«Նոր Սահմանադրության տեքստը չի կարող դուրս գալ «Իրական Հայաստանի» գաղափարախոսության շրջանակից». Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ նոր Սահմանադրության նախագծին և նշել, որ դրա շուրջ էական և մեծ աշխատանք պետք է իրականացվի։ Նախ՝ նախատեսվում է անցնել հանրային քննարկումների փուլ, որից հետո նախագիծը կշրջանառվի նաև պաշտոնական ընթացակարգերով։ «Այս տեքստի հիման վրա լրամշակումներ պետք է իրականացնենք։ Ուզում եմ ընդգծել, որ նախագիծը, իհարկե, կլրամշակվի, և գաղափարները քննարկելի են, բայց լրամշակման արդյունքում՝ նոր Սահմանադրության տեքստը չի կարող դուրս գալ «Իրական Հայաստանի» գաղափարախոսության շրջանակից։ Սա շատը կարևոր է արձանագրել։ Եվ այս շրջանակում ակնկալում եմ, որ մեր քաղաքացիները, հայրենակիցները, կազմակերպությունները, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ակտիվ քննարկումներ կիրականացնեն»,-ասել է վարչապետը։
Այդ գործընթացում նա ընդգծել է ճկուն, լայնախոհ, ներառական լինելու կարևորությունը և նշել. «Բայց, ի վերջո, ներառականությունը բոլոր հնարավոր առաջարկները մի տեղ լցնելու հետ պետք չի շփոթել։ Փաստաթուղթը պետք է ունենա որոշակի վեկտոր, աերոդինամիկա, և չի կարելի իր մեջ հակադիր պրոցեսներ ստեղծել։ Եվ սա շատ կարևոր մի նպատակ և թիրախ է, որը ոչ մի րոպե չի կարելի ուղղակի տեսադաշտից բաց թողնել»։
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը տեղեկացրել է, որ Սահմանադրության նախագծի տեքստը հրապարակվել է հատուկ այդ նպատակով ստեղծված կայքում. «Սիրելի քաղաքացիներ, կայք կարող եք այցելել yourconstitution.am, constitution.am, sahmanadrutyun.am հղումներով։ Ինչու եմ սա շեշտում, որովհետև մեր դիտարկումները և մոնիտորինգը ցույց են տալիս, որ ստեղծվում են այլ՝ ոչ պաշտոնական կայքեր, որոնցում փորձ է արվում Սահմանադրության նոր տեքստը համադրել գործող Սահմանադրության տեքստի հետ, և նաև դա արվում է արհեստական բանականության գործիքակազմ կիրառելու միջոցով, ինչի արդյունքում համեմատության մեջ են դրվում իրար չհամապատասխանող դրույթներ։ Այսինքն՝ արդյունքում ստացվում է մի իրավիճակ, որ, ըստ էության, քաղաքացին կարող է տեսնել գործող և նոր տեքստերի համադրություն, բայց այդ համադրությունը չբխի իրականությունից և կարող է խեղաթյուրված տպավորություն ստեղծել մեր քաղաքացիների մոտ։ Այդ իսկ պատճառով, օգտվելով առիթից, կրկին խնդրում եմ մեր քաղաքացիներին այցելել այն կայքը, որի մասին ես խոսեցի»։
Նախարարը նշել է, որ բացի Սահմանադրության նախագծի տեքստից, կայքում կան բաժիններ, որոնց օգնությամբ քաղաքացին ավելի հեշտ կարող է ծանոթանալ տեքստի բովանդակությանը. «Մասնավորապես՝ առանձնացրել ենք, թե ինչն է նոր նախագծում։ Ըստ համապատասխան դրույթների՝ մանրակրկիտ, շատ հանգամանալից և հասկանալի լեզվով ներկայացված է, թե ինչ նորամուծություն է պարունակում Սահմանադրության նոր տեքստը։ Եվ, իհարկե, կա հատուկ բաժին, որը վերաբերում է հայեցակարգային հիմքերին»։
Արդարադատության նախարարը տեղեկացրել է նաև, որ կայքն արդեն մոտ 400000 այցելու է ունեցել։ «Սա նախագծի նախնական տարբերակն է, մենք ունենալու ենք քննարկումների բազմաթիվ շերտեր։ Ուզում եմ կոչ անել բոլոր քաղաքացիներին՝ ոչ միայն լսել հանրային գործիչներին, այդ թվում՝ և՛ իշխանության ներկայացուցիչներին, և՛ ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչներին, այդ թվում՝ բլոգերներին, այլ նաև բացել և կարդալ նախագիծը։ Սա շատ կարևոր է, որովհետև մենք նկատում ենք, որ հանրային խոսքում կան նախագծի տրամաբանությունից էապես շեղվող դիտարկումներ»,-ասել է Սրբուհի Գալյանը և հորդորել քաղաքացիներին՝ սադրանքի չտրվել, ընթերցել նախագիծը և նոր միայն հետևություններ անել։
Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է. «Ծավալուն աշխատանք է սպասվում և, իհարկե, մենք վճռական ենք այդ աշխատանքը մինչև վերջ հասցնելու հարցում»։
Լուսանկարը՝ primeminister.am-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել