեկ ջրավազանի վերականգնումից զատ, պետք է ևս երկուսը տեղադրվեն, ինչպես նաև նորացվեն այգու այդ հատվածը շրջափակող ցանկապատը, տնկվեն նոր ծառեր, կատարվի դեկորատիվ կանաչապատում, տեղադրվեն նստարաններ և այլն: Ըստ ծրագրի պահանջի, որպեսզի պետական աջակցությունը չչեղարկվի, շինարարը պարտավոր է աշխատանքների 70 տոկոսն իրականացնել մինչև տարեվերջ: 

«Շինարարն իր տեխնիկական հսկողությունն իրականացնողն ունի, բայց մենք էլ ենք կողքից հսկողություն անում, անընդհատ կապի մեջ ենք,-Հետք-ին փոխանցեց Գյումրու համայնքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Արմինե Սարգսյանը,-կա պայմանագիր, կա ժամանակացույց և իրենք պարտավոր են հետևել դրան: Դեռ նոյեմբերի 27-ն ենք և կարծում եմ, որպեսզի ծրագիրը չտապալվի, իրենք ուղղակի պարտավոր են էդ 70 տոկոս աշխատանքն ապահովել»:

Հարցին, թե արդյո՞ք դեկտեմբերյան ցրտերի պայմաններում հնարավոր է, օրինակ ջրավազանների կառուցման աշխատանքներ իրականացնել, տիկին Սարգսյանը պատասխանեց. «Գիտեք, հիմա էնպիսի նյութեր կան շինարարական, որ եղանակային պայմանները որոշիչ չեն դրանցով աշխատելու համար: Հիմա իրենք հանձն են առել մինչև տարեվերջ աշխատանքներ իրականացնել, հասկանալի է, որ կանաչապատում չի լինի, կմնա գարնանը, բայց շինարարական աշխատանքները պարտավոր են անել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter