Մասիս համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Համբարձումյանը կազատազրկվի
Վճռաբեկ դատարանը բեկանել է Վերաքննիչ քրեական դատարանի՝ 2026թ.-ի հունիսի 25-ի որոշումը և օրինական ուժ տվել Առաջին ատյանի դատարանի՝ 2025թ.-ի հոկտեմբերի 23-ի դատավճռին։ Դրանով Մասիս համայնքի նախկին ղեկավար, այժմ համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը դատապարտվել էր 6 տարի 3 ամիս ազատազրկման։ Վերաքննիչ քրեական դատարանը որոշել էր գործը նոր քննության ուղարկել։
Վճռաբեկ դատարանը Դավիթ Համբարձումյանի նկատմամբ նշանակված ազատազրկմանը հաշվակցել է նաև դատաքննության ընթացքում անազատության մեջ գտնվելու 10 ամիս 12 օրը և վերջնական թողել կրելու ազատազրկում՝ 5 տարի 4 ամիս 18 օր ժամկետով։ Պատժի սկիզբը հաշվվելու է Դավիթ Համբարձումյանին փաստացի արգելանքի վերցնելու օրվանից։
Վճռաբեկ դատարանը բողոքը վարույթ էր ընդունել 2026թ. հոկտեմբերի 19-ին և մոտ մեկ ամսվա ընթացքում որոշում է կայացրել։ Վճռաբեկ դատարանը, սովորաբար, ավելի երկար ժամկետում է որոշում կայացնում։ Նման արագությունը Դավիթ Համբարձումյանի փաստաբաններին և թիմակիցներին հիմք է տվել եզրակազնելու, որ նպատակը եղել է ՏԻՄ ընտրություններից առաջ ընդդիմադիր թեկնածուին չեզոքացնելը։
Հիշեցնենք՝ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ. իշխանափոխության օրերին խախտել է հասարակական կարգն ու բռնություն գործադրել ցուցարարների նկատմամբ: Մասնավորապես, ըստ մեղադրանքի՝ 2018թ․ ապրիլի 22-ին Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի բանուկ հատվածում մի խումբ անձանց հետ Դ. Համբարձումյանը դիտավորությամբ խախտել է հասարակական կարգը: Այն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով և զուգորդվել նույն օրը Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակցելու նպատակով դեպի նշված հրապարակ երթ կազմակերպած մասնակիցների նկատմամբ նախապես իրենց հետ վերցված զենքի և որպես զենք հանդիսացող առարկաների գործադրմամբ բռնություն գործադրելով և գույքը ոչնչացնելով։
Նույն քրեական գործով մեղադրանք էր առաջադրվել նաև Դավիթ Համբարձումյանի եղբորը՝ Գոռ Համբարձումյանին: Վերջինիս էլ մեղադրվում էր 2018թ․ ապրիլի 16-ին հասարակական կարգը խախտելու դիտավորությամբ խմբի կազմում բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու, առանց պատճառի Երևան քաղաքի Հերացի և Կորյուն խաչմերուկները փակած ցուցարարներին հայհոյելու, ձեռքերով ու ոտքերով նրանց հարվածելու մեջ։
2023թ. մայիսի 3-ի որոշմամբ դատարանը դադարեցրել էր Գոռ Համբարձումյանի քրեական հետապնդումը՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
2026թ. նոյեմբերի 29-ին կայանալիք Մասիս համայնքի ավագանու ընտրություններին «Կառուցող» կուսակցությունների դաշինքի թեկնածուն Մասիս համայնքի նախկին ղեկավար, ՀՀԿ-ական Դավիթ Համբարձումյանն է։ Դաշինքի կազմում երկու կուսակցություն է ընդգրկված՝ «Հայաստանի Հանրապետական» և «Իմ հզոր համայնք» կուսակցությունները։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել