Թմրանյութ կամ ալկոհոլ օգտագործելու կասկածի դեպքում քրեակատարողական ծառայողը թեստ կհանձնի
Քրեակատարողական հիմնարկներում ծառայողների նկատմամբ կարգապահական վերահսկողության նոր մեխանիզմներ են առաջարկվում։ Փոփոխությունները վերաբերում են ոչ միայն բժշկական ստուգումներին, այլև ծառայողական քննությունների անցկացմանը, կարգապահական խախտումների գնահատմանը և տույժերի կիրառման ժամկետներին։
Բժշկական ստուգում և թմրամիջոցների թեստ՝ պարտադիր
Նախագծով քրեակատարողական ծառայողները պարտավոր կլինեն անցնել բժշկական ստուգում և որոշակի դեպքերում հանձնել ախտորոշիչ թեստեր կամ փորձանմուշներ։
Մասնավորապես, եթե հիմնավոր կասկած լինի, որ ծառայողը ծառայության է ներկայացել ալկոհոլ, թմրամիջոց կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութ օգտագործած վիճակում, նրա ղեկավարը կարող է գրավոր և պատճառաբանված պահանջ ներկայացնել՝ ախտորոշիչ թեստ հանձնելու համար։ Այդ պահանջը կատարելը կդառնա ծառայողի պարտականությունը։
Թեստ հանձնելուց հրաժարվելու կամ սահմանված պահանջները չկատարելու համար նույնպես նախատեսվում է կարգապահական պատասխանատվություն։
Մասնավորապես, կարգապահական կոպիտ խախտում կհամարվի թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի գործածումը։ Այդ արարքի համար ծառայողի նկատմամբ կարող է կիրառվել նաև «ծառայության դադարեցում» կարգապահական տույժը։
Նախագծի հեղինակները նշում են, որ գործող կարգավորումները լիարժեք չեն արտացոլում քրեակատարողական ծառայության առանձնահատկությունները։ Ներկայում ծառայողների նկատմամբ ծառայողական քննություններն անցկացվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով և Կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի թիվ 814-Ն որոշմամբ սահմանված կարգով։ Ըստ հիմնավորման՝ այդ կարգավորումները որոշ դեպքերում հնարավորություն չեն տալիս ծառայողական քննությունն անցկացնել անհրաժեշտ ամբողջականությամբ։
Առաջարկվում է ծառայողական քննություն անցկացնելու կարգը հաստատելու լիազորություն տալ Արդարադատության նախարարին։ Այդ կարգով ծառայողական քննություն իրականացնող անձը հնարավորություն կունենա նաև փորձաքննություն նշանակել։ Նախագծի հեղինակների գնահատմամբ՝ ներկայում նման լիազորության բացակայությունը երբեմն խոչընդոտում է քննության բազմակողմանի և ամբողջական իրականացմանը։
Նախագծով հստակեցվում են նաև այն կարգապահական խախտումները, որոնց համար կարող է կիրառվել ծառայությունից ազատելու տույժը։ Հիմնավորման համաձայն՝ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքը բավարար հստակությամբ չի սահմանում, թե որ խախտումների դեպքում կարելի է կիրառել այդ պատժամիջոցը։ Նոր կարգավորումներն առաջարկվում են՝ հաշվի առնելով քրեակատարողական ծառայության բնույթը։
Վարչական իրավախախտումների համար՝ կարգապահական պատասխանատվություն
Փոփոխություն է առաջարկվում նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում։ Դրա 15-րդ հոդվածով պաշտպանության, ազգային անվտանգության, պետական պահպանության, ոստիկանության և փրկարարական ծառայության մարմինների ծառայողները, զինծառայողները և զորահավաքի կանչված զինապարտները մի շարք վարչական իրավախախտումների համար պատասխանատվություն են կրում կարգապահական կարգով։ Նախագծով այդ ցանկում կներառվեն նաև քրեակատարողական ծառայողները։
Փոփոխության անհրաժեշտությունը հիմնավորվում է նրանով, որ թմրամիջոց կամ հոգեմետ նյութ գործածելը Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 44.2-րդ հոդվածով նախատեսված զանցանք է։ Հետևաբար, առաջարկվող լրացումը հնարավորություն կտա նման դեպքերում քրեակատարողական ծառայողների նկատմամբ կիրառել կարգապահական պատասխանատվություն, այդ թվում՝ ծառայությունը դադարեցնելու տույժ։
Կարգապահական տույժի կիրառման ժամկետներ
Նախագծով նախատեսվում է նաև հստակեցնել կարգապահական տույժ կիրառելու մասին որոշումը բողոքարկելու ընթացակարգերը։
Միաժամանակ սահմանվում են կարգապահական տույժ նշանակելու ժամկետները։ Ըստ առաջարկվող կարգավորման՝ կարգապահական տույժ չի կարող նշանակվել, եթե խախտումը կատարելու օրվանից անցել է մեկ տարուց ավելի։
Բացառություն է նախատեսվում այն դեպքերի համար, երբ խախտումը հայտնաբերվում է ֆինանսատնտեսական գործունեության, ֆինանսական կամ այլ արժեքների ստուգման, այդ թվում՝ գույքագրման ընթացքում։ Այս դեպքում կարգապահական տույժ կարող է կիրառվել, եթե խախտումը կատարելու օրվանից անցել է ոչ ավելի, քան երեք տարի։
Նախագծերի հեղինակների ակնկալիքով՝ փոփոխությունները կնպաստեն քրեակատարողական ծառայությունում կարգապահության ամրապնդմանը, խախտումների կանխարգելմանը և ծառայողական քննությունների առավել արդյունավետ իրականացմանը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել