HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Մասիս համայնքի ՔՊ թեկնածուն մեղադրվում է ընտրակաշառքի խոստում տալու համար, իսկ նրա հայրը՝ կոռուպցիայի մեջ

Մասիս համայնքում դեկտեմբերի 13-ին ավագանու ընտրություններ տեղի կունենան։ Առաջադրվել է երկու քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Կառուցող» կուսակցությունների դաշինքը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու ընտրացուցակն այս անգամ գլխավորում է անկուսակցական Հովհաննես Հակոբյանը։ Նա ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Մասիսի անձնագրային բաժնի պետն է և Մասիսի նախկին քաղաքապետ Սաշա Հակոբյանի որդին։

Սաշա Հակոբյանը Մասիս քաղաքը ղեկավարել է երկար տարիներ, բայց՝ ընդմիջումներով։ Նա 1999թ․-ից Մասիսի քաղաքապետն էր, այնուհետև ընտրվել է 2005թ․-ին՝ որպես ՀՀԿ թեկնածու, 2008թ․-ին պարտվել է ընտրություններում, 2012թ․-ին կրկին առաջադրվել է և հաղթել, պաշտոնավարել է մինչև 2016թ․-ը։

Մասիսի նախկին քաղաքապետի իրականացրած հողերի աճուրդների վերաբերյալ երկու հոդված ենք հրապարակել՝ 2014թ․-ին՝ «Որպեսզի աճուրդը կատարյալ լիներ»և 2015թ․-ին՝ «Մասիսի քաղաքապետի հայտարարած աճուրդում հաղթել են նրա որդին ու եղբայրը»։ Խոսքը ՔՊ-ի թեկնածու Հովհաննես Հակոբյանի մասին է։

sasha.thumb_.jpg (60 KB)Սաշա Հակոբյան

«Մասիսի քաղաքապետի որդին՝ Հովհաննես Հակոբյանն, այդ օրը 4 հողակտոր է գնել: Նույն տարվա մեջ հայտարարված մեկ այլ աճուրդով նա եւս 2 լոտ հող է ձեռք բերել: Քաղաքապետի հետ նույն հասցեում բնակվող Կարապետ Հակոբյանը նույնպես գնել է 4 հողակտոր: Եվս 2 լոտ հողատարածք գնել է քաղաքապետի եղբայրը՝ Միշա Հակոբյանը»,- գրել ենք հոդվածում:

Նշենք, որ քաղաքապետը 2014թ. միայն մայիսի 15-ի աճուրդում հողերը վաճառքի էր դրել կադաստրային արժեքի 50%-ով:

Իշխանափոխությունից հետո՝ 2019թ. դեկտեմբերին, Սաշա Հակոբյանի դեմ քրեական գործ է հարուցվել պաշտոնավարման շրջանում առերևույթ հանցավոր չարաշահումների առթիվ։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։ 2023թ. մայիսից քրեական գործը քննվում է Հակակոռուպցիոն քրեական դատարանում և դեռևս դատավճիռ չի կայացվել։

Ըստ մեղադրանքի՝ 2007 թ. դեկտեմբերի 27-ին Սաշա Հակոբյանը ավագանու քննարկմանն է ներկայացրել Մասիս քաղաքի Ազատամարտիկների 11 հասցեում գտնվող 599,7 քմ մակերեսով «Սիս» ՓԲԸ-ի նախկին վարչական շենքն ու դրանով ծանրաբեռնված 385 քմ մակերեսով հողատարածքը, Մասիս քաղաքի Ազատամարտիկների 11/1 հասցեում գտնվող 244.5 քմ մակերեսով «Սիս» ՓԲԸ–ի վարչական շենքի պահեստն ու դրանով ծանրաբեռնված 299 քմ մակերեսով հողատարածքը ավագանու անդամ, «Սիս» ՓԲԸ-ի տնօրեն Արմեն Բաղդասարյանին նվիրատվությամբ հատկացնելու համար: Ավագանու նիստի ժամանակ Արմեն Բաղդասարյանին ներկայացրել է որպես սոցիալապես անապահով և ավագանու նույն օրվա որոշումներով շենքերը նվիրատվությամբ հատկացրել են Արմեն Բաղդասարյանին:

Այնուհետև՝ Մասիս քաղաքի Ազատամարտիկների 11 հասցեում գտնվող վարչական շենքերն Արմեն Բաղդասարյանի անվամբ հաշվառելու համար՝ 11.02.2008թ․-ին ավագանու քննարկմանն է ներկայացրել նույն հասցեներում գտնվող 385 քմ մակերեսով և 244.5 քմ մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասերն ուղղակի վաճառքի միջոցով Արմեն Բաղդասարյանին օտարելու հարցը, որի վերաբերյալ նույն օրը ավագանին որոշում է կայացրել:

15.02.2008թ․-ին հիշյալ գույքերը, որոնց ընդհանուր արժեքը 48.160.000 դրամ է, գրանցվել են Արմեն Բաղդասարյանի անվամբ։ Ընդ որում, 385 քմ մակերեսով հողատարածքի գնման պայմանագրով սահմանված գումարը Սաշա Հակոբյանն է տրամադրել Արմեն Բաղդասարյանին:

Ազատամարտիկների 11/1 հասցեում գտնվող 244.5 քմ մակերեսով «Սիս»  ՓԲԸ–ի նախկին վարչական շենքի պահեստն ու դրանով ծանրաբեռնված 299 քմ մակերեսով հողատարածքը, որի ընդհանուր արժեքը 8.960.000 դրամ է, թողել է Արմեն Բաղդասարյանին՝ իրեն աջակցելու համար: Նկարագրված պայմանավորվածության արդյունքում 2008թ․ փետրվարի 28-ին Արմեն Բաղդասարյանը Սաշա Հակոբյանի պահանջով առուվաճառքի պայմանագրով նշված վարչական շենքն ու հողամասը, որի իրական արժեքը կազմել է 39.200.000 դրամ, ընդամենը 1.000.000 դրամով վաճառել է Սաշա Հակոբյանի խորհրդական Ռոբերտ Ղևոնդյանին:

«Իր կատարած հանցանքի համար պատասխանատվությունից խուսափելու, հափշտակված առանձնապես խոշոր չափերի գույքի ծագման աղբյուրն ու պատկանելիությունը թաքցնելու համար Սաշա Հակոբյանը Մասիս քաղաքի Ազատամարտիկների 11 հասցեում գտնվող գույքը 2008թ․-ից ձևականորեն թողել է Ռոբերտ Ղևոնդյանի անվամբ մինչև 2017թ․-ի նոյեմբերի 7-ը, երբ արդեն չի հանդիսացել Մասիս քաղաքային համայնքի ղեկավար։ 2017թ․-ի նոյեմբերի 7-ին Սաշա Հակոբյանի հանձնարարությամբ Ռոբերտ Ղևոնդյանը նշված շենքն իր հողամասով հավասարաչափ բաժիններով նվիրատվությամբ օտարել է Սաշա Հակոբյանի որդուն՝ Անդրանիկ Հակոբյանին և Սաշա Հակոբյանի գործընկեր Արմեն Սարգսյանի եղբայր Ալիկ Սարգսյանի դստերը»,– ասվում է մեղադրական եզրակացության մեջ։

Մասիս համայնքի ՔՊ-ական թեկնածու Հովհաննես Հակոբյանի վերաբերյալ նույնպես Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ընտրակաշառք խոստանալու փաստի առթիվ։ 2026թ․-ի հոկտեմբերին համացանցում մի տեսանյութ էր տարածվել, որտեղ Հովհաննես Հակոբյանը փոքր տղային հեռախոս է խոստանում, ինչը քննադատությունների և նախընտրական կաշառքի վերաբերյալ քննարկումների առիթ էր դարձել։ ՔՊ կուսակցության Մասիսի համայնքապետի թեկնածուն նոյեմբերի 18-ին լրագրողներին հայտնել էր, որ երեխային ընտրակաշառք խոստանալու գործով դեռևս չի հարցաքննվել։

Ընդդիմության թեկնածուն համայնքի նախկին ղեկավարն է, նա դատապարտվել է ազատազրկման

«Կառուցող» կուսակցությունների դաշինքի թեկնածուն Մասիս համայնքի նախկին ղեկավար, ՀՀԿ–ական Դավիթ Համբարձումյանն է։ Դաշինքի կազմում երկու կուսակցություն է ընդգրկված՝ «Հայաստանի Հանրապետական» կուսակցությունը և «Իմ հզոր համայնք» կուսակցությունը։ Մասիսը միակ համայնքն է, որտեղ 2026թ․–ի ավագանու ընտրություններին ՀՀԿ-ն մասնակցում է։

l-2QVJt3PgjN.jpg (47 KB)Դավիթ Համբարձումյան

2021թ․ մարտին գրանցված «Իմ հզոր համայնք» կուսակցությունը նույն թվականից մասնակցում է ՏԻՄ ընտրություններին և դիրքավորվում է որպես ընդդիմություն։ Մասնակցել է Կոտայքի, Լոռու և Արարատի մարզերի մի շարք համայնքներում և Գյումրիի 2025թ․ մարտին տեղի ունեցած արտահերթ ընտրություններին: Կուսակցության նախագահը Արարատի մարզի Սիսավան համայնքի երկարամյա ղեկավար Սպարտակ Թաթիկյանն է։

Դավիթ Համբարձումյանն առաջին անգամ Մասիսի քաղաքապետ է ընտրվել 2016թ․ սեպտեմբերին։ Այնուհետև, 2021թ․-ին ՏԻՄ համամասնական ընտրակարգով անցկացված ընտրությունների ժամանակ առաջադրվեց «Դավիթ Համբարձումյան» դաշինքով (Ռեֆորմիստների կուսակցություն և «Իմ հզոր համայնք») և ընտրվեց Մասիս խոշորացված համայնքի ղեկավար։ Նրա գլխավորած դաշինքը ստացավ ընտրողների 52,59% ձայները և ունի 14 մանդատ։ ՔՊ-ն ստացավ 13 մանդատ։

2018թ․-ի իշխանափոխությունից հետո Դավիթ Համբարձումյանի դեմ քրեական գործ էր հարուցվել՝ 2018թ․ ապրիլի 22-ին Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում մի խումբ անձանց հետ դիտավորությամբ հասարակական կարգը խախտելու համար։ Ըստ դատավճռի՝ նա 2018թ․ ապրիլի 22-ին Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի բանուկ հատվածում մի խումբ անձանց հետ, դիտավորությամբ, կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք և զուգորդվել նույն օր՝ ժամը 19։00-ի սահմաններում, Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակցելու նպատակով դեպի նշված հրապարակ երթ կազմակերպած մասնակիցների նկատմամբ նախապես իրենց հետ վերցված զենքի և որպես զենք հանդիսացող առարկաների գործադրմամբ բռնություն գործադրելով և գույքը ոչնչացնելով։

Վերաքննիչ քրեական դատարանի 2025թ. հոկտեմբերի 23-ի դատավճռով Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց 6 տարի 16 օր ժամկետով ազատազրկման։ Մասիս համայնքի ղեկավարի լիազորությունները 2025թ․ նոյեմբերի 6-ին դադարեցվել են։ Համայնքի գործող ղեկավար Նորայր Հակոբյանը 2026թ․ հուլիսի 29-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Դավիթ Համբարձումյանը նշանակվել է Մասիս համայնքի ղեկավարի խորհրդական։

Այս քրեական գործի քննությունը դեռևս չի ավարտվել, Վճռաբեկ դատարանի քրեական պալատը 2026թ․ հոկտեմբերի 19-ին վարույթ է ընդունել նրա պաշտպանների և գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքները։ Որոշումը հրապարակելու օրը հայտնի չէ։

Գլխավոր լուսանկարում՝ Հովհաննես Հակոբյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter