HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Երեք համայնքապետ պատգամավոր Իրինա Յոլյանից պահանջում են հերքում և ընդհանուր 7 մլն դրամ փոխհատուցում

Գառնիի, Սիսիանի և Վաղարշապատի համայնքապետերը դատարան են դիմել ընդդեմ Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանի՝ ԱԺ ամբիոնից հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ։ Նրանք պատգամավորից պահանջում են հրապարակային հերքում և ընդհանուր 7 մլն դրամ փոխհատուցում վճարել։

Հայցերը վերաբերում են 2026թ.-ի  հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովում Իրինա Յոլյանի ելույթին, որի ընթացքում նա հայտարարել էր, որ համայնքների ՔՊ-ական ղեկավարները ընկերություններ են հիմնել և պետական բյուջեն մսխում են անորակ ասֆալտապատման աշխատանքների միջոցով։ Նա նաև նշել էր, որ համայնքապետերի ընտանիքի անդամները՝ քույրերը, եղբայրները, ծնողները և հորեղբայրները, ներգրավված են պետական բյուջեի մսխման մեջ։

Պատգամավորի պնդմամբ՝ ասֆալտապատման աշխատանքներն ավարտելուց ընդամենը մեկ ամիս անց ճանապարհները քանդվել են։ Նաև նշել էր, որ այդ մասին բազմաթիվ հրապարակումներ կան, սակայն Քննչական կոմիտեն և Հակակոռուպցիոն կոմիտեն համապատասխան գործողություններ չեն իրականացնում և «սերիալներ» ու «մարտաֆիլմեր» չեն նկարում։

«Որովհետև բոլորը պորտալարով կապված են իշխանության հետ»,- հայտարարել էր Իրինա Յոլյանը՝ չհրապարակելով կոնկրետ անուններ։

Համայնքապետերը պնդում են, որ այդ հայտարարություններով իրենց վերագրվել են ընկերություններ ստեղծելու, պետական միջոցները վատնելու և անորակ ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելու վարքագիծ, որոնք չեն համապատասխանում իրականությանը։

Գառնիի համայնքապետ Տիգրան Պողոսյանը պահանջում է Իրինա Յոլյանին պարտավորեցնել հայտարարությունները հերքել Ազգային ժողովի ամբիոնից՝ հերթական նիստի ընթացքում։ Եթե դա հնարավոր չլինի, ապա հերքումը պետք է տարածվի առնվազն երեք լրատվամիջոցով, որոնց յութուբյան ալիքներն ունեն առնվազն 200 հազար բաժանորդ։ Հերքումը պետք է տեսաձայնագրվի և հեռարձակվի ուղիղ եթերով։

Հայցվորը պահանջում է, որ հերքումը հրապարակվի նույն ձևաչափով, տեղակայմամբ, տառատեսակով և հաղորդման ժամով, ինչ սկզբնական տեղեկությունը, և չպարունակի որևէ այլ մեկնաբանություն կամ հավելում։ Տիգրան Պողոսյանը նաև պահանջում է 2 մլն դրամ փոխհատուցում՝ զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի համար։

Սիսիանի համայնքապետ Հովսեփ Առաքելյանը նույնպես պահանջում է իր հասցեին հնչած հայտարարությունները հերքել Ազգային ժողովի ամբիոնից։ Հերքման անհնարինության դեպքում այն պետք է տարածվի առնվազն երեք լրատվամիջոցով, որոնց յութուբյան ալիքներն ունեն առնվազն 200 հազար բաժանորդ, ուղիղ եթերով և տեսաձայնագրմամբ։

Հերքման տեքստը պետք է վերաբերի 2026 թվականի հոկտեմբերի 29-ի ելույթում Սիսիանի համայնքապետի մասին հնչեցրած հայտարարություններին, նշվի, որ դրանք կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը։ Հովսեփ Առաքելյանը ևս պահանջում է 2 մլն դրամ փոխհատուցում՝ զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի համար։

Վաղարշապատի համայնքապետ Արգիշտի Մեխակյանը դատարանից պահանջում է Իրինա Յոլյանի հայտարարությունները իր մասով զրպարտություն ճանաչել։ Պատգամավորին պարտավորեցնել վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում՝ Ազգային ժողովի ամբիոնից, հերթական նիստի ժամանակ, հրապարակայնորեն հերքել դրանք։

Ըստ պահանջի՝ հերքումը պետք է հրապարակվի նաև Իրինա Յոլյանի ֆեյսբուքյան էջում՝ բոլորի համար հասանելի եղանակով, առնվազն 10 աշխատանքային օր, կամ առնվազն 5000 տպաքանակ ունեցող տպագիր մամուլում։ Հրապարակման վերնագիրը, ըստ Մեխակյանի հայցադիմումի, պետք է լինի՝ «Ես՝ Իրինա Սամվելի Յոլյանս, զրպարտել եմ Վաղարշապատ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակի Մեխակյանին»։

Արգիշտի Մեխակյանը պահանջում է 3 մլն դրամ փոխհատուցում։

Իրինա Յոլյանի դեմ այլ համայնքապետերի հայցերը

Նույն ելույթի համար Իրինա Յոլյանի դեմ հայցեր են ներկայացրել նաև Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը,  Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը և Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը։

Տավրոս Սափեյանը պահանջում է 3 մլն դրամ, իսկ Կառլեն Մկրտչյանը՝ 2 մլն դրամ փոխհատուցում՝ հայտարարությունների հերքումից բացի։ Ահարոն Խաչատրյանը նույնպես պահանջում է հերքում և փոխհատուցում, սակայն պահանջվող գումարի չափը հայտնի չէ։ 

Վարշամ Սարգսյանն էլ պատգամավորից պահանջում է 3 մլն դրամ՝ զրպարտության համար օրենքով նախատեսված փոխհատուցման տեսքով, ինչպես նաև՝ հրապարակային հերքում։

Բացի հրապարակային հերքումից, Քաջայր Նիկողոսյանը Իրինա Յոլյանից պահանջում է 500 հազար դրամ՝ զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցման համար։

Այսպիսով, նույն ելույթի առնչությամբ պատգամավորի դեմ արդեն  համայնքի ութերորդ ղեկավարն է հայցադիմում ներկայացնում։

Գլխավոր լուսանկարում ձախից աջ՝ Իրինա Յոլյան, Տիգրան Պողոսյան, Հովսեփ Առաքելյան, Արգիշտի Մեխակյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter